26.11.2024

Интервью

Ստեփան Դանիելյան. «Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը կորցնի համակարգի նկատմամբ վերահսկողությունը»

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Մեր զրուցակիցն է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ նախագահ, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

 

- Պարոն Դանիելյան, այս օրերին ներքաղաքական դաշտում դեռ սպասողական իրավիճակ է. մի կողմից` իշխող կուսակցությունն է սպասում իր վարչապետի թեկնածուին հայտարարելու օրվան, մյուս կողմից` ընդդիմադիր ուժերի ճամբարում ընթանում է վերադասավորման, դիրքավորման գործընթաց: Ձեր գնահատականը` իրավիճակին: Ի՞նչ հնարավոր դիպաշարեր են մեզ սպասում առաջիկա մարտ-ապրիլ ամիսներին:

- Հայաստանում վաղուց քաղաքական ինտրիգներն անսպասելի հանգացալուծումներ չեն ունենում: Ամեն ինչ կանխատեսելի է: «Ընդդիմադիր ուժ» ասածն էլ վաղուց հարաբերական հասկացություն է, հատկապես «ուժ» բառը: Նոր իրավիճակ կարող է ստեղծվել Արցախի ռազմաճակատում եւ տնտեսության ոլորտում, նկատի ունեմ այն, որ պետությունը ի վիճակի չլինի կատարել իր պարտավորությունները: Մնացած հարցերում, կարծես թե, ամեն ինչ կանխատեսելի է: Այս առումով «դիրքավորումների» մասին խոսելու համար պետք է շատ վառ երեւակայություն ունենալ, որպեսզի ինչ-որ սպասելիքներից խոսել: Իշխանության սպառնալիքները միշտ ներսից են եղել, այլ ոչ թե ընդիմության կողմից: Ընդդիմությունը կարող է ընդամենը կատալիզատորի գործիք հանդիսանալ:

- Այսօրվա ընդդիմադիր ուժերն ունա՞կ չեն համախմբելու հասարակությանը եւ փողոց դուրս բերելու: Կա՞ արդյոք գաղափարական տարբերություն նախորդ ընդդիմություններից (2008, 2011, 2013թթ.), որոնք փոքրիշատե կարողանում էին ինչ-որ գործընթաց նախաձեռնել:

- Իմ կարծիքով` մինչ այժմ եղած քաղաքական գործընթացները պայմանավորված են եղել սեփականության վերաբաշխման հայտերով: Ամեն անգամ` նախագահական ընտրությունների ժամանակ հայտնվում էր որեւէ անձ, ով կարողանում էր սոցիալական ռեւանշի ձգտող անձանց ու կազմակերպություններին համախմբել իր շուրջը, որի ընթացքում լարված իրավիճակ էր ստեղծվում: 2008-ից հետո նման իրավիճակ չի ստեղծվել եւ այդ պատճառով, անկախ քվեարկության իրական արդյունքներից, ընտրությունները բավական «կառուցողական» մթնոլորտում են անցել: Այժմ անգամ դա հնարավոր չէ, քանի որ նախագահի համաժողովրդական ընտրություններ այլեւս չկան, իսկ խորհրդարանական ընտրությունները, տարածքային ցուցակների ներմուծման հետեւանքով, վերածվել են տեղական ընտրությունների: Տեղական ընտրությունների ժամանակ ընտրողները հայտնվում են տեղական հեղինակությունների դեմհանդիման, որոնց դեմ հանրությունը դեռ չի կարողանում հավաքագրվել: Ըստ էության, Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանությությունը չի կարող փոխվել, եթե որեւէ ֆորսմաժորային իրավիճակ չստեղծվի: Իշխող խավը դրանով լուծում է իր սեփականությունը պահպանելու եւ պետության հաշվին նոր ֆինանսական շահաբաժիններ ստանալու խնդիրը, իսկ թե ինչ խնդիր են ցանկանում լուծել ընդիմադիր համարվող կազմակերպությունները, ինձ համար պարզ չէ: Պարզ չէ նաեւ, թե ինչպես են այդ անհասկանալի խնդիրները փորձում լուծել:

Կարծում եմ` Հայաստանին պետք են ձախ գաղափարախոսություն ունեցող շարժումներ, որոնք կբարձրացնեն սոցիալական արդարության, սեփականության լեգիտիմության, տնտեսության եւ մի շարք այլ ոլորտների նկատմամբ հանրային վերահսկողության խնդիրները: Դա առայժմ չկա, իսկ ուրիշ հարցերով, ըստ իս, հանրությանը հնարավոր չի մոբիլիզացնել: Նման քաղաքական հստակ դիսկուրս դեռեւս չկա:

- Ի՞նչ է ուզում հասարակությունը: Ակնհայտ է, որ լայն հանրությունը խորը ատելությամբ է լցված գործող վարչախմբի նկատմամբ, բայց ինչպես դա վերածել իրական լայնածավալ գործողության: Կա՞ արդյոք դեռ չփորձարկված մեխանիզմ դրան հասնելու:

- Իմ կարծիքով`հասարակությունն ուզում է արդարություն եւ հանրային վերահսկողություն, ինչպես նաեւ` փոխհատուցում այս տարիների ընթացքում բազմաթիվ անարդարությունների համար: Նման խնդիր որեւէ կուսակցություն չի դնում:

- Ի՞նչ հնարավոր զարգացումներ կարող են տեղի ունենալ իշխանական համակարգում: Կա՞ն արդյոք հակասություններ իշխանական տարբեր թեւերում: Կամ` կարող են առաջանալ կամ սրվել այդ հակասությունները նոր համակարգի անցնելու արդյունքում:

- Այս համակարգը հիմնարար կերպով տարբերվում է անցած մոդելից, եւ շատ անսպասելի զարգացումներ կարող են լինել: Այն կառուցված է Սերժ Սարգսյանի անձի վրա, ով դեռ կարող է միաժամանակ վերահսկել ե´ւ ՀՀԿ-ն, ե´ւ ուժային կառույցները, ե´ւ խոշոր սեփականատերերին ու նրանց զինված խմբավորումներին: Եվ, բացի դրանից, ազդեցություն ունի Արցախի վրա: Սակայն այս կամ այն պատճառով իշխանությունից հեռանալու դեպքում ոչ ոք, միգուցե բացի Քոչարյանից, այդ ազդեցությունը չունի եւ չի էլ կարող ունենալ: Այ, այստեղ զարգացումները կարող են շատ քաոսային լինել: Չի բացառվում, որ որոշակի ֆորսմաժորային դեպքերի ժամանակ անգամ Սերժ Սարգսյանը կորցնի համակարգի նկատմամբ վերհսկողությունը: Ամբողջ խնդիրն այն է, որ մեզ մոտ չկան պետական ավանդույթներ եւ իրավունքի ու օրենքների գերակայություն: Նման խնդիրները լուծվել են ոչ հրապարակային ու ոչ իրավական եղանակներով: Հետագայում այդ եղանակները կարող են չաշխատել:

- Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար:

 

Հարցազրույցը վարեց Գեւորգ Ղահրամանյանը

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.