«Մարող լույսի ժամանակներում», Օյգեն Ռուգե, գեղարվեստական, թարգմանությունը՝ Մարիամ Գուրզադյանի, 364 էջ, «ՆյուՄեգ», 2022թ.:
Բեռլինը գրեթե կես դար Արեւելքի ու Արեւմուտքի բաժանած պատը մոտ է փլուզմանը։ Թվում է՝ այդ դարակազմիկ իրադարձությունը պետք է միավորեր բաժանարար պարսպի հակադիր կողմերում հայտնված ընտանիքներին, բայց պատերն արդեն մարդկանց ներսում են։ Գերդաստանի 4 սերունդները հայտնվել են այդ պատմական բաժանումների ու միավորումների արանքում։
Պապն ու տատը անդրդվելի կոմունիստներ են, որոնք նախ՝ արտագաղթել են Մեքսիկա, բայց վերադարձել՝ նոր Գերմանիայի կառուցմանը մասնակցելու։ Որդին վերադարձել է ռուս կնոջ եւ աքսորավայրի հիշողությունների հետ։ Բեռլինի պատի փլուզումից անմիջապես առաջ թոռն Արեւելյան Գերմանիայից փախչում է Արեւմտյան Գերմանիա։
ԳԴՀ-ում անցկացրած կյանքը ծոռան համար պարզապես մանկան հուշ է։ Ինչպե՞ս ապրել փլուզումների ու միավորումների, ճնշող կարգախոսների, հակամարտ գաղափարախոսությունների, սերունդների հակասությունների պայմաններում։ Ինչպե՞ս մեռնել արժանապատվորեն:
«Մարող լույսի ժամանակներում» դեբյուտային վեպը գրվել է 2011-ին եւ արժանացել բազմաթիվ մրցանակների։ 2013-ին այն բեմադրել է Բեռլինի թատրոնը։ Գրքի հիման վրա 2017-ին նկարահանվել է համանուն կինոնկարը: