Աննա Աստվածատուրյան Թերքոթի, «Արտաքսում. Դեպի անհայտություն», 380 էջ, հուշապատում, անգլերենից թարգմանությունը՝ Անուշ Մուրադյանի, Նյումեգ, 2022թ.:
Ինչպե՞ս 8 տարեկան աղջնակը դարձավ վայրագության ամենադաժան դրսեւորումների ականատեսը։ 1988 թվականին Բաքվում հայատյացության ահագնացող ալիքը սրբեց-տարավ համակեցության եւ մարդկային կարեկցանքի մասին բոլոր առասպելները։
Աննա Աստվածատուրյան Թերքոթն այս գրքում Բաքվի ջարդերի, բնաջնջման եւ ազգային հողի վրա բռնության մասին պատմում է առաջին դեմքից։ 8-ամյա աղջնակի հիշողության մեջ դաջվում են բոլոր մանրամասները։ Այս պատմությունը ներկայացնում է հայ ժողովրդի ողբերգական էջերից մեկը՝ մի ընտանիքի օրինակով։
Խեղված ճակատագրերի, հայրենիքում օտար լինելու եւ օտարության մեջ տուն փնտրելու մասին պատմող գիրքը տարիներ առաջ դեռահասի օրագիր էր։ Այն նախ գրվեց՝ ընտանիքում եղած լուռ ցավը հաղթահարելու համար, հետո դարձավ գիրք. ադրբեջանական վայրագությունները՝ փախստական աղջնակի աչքերով։
Սա գիրք-հիշեցում է՝ ադրբեջանական վայրագությունների, փախստականի ծանր կյանքի եւ վերաիմաստավորված արժեքների մասին. «Իրականում դա մի ընտանիքի պատմություն է՝ կրկնելով հազարավորներինը, սա փաստորեն պատմական փաստաթուղթ, ականատեսի վկայություն, վավերագիր է»,- ընդգծում է գրքի թարգմանիչը:
Նման բովանդակություն ունեցող գրքերը չափազանց կարեւոր ուղերձ են փոխանցում սերունդներին: Սումգայիթում, Բաքվում եւ Մարաղայում կատարվածը մնաց անպատիժ: Մեկ այլ դիպաշարով, բայց նույն ընդգծված հայատյացությամբ պատմությունը կրկնվում է տասնամյակներ անց: Այն, ինչ տեսել են հայերն Ադրբեջանում եւ այն, ինչ տեսնում են նրանց սերունդներն Արցախում ու Հայաստանում, փաստում է՝ Ադրբեջանը խորացնում է հայատյաց պետական քաղաքականությունը: