26.11.2024

Интервью

Գեղամ Բաղդասարյան. «Անհարկի գրգռված երեւակայություն է պետք՝ այս ամենում դավադրություն տեսնելու համար»

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 
Մեր զրուցակիցը Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ, «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանն է

- Պարոն Բաղդասարյան, օրերս ԱԺ ամբիոնից հնչած հայտարարությունները, թե տարկետման սահմանափակման դեմ ուսանողության բողոքի գործողությունները կապված են Սորոսի հիմնադրամի հետ, ըստ Ձեզ, որքանով են հիմնավոր: Ինչ եք կարծում՝ ո՞րն էր այդ ելույթի նպատակը:

- Առաջին տպավորությամբ՝ դրա նպատակը ուսանողական շարժման քաղաքականացումն ու վարկաբեկումն է։ Բայց ստացվեց հակառակը։ Մեր քաղաքական դաշտում կան մարդիկ, որոնց վարկաբեկող ելույթները հակառակ էֆեկտն են տալիս՝ բարձրացնում են այս կամ այն երեւույթի կամ մարդկանց վարկը, քանի որ շատ ավելի տհաճ կլիներ, եթե նման մարդիկ իրենց գովեին։ Այնպես որ, առանձնապես չեմ մտահոգվել այդ օրվա պարզունակ «փուչիկային» ելույթից։

Առավել եւս, որ ոչ ոք չի տուժել՝ ոչ ուսանողական շարժումը, ոչ իմ գլխավորած «Հանրային օրակարգ» ՀԿ-ն եւ ոչ էլ «Բաց հասարակություն Հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպությունը, որի ավանդը Հայաստանի քաղաքացիական հասարակության զարգացման, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման, չորրորդ իշխանության կայացման գործում շատերին է հայտնի։

Միգուցե նաեւ կար հանրային ուշադրությունն այսօրվա հրատապ խնդիրներից կամ այս օրերին տեղի ունեցող որոշ իրադարձություններից շեղելու միտում։ Չգիտեմ, չեմ կարող միանշանակ պնդել։ 

- Ի՞նչ է իրենից ներկայացնում «Ազգ-բանակ» հայեցակարգի հանրային փորձաքննությունը:

- Խոսքը հասարակակական կարծիքի ուսումնասիրման վեցամսյա ծրագրի մասին է, որ դեռ նոր է սկսվում եւ որի շրջանակներում պիտի իրականցվեն «Դելֆի» եղանակով փորձագիտական հարցումներ, կազմակերպվեն 6-8 հոգանոց ֆոկուս-խմբեր ուսանողների շրջանում (քանի որ հանրության հենց այս շերտի շահերն է առաջին հերթին արծարծում նոր օրենքը) եւ կատարվեն «Ազգ-բանակ» գաղափարի իրականացման այլ երկրների փորձերի ուսումնասիրություն ու համեմատական վերլուծություն, որոնց արդյունքները կներկայացվեն հանրության լայն շրջանակների դատին։ Ահա այն ամենը, ինչ մտադիր ենք անել, ինչը բաց տեղեկանյութ է, որն էլ տեղադրվել էր «Բաց հասարակություն Հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության կայքէջում։

Հավանաբար, անհարկի գրգռված երեւակայություն է պետք այս ամենում դավադրություն տեսնելու համար։ Ուշադրություն դարձրեք՝ մտադիր ենք անել, դեռ չենք արել։ Իսկ հնչած մեղադրանքներն արդեն իսկ վերաբերում են այսօրվան, ներկայիս դեպքերին։ Ոմանք, չգիտես ինչու, սարսափած են հասարակական կարծիքից։ Հավանաբար, հիմք ունեն դրա համար՝ ճանաչելով իրենք իրենց։

Բայց ամենազավեշտալին այն է, որ ոմանք հասարակական կարծիքի ուսումնասիրման ձեւաչափ հանդիսացող ֆոկուս-խումբը շփոթել են կուսակցական բջջի, հեղափոխական ընդհատակյա մարմնի կամ ահաբեկչական խմբավորման հետ։

Ինչ ասեմ, կան մարդիկ, որոնք մնացել են նախորդ դարում, այն էլ՝ ամենեւին ոչ դարավերջին։ 

- Հայկ Բաբուխանյանն իսկապե՞ս միամտաբար է տարածում չճշտված, կեղծ տեղեկություններ, թե՞, այնուամենայնիվ, գիտակցաբար եւ ուղղորդված կերպով փորձում է ազդել հասարակական կարծիքի վրա: Ձեր կարծիքը:

-Կարծում եմ՝ այստեղ կարող են լինել թե՛ անձնական (անհարկի աչքի ընկնելու եւ, իբր, մի բան արած լինելու համար) եւ թե՛ «շրջանակային» շահեր։ Չեմ բացառում, որ որոշ շրջանակներ փորձում էին նման աղմկոտ խեղկատակությամբ հանրության ուշադրությունը շեղել կատարվող ու կատարվելիք որոշ դեպքերից ու երեւույթներից։ 

- Ի պատասխան Բաբուխանյանի ելույթին՝ Նիկոլ Փաշինյանը կիսահեգնական ոճով խորհուրդ տվեց նրան, որպես իշխող ուժի ներկայացուցիչ, քայլեր ձեռնարկել արգելելու Սորոսի եւ այլ հիմնադրամների «ազգակործան» գործունեությունը Հայաստանում: Ի՞նչ եք կարծում՝ Բաբուխանյանը եւ իր համախոհները բացառապես հայրենասիրական մղումներով են այսպիսի ելույթներ հնչեցնում, թե պարզապես ինչ-որ կենտրոնից ուղղորդվող գործիք են:

- Մի կողմից՝ հասկանում եմ, թե ինչու է պարոն Փաշինյանն, ի պատասխան այդ խեղկատակության, նման բան ասել, մյուս կողմից էլ՝ ցանկալի կլիներ, որ քաղաքացիական հասարակության դերը քաջ գիտակցող շրջանակներից նման մեսիջներ չլինեին՝ թեկուզ եւ սարկաստիկ։ Ինչ մնում է «Բաց հասարակություն Հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության նկատմամբ վերաբերմունքին՝ որքան տեղյակ եմ, Հայաստանում պաշտոնական բացասական գնահատանքի դրսեւորում երբեւէ չի եղել։ Նման միանշանակ պաշտոնական անբարյացակամ վերաբերմունք քանիցս դրսեւորել են Ադրբեջանի իշխանությունները՝ «Բաց հասարակություն Հիմնադրամներին» մեղադրելով երկրի հիմքերը քայքայելու եւ հայերի շահերը սպասարկելու մեջ։ Չեմ կարծում, թե պարոն Բաբուխանյանի կարծիքն ածանցվում է պաշտոնական դիրքորոշումից։ Թեպետ նաեւ չեմ բացառում, որ իշխանական որոշ շրջանակներում նման դավադրաբանական խաղերը բավական տարածված են։ Հարցը, սակայն, մեկ այլ շերտ էլ ունի՝ շատ ավելի լուրջ ու վտանգավոր եւ, միգուցե, հենց դրա շրջանակներում կարելի է տեղավորել այդօրվա արշավը։ Նշյալ անձնավորությունը բավական ակտիվ ներգրավված է հասարակական կազմակերպությունների դեմ արշավում եւ զբաղվում է ոլորտը կարգավորող ռուսաստանյան դրակոնյան օրենքի լոբբինգով։ Ահա սա է վտանգավորը եւ սրան պիտի լրջորեն հետեւել։

Հարցազրույցը վարեց
Գեւորգ Ղահրամանյանը

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.