Թոմ Հենքս, «...Այն, ինչ զգում է իմ սիրտը», գեղարվեստական արձակ, թարգմանությունը՝ Ռուզան Ազիզյանի, «Բուկինիստ», 2019 թ.
Ամերիկացի հանրահայտ դերասանը, կինոռեժիսորը, պրոդյուսերն ու սցենարիստը նաեւ լավ գրող է։ Թոմ Հենքսի գրական ստեղծագործությանն առաջին անգամ մայրենիով ծանոթացող հայ ընթերցողը կհամոզվի, որ նա տաղանդավոր է ոչ միայն կինոյի, այլեւ գրականության ասպարեզում։
Նրա՝ հումորով թաթախուն, բարի զգացումներ արթնացնող պատմվածքներն արժանացել են ոչ միայն ամերիկացի, այլեւ տարբեր երկրների ընթերցողների համակրանքին՝ դրանցում սարոյանական շունչ է զգացվում: Ի դեպ, մեր նշանավոր հայրենակցի նման, Հենքսն էլ գրամեքենայի մեջ ինչ-որ արտասովոր խորհուրդ ու գեղեցկություն է տեսնում, որն արտացոլում է նրա մի շարք պատմվածքներում։
Ժողովածուն մարդկային հոգեբանության մասին է։ Դրանում ամփոփված բոլոր 17 պատմվածքներում, որոնք առանձնանում են մարդկային հոգու խորքերը տեսնելու ունակությամբ, ուրույն ոճով ու ասելիքով, դուք չեք գտնի կինոյին կամ կինոաշխարհին առնչվող ոչ մի տող։ Այնպես որ, «…Այն, ինչ զգում է իմ սիրտը» գրքի ենթատեքստում պետք չէ փնտրել ռեժիսորի կամ դերասանի. հեղինակն ուղղակի գեղարվեստական արձակ է գրել՝ ներդնելով իրերի ու երեւույթների ներքին շերտերն ուսումնասիրած գիտակ մարդու զգացողությունները, փորձառությունն ու ապրումները։
Մի խոսքով՝ թղթին է հանձնել այն ամենը, ինչ զգում է իր սիրտը...