26.11.2024

Интервью

Միքայել Զոլյան. «Առայժմ իշխանությունը բավական հաջող է օգտագործում բանակն ու եկեղեցին իր դեմքը փրկելու համար»

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

- Պարոն Զոլյան, վերջերս ձեր հարապարակումներից մեկում խոսք եղավ հասարակության համար վստահելի կառույցների մասին, նշվեց, որ եկեղեցին եւ բանակը անհամեմատ ավելի հասարակական վստահություն ունեն: Ինչո՞վ է, ըստ ձեզ, պայմանավորված այս երկու կառույցների նկատմամբ վստահությունը:

- Այստեղ մի քանի գործոն կա։ Նախ, երբ խոսում ենք սոցիոլոգիական հարցումների մասին, պետք է հասկանալ, որ դրանք հաճախ արտահայտում են ոչ թե այն, ինչ մարդն իրապես մտածում է, այլ այն, ինչ ընդունված է ասել տվյալ հասարակության մեջ։ Մեր հասարակության մեջ ընդհանրապես ընդունված չէ բանակի ու եկեղեցու մասին բացասական բան ասել, դրանք սակրալ բնույթ ունեն։ Պատճառը, թերեւս, այն է, որ այս երկու կառույցները սերտորեն կապված են մեր ազգային ինքնության հետ։ Եկեղեցին ներկայացվում է որպես վերջին դարերի ընթացքում հայ էթնիկ ինքնության հիմնական պահապան, եւ Սփյուռքում մինչեւ այժմ էլ ինչ-որ չափով կատարում է այդ առաքելությունը։ Իսկ բանակն ընկալվում է իբրեւ վերականգնված ազգային անկախության եւ արցախյան հաղթանակի խորհրդանիշ։ Այս ամենի պատճառով նա, ով քննադատում է բանակն ու եկեղեցին, կարող է ընկալվել որպես «ոչ-հայրենասեր», «վատ հայ» եւ այլն։ Սա՝ մեկ։ Մյուս գործոնն այն է, որ, ի տարբերություն, օրինակ, նախագահի կամ ԱԺ-ի, բանակն ու եկեղեցին պատասխանատվություն չեն կրում երկրում ընդհանուր իրավիճակի համար։ Երբ գները բարձրանում են կամ նոր հարկերի պատճառով կրճատվում է մարդու աշխատավարձը, դրա պատասխանատվությունը հանրային գիտակցության մեջ ընկնում է գործող իշխանության վրա, այլ ոչ թե` եկեղեցու կամ բանակի։

- Տրամաբանական է, որ իշխանությունները որդեգրել են այս երկու կառույցները հենց «իշխանության դեմքը» փրկելու կամ դրանց հետ նույնացնելու նկատառումով: Սա ի՞նչ մեխանիզմներով է մատուցվում հանրությանը, եւ արդյո՞ք հասարակության ընկալումները բացասական իմաստով հետզհետե կփոխվեն այս կառույցների նկատմամբ: 

- Առայժմ իշխանությունը բավական հաջող է օգտագործում բանակը եւ եկեղեցին իր հեղինակությունը բարձրացնելու համար։ Ճիշտ է, գուցե դա աշխատում է ոչ այնպես, ինչպես կուզենային, բայց, միեւնույն է, աշխատում է։ Բացատրեմ միտքս։ Այսինքն` երբ իշխանության ներկայացուցիչը հանդես է գալիս, օրինակ, խաչքավորի դերում, դրանից նրա հանդեպ մարդկանց վստահությունը չի ավելանում, բայց ստեղծվում է տպավորություն, որ այս ոլորտում էլ «իշխանության դեմ խաղ չկա», այսինքն` դա բերում է իշխանությունների «ամենազորության» ընկալմանը։ Այսօր Հայաստանում մարդիկ չեն բողոքում իշխանության դեմ ոչ թե որովհետեւ գոհ են նրանից կամ վստահում են նրան, այլ որովհետեւ բողոքն անիմաստ են համարում։ Երբ նրանք տեսնում են եկեղեցու, բանակի եւ իշխանության սերտաճումը, այդ զգացումն ավելի է խորանում։ Սա մեկ գործոն։ Երկրորդ գործոնն այն է, որ իշխանությունն այսօր փորձում է իր քննադատներին ներկայացնել որպես «ապազգային», «դրսից հովանավորվող» եւ այլն։ Երբ մարդիկ սկսում են քննադատել իշխանության ու բանակի, կամ իշխանության ու եկեղեցու սերտաճումը, դա ներկայացվում է որպես նրանց «ապազգային բնույթի» վկայություն։ 

- Այսօրվա Հայաստանի հասարակությունն ունա՞կ է ճիշտ եւ առարկայորեն ընկալել իշխանական նման մարտավարությունները:

- Դժվար է ասել։ Մի կողմից` հայ հասարակության մեջ իշխանության հանդեպ վստահությունը շատ փոքր է։ Բայց միեւնույն ժամանակ մեր հասարակության քաղաքական գիտակցության մակարդակը զգալապես ցածր է։ Արդյունքում հասարակությունը, այսպես ասած, բնազդաբար գլխի է ընկնում է, որ այս ամենում խաբեություն կա, բայց չի կարողանում հստակ այլընտրանք սահմանել։ Հետեւապես դիմադրությունը կրում է կրավորական բնույթ՝ արտահայտվում է արտագաղթով, ինչը, իրականում ձեռնտու է իշխանությանը` որոշ սահմաններում իհարկե։ Ավելին` իշխանությունների հանդեպ բացասական վերաբերմունքը տարածվում է ընդհանուր առմամբ պետականության, երկրի վրա, ինչն իր հերթին ավելի է նպաստում թե՛ արտագաղթին, թե՛ քաղաքական պասիվությանը։ Ինչ վերաբերում է հանրության, այսպես ասած, առավել ակտիվ հատվածին՝ քաղաքական ուժեր, քաղաքացիական ու քաղաքական ակտիվիստներ, ապա այստեղ եւս քիչ ակտիվություն կա եւ առկա է հուսահատություն ու փոխադարձ անվստահություն։ Սա մասամբ արդյունք է նրա, որ նախկինում եղած նախաձեռնություններն ու ակցիաները արդյունք չեն տվել, մասամբ էլ` նրա, որ իշխանությունը գիտակցաբար աշխատում է այդ ուղղությամբ։ Իշխանության համար դա բավականին հեշտ է անել, քանի որ իշխանությունը վերահսկում է ֆինանսավորման գրեթե բոլոր աղբյուրները։ Որեւէ մեկը, ով այսօր փորձի զբաղվել քաղաքականությամբ կամ պետք է պրո-իշխանական աղբյուրներից փող վերցնի, կամ կմնա առանց փողի, ինչի արդյունքը մարգինալացումն է։ Այս պայմաններում հնարավոր է «այլախոհություն», հնարավոր են ՀԿ-ներ (որոնք եւ առկա են Հայաստանում), բայց ոչ քաղաքական պայքար։ Իհարկե, այս ամենով հանդերձ` միանգամայն հնարավոր են բողոքի տարերային գործողություններ։ 

- Իրանում տեղի ունեցող իրադարձությունները համարո՞ւմ եք նաեւ ինքնության կամ ինքնաճանաչման խնդիր իրանական հասարակության համար, որտեղ գործում է կրոնական ռազմականացված համակարգ: 

- Իրանում տեղի ունեցող գործընթացները բավական բարդ են։ Մեզ մոտ, ցավոք, բողոքի ցանկացած ակցիաներ այլ երկրներում հաճախ ներկայացվում են որպես դրսից հրահրված, գաղտնի ծառայությունների գործողությունների արյդունք։ Սա ունի մի քանի պատճառ։ Նախ` դա ձեռնտու է ավտորիտար պետությունների իշխանություններին, եւ անմիջականորեն խրախուսվում է նրանց կողմից։ Պատահական չէ, որ այդ նույն բացատրությունը Իրանի դեպքերի առթիվ տալիս էին, օրինակ, Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն եւ որոշ ռուսական ու հայկական ԶԼՄ-ներ։ Բացի դրանից, մեր հասարակությունն ընդհանրապես հակված է դավադրության տեսություններին հավատալուն։ Իսկ ի՞նչ է տեղի ունենում իրականում։ Իհարկե, պարզ է, որ Իրանի հակառակորդ երկրները փորձելու են օգտվել այս ամենից, բայց, որքան կարող ենք դատել Իրանից եկող լուրերից, այս դեպքերի հետեւում կանգնած է շատ բարդ ներքին իրավիճակը։ Այստեղ կա լուրջ ներքին հակամարտություն, ինչպես հասարակության եւ համակարգի, այնպես էլ քաղաքական վերնախավի ներսում։ Սովորաբար խոսում են առնվազն երկու, երբեմն նաեւ չորս խմբի մասին՝ ազատական-բարեփոխիչներ, պրագմատիկ-կենտրոնամետներ, պահպանողականներ եւ արմատական պահպանողականներ։ Բացի դրանից, կան մարդիկ, ովքեր առհասարակ չեն ընդունում իսլամական համակարգը, բայց նրանք դուրս են մղված քաղաքական կյանքից։ Եթե դրան գումարենք էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունները, որոնց ներսում ընթանում է կենտրոնաձիգ ու անջատողական ուղղությունների պայքար, պարզ է դառնում, թե ինչ բարդ իրավիճակ է տիրում։ Այս հակասությունները ժամանակ առ ժամանակ սրվում են` հանգեցնելով զանգվածային բողոքների, օրինակ` 1999, 2003, 2009 թվականներին։ Ճիշտ է, վերջին զարգացումները, նախորդ շարժումների համեմատ, որոշ առանձնահատկություններ ունեն, մասնավորապես` դրանք կրում են վառ արտահայտված սոցիալական բնույթ, եւ դրանց հիմնական կենտրոնները Թեհրանից դուրս էին։ Բացի դրանից, առաջին բողոքների հետեւում հավանաբար կանգնած են պահպանողականները, մասնավորապես` նախագահի նախկին թեկնածու Ռայիսիի մերձավոր իմամ Ամալհոդան, պարզապես հետո իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից, եւ բողոքներն ուղղվեցին ողջ համակարգի դեմ։ 

- Ի՞նչ եք կարծում, մեր հասարակությունն ունի՞ սեփական ինքնությունը գտնելու կամ հաստատելու խնդիր: Ի՞նչ զուգահեռներ կարող եք անցկացնել Իրանում վարված քաղաքականության հետ:

- Այո, չնայած այդ համեմատությունների մեջ պետք է զգույշ լինել։ Պետք է նախ նշել, որ երկու երկրների քաղաքական համակարգերը տարբերվում են։ Հայաստանը ստանդարտ ավտորիտար երկիր է, իսկ Իրանի քաղաքական համակարգը շատ յուրահատուկ է, այդտեղ կան թե՛ ավտորիտարիզմի, թե՛ ժողովրդավարության, թե՛ ամբողջատիրության տարրեր։ Այդ տարբերություններով հանդերձ` նմանություն կա հետեւյալ առումով. երկու դեպքում էլ կա ծանր սոցիալ-տնտեսական վիճակ, երկու դեպքում էլ հանրությունը դրանում մեղադրում է քաղաքական վերնախավին, երկու դեպքում էլ չի տեսնում այդ վիճակը խաղաղ ճանապարհով փոխելու ելքեր։ Մի բան, որ կա Իրանում, բայց չկա մեզ մոտ, վերնախավի ներսում առկա հակամարտությունն է։ Սակայն, դա կարող է առաջանալ՝ կապված խորհրդարանական հանրապետության անցման եւ Սերժ Սարգսյանի իշխանության պահպանման հետ։ Մյուս կողմից` կա մի գործոն, որն ուժեղ է Հայաստանում եւ թույլ է Իրանում՝ արտագաղթի կամ «խոպանի» գործոնը։ Այն բավական թուլացնում է սոցիալական լարումը, ինչի շնորհիվ էլ Հայաստանում դժվար է պատկերացնել բողոքներն այն ձեւով, որոնք տեղի ունեցան Իրանում։ Ամեն դեպքում, իհարկե, Իրանի իրադարձությունները պետք է դաս լինեն մեր իշխանություններին հետեւյալ առումով. մարդիկ կարող են հաշտվել քաղաքական ազատությունների բացակայության հետ, երբ ապրում են համեմատաբար բարգավաճ պայմաններում։ Բայց երբ չկա ո՛չ քաղաքական ազատություն, ո՛չ սոցիալ-տնտեսական փոքրիշատե բարվոք վիճակ, դա կարող է շատ վտանգավոր լինել։

Հարցազրույցը վարեց
Գեւորգ Ղահրամանյանը

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.