Վասակ Դարբինյան, «Վանոյի հետ եւ առանց Վանոյի», գեղարվեստական հուշապատում, «Մագաղաթ», 2019թ.:
Գրքի հեղինակի զրուցակիցները պատմում են մեր ժամանակների ամենաերեւելի անհատականություններից մեկի՝ գրող, քաղաքական եւ պետական գործիչ, վտարանդի Վանո Սիրադեղյանի մասին:
Գլխավոր հերոսի շուրջ հյուսված պատմությունները, նրա կերպարի բացահայտումները յուրօրինակ միջոց են՝ ներկայացնելու վերջին տասնամյակների հայ իրականությունը, Հայաստանի գրական ու քաղաքական մթնոլորտը, երկու հասարակարգերի բախումը եւ, որպես այդ բախման հետեւանք, բարոյական եւ հոգեբանական ավերածությունները, հնարավոր ու անհնար բոլոր աղետները հաղթահարելու նպատակասլացությունը, այս ամենն իր ճակատագիրը համարող անհատի կյանքը՝ անսպասելի ու աներեւակայելի շրջադարձերով:
Հարցազրույցներից մեկում հեղինակը Վանո Սիրադեղյանին բնորոշել է, որպես մեր ժամանակի եւ մեր իրականության խորհրդանիշ: «Նա է սերնդի հավաքական ու բնութագրական կերպարը՝ իր շիտակությամբ եւ ուղղամտությամբ, տաղանդով եւ կենսասիրությամբ, գայթակղություններով եւ թուլություններով, հզորությամբ եւ խոցելիությամբ: Եվ, իհարկե, շուրջ երկու տասնամյակ Հայաստանից իր բացակայությամբ»,- ասել է Վասակ Դարբինյանը:
Գիրքը բաղկացած է հինգ բաժնից եւ հավելվածից: