Դմիտրի Տրենին, «Ուժերի նոր բալանս. Ինչպիսի՞ արտաքին քաղաքականություն է որդեգրելու Ռուսաստանը», ռուսերենից թարգմանեց Մ.Հակոբյանը, «Նյումեգ», 432 էջ, 2022թ.:
Ռուսաստանը 2014-ից նկատելիորեն ակտիվացրեց իր արտաքին քաղաքականությունը, բայց հստակ ռազմավարություն դեռ տեսանելի չէ:
ԽՍՀՄ տարիներին Մոսկվան ԱՄՆ-ի հետ մրցում էր ամբողջ աշխարհում ազդեցություն հաստատելու համար, 1991-ից մի պահ փորձում էր դառնալ Արեւմուտքի մաս: Ռուսաստանին պե՞տք է կրկին դառնալ գերտերություն, ինչպե՞ս հավասարակշռել ներքին հնարավորություններն ու արտաքին ակտիվությունը, ինչպե՞ս կառուցել հարաբերություններն անմիջական հարեւանների հետ, ԱՄՆ-ի եւ Արեւմտյան Եվրոպայի հետ կա՞ն հատման կետեր:
Ռուսաստանցի միջազգայնագետ Դմիտրի Տրենինն այս գրքում դիտարկում է այն հիմքերը, որոնց վրա կառուցվում են Ռուսաստանի հարաբերություններն այլ երկրների հետ: Ամփոփ ներկայացվում է Մոսկվայի արտաքին քաղաքականությունը Միխայիլ Գորբաչովի, Բորիս Ելցինի եւ Վլադիմիր Պուտինի կառավարման տարիներին:
Վերլուծելով ոչ վաղ անցյալի հաջողությունները, ձախողումները եւ սխալները՝ հեղինակն առաջարկում է մտորել, թե արագ փոփոխվող աշխարհում Ռուսաստանն ինչպես պետք է ինքնուրույն ու հավասարակշռված արտաքին քաղաքականության ռազմավարություն կառուցի:
Գիրքը հասցեագրված է ոչ միայն արտաքին քաղաքական հարցերի փորձագետների համայնքին, գիտնականներին, գործնականում արտաքին քաղաքականությամբ զբաղվողներին ու ուսանողներին, այլեւ լայն հասարակությանը՝ բոլոր նրանց, ովքեր այս կամ այն կերպ հետաքրքրված են պետության արտաքին քաղաքականությամբ: