Մարիամ Մարգարյան, «Քաղաքական արդիականացման հրամայականները Հայաստանի Հանրապետությունում», մենագրություն, 2019թ.:
Հեղինակը համակողմանիորեն ուսումնասիրել է քաղաքական արդիականացման քաղաքակրթական չափումը՝ որպես ռազմավարական կառավարման ապահովման հիմք: Հիմնավորված է այն մոտեցումը, որ «թավշյա հեղափոխության» հաղթանակից հետո ՀՀ քաղաքական համակարգի բնականոն արդիականացման գործընթացի իմաստավորումը պահանջում է իրականացնել գիտավերլուծական կառավարում՝ հենվելով համախմբագիտության սկզբունքների վրա:
Ելակետային այս դիրքորոշմամբ վերարժեւորված է հայ քաղաքական մտքում ձեւավորված եւ ժամանակի մարտահրավերներին դիմակայած «Հոգեւոր Հայաստանի» գաղափարը: «Հոգեւոր Հայաստանի» գաղափարն այն տեսլականն է՝ արժեքաբանական ուղենիշը, որը կարող է դառնալ քաղաքական ինստիտուտների կառավարման ոգեղենությունն ապահովող խթան: Հայկական քաղաքակրթության կենսունակության բարձրացման առումով հիմնավորված է Գրիգոր Նարեկացու գոյաբանական եւ իմացաբանական հայեցակարգերի այժմեականացման հրամայականը:
Հեղինակը համոզված է, որ նմանoրինակ մոտեցմամբ Հայաստանի Հանրապետությունը, քաղաքական արդիականացման արդի հրամայականներին համահունչ, կկարողանա ինքնորոշվել եւ կառուցել ժողովրդավարական, ինքնիշխան, սոցիալական, իրավական պետություն՝ Տունը Հայոց:
Մենագրությունը նախատեսված է քաղաքական գործիչների, քաղաքական վերլուծաբանների ու փորձագետների, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի եւ ՀՀ այլ բուհերի ուսանողների, ասպիրանտների, դասախոսների, ինչպես նաեւ քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող երիտասարդության համար: