«Հայացքի» հյուրն է քաղաքագետ, հրապարակախոս, Քաղաքագիտության ու միջազգային հարաբերությունների մագիստրոս Արմեն Գրիգորյանը:
- Արմեն, այսօր շատ երիտասարդների համար քաղաքականությունը դարձել է սողալու, «պառկելու», առաջ գնալու միջոց, այլ ոչ թե պայքարելու, իրավիճակը փոխելու հնարավորություն: Համաձա՞յն եք այս ձեւակերպմանը:
- Այո, այդպես է ցավոք: Մենք այսօր ունենք մի իրավիճակ, որտեղ բոլոր ռեսուրսներն իր ձեռքում կենտրոնացրած ավտորիտար վարչակարգը քաղաքացիներին գրեթե լիովին զրկել է զարգանալու հնարավորությունից: Առաջխաղացման, կարիերա անելու միակ ճանապարհն անցնում է Հանրապետական կուսակցության «թրի տակով»: Այդպիսով` մարդկանց, մասնավորապես երիտասարդության մի մասին ստիպում են միանալ իշխող կուսակցությանը, որը միայն ձախողումներ է արձանագրում բոլոր ոլորտներում: Ձախողումներ, որոնց մեջ դու չես կարող ավելի լավ Հայաստան ունենալու համար պայքարել, հարկադրված ես լինում պայքարել, այսպես ասած, «պառկած» դիրքով:
- Ինչպե՞ս կարելի է պայքարը գրավիչ դարձնել երիտասարդների համար: Ի՞նչ են նրանք ուզում, ո՞րն է նպատակը, ի՞նչ կարող ես դու առաջարկել նրանց:
- Կարծում եմ, երիտասարդների համար ամենակարեւոր արժեքներից մեկը հենց ազատությունն է: Դա այն կարեւոր գաղափարներից է, որի համար մեր ժողովուրդը երկար տարիներ պայքարել է: Հիմնարար ազատությունը, որի համար մենք պայքարի որոշակի ճանապարհ ենք անցել, սեփական ինքնության պահպանումն է, այսինքն՝ հայ մնալու, ազգային դիմագիծը չկորցնելու ջանադրությունը: Խելահեղ 21-րդ դարում դա այնքան չէլ դյուրին առաջադրանք չէ, բայց դժվարին պայքարի արդյունք է նաեւ, որ ներկայում ունենք ամենակարեւորը` մեր անկախ պետությունը, չնայած դրա լիակատար կայացման փուլը տակավին ավարտված չէ: Այժմ պայքարի ուժագիծն ուղղված է ազատ մտածող եւ ազատ գործող քաղաքացիներ թրծելու հրամայականին: Ասում եմ` «հրամայական», նկատի ունենալով, որ պետություն կայացնողը տվյալ հասարակության ազատ քաղաքացիներ են: Հենց դրանով էլ հիմա մենք զբաղվում ենք թե´ առանձին-առանձին, թե´ խմբերի բաժանված: Բազմաթիվ քաղաքացիական նախաձեռնություններ Հայաստանում այդ պայքարի դրական փորձ են կուտակել` սկսած Մաշտոցի պուրակից եւ վերջացրած այսօրվա ամենահրատապ օրակարգով: Բոլոր այդ պայքարների կիզակետում քաղաքացու հիմնարար ազատությունների խնդիրն է: Այդ ճակատում պայքարի առաջամարտիկներից մեկը, օրինակ, ուսանողների «ԵՊՀ Ռեստարտ» խումբն է, որն առաջնորդվում է մեր ուղենշած տարբերակով` «Մենք ենք որոշում մեր ներկան եւ ապագան» կարգախոսի ոգով: Համոզված ենք, որ այդ գիտակցված պայքարի միջոցով հնարավոր է ձեռք բերել այն ազատությունը, որի մասին երազում ենք: Ինչ վերաբերում է ազատությանը սերտորեն առնչվող` քաղաքացու իրավունքին, ապա այն մեզանում արտահայտվում կամ իրացվում է երկու ձեւով` ընտրությունների միջոցով, որի ինստիտուտը մեր երկրում դեռ չի կայացել, հետեւաբար` ընտրության միջոցով քաղաքացիները չեն կարողանում ազատ որոշել իրենց ապագան, եւ փողոցային պայքարով, որով նույնպես հնարավոր է հաստատել քաղաքացու ազատությունները:
- Սերժ Սարգսյանի վերարտադրության մասին: Ակնհայտ է, որ կա կրավորականորեն արտահայտված հասարակական դժգոհություն, սակայն ի՞նչ գաղափարների, խնդիրների շուրջ սա կարելի է վերածել իրական ընդվզման:
- Այս համակարգը, որը մեծ հաշվով ազատություններ չի տալիս, այլ ընդհակառակը` կապանք է քաղաքացու ձեռքին, պիտի քանդել, որպեսզի ավտորիտար վարչակարգը մեկընդմիշտ վերանա, եւ երկրում թեւածի ազատության շունչը: Այսօր շատ է քննարկվում Ասյա Խաչատրյանի դեպքը, ով լինելով ազատամիտ գաղափարների ու մոտեցումների կրող, խնդիրներ է առաջացրել ոստիկանության համար, եւ վերջինս փորձել է ճնշել այդ ազատությունները: Համախմբման առանցքում պետք է դրվի ազատության գաղափարը, լայնորեն տարածվի ու իրենով վարակի հանրությանը, դառնա շատ կարեւոր խթան: Դրա համար հարկավոր է փոքր խմբերով ընդգրկել հնարավորինս ավելի ընդարձակ տիրույթներ: Նույն ուսանողների «ԵՊՀ Ռեստարտը» գործունեություն է ծավալում գլխավորապես ուսանողական ազատությունների ճակատում, քաղհասարակությունն իր, ինչպես նաեւ բիզնեսի ոլորտում է գործում, որպեսզի պետությունը չխոչընդոտի ձեռներեցության զարգացմանը: Բոլոր խմբերի համար համընդհանուր պայքարի վայրն առաջիկա քաղաքական զարգացումների դաշտն է եւ ուղղված է Սերժ Սարգսյանի վարչապետության բացառմանը, որպեսզի ճանապարհ բացվի գլոբալ փոփոխությունների ու ավելի մեծ ազատությունների առջեւ: Սերժ Սարգսյանն այդ ազատությունների ճանապարհին, այսպես ասեմ, մի մեծ սեւաքար է, որը պետք է հեռացնել:
- Սերժ Սարգսյանը խոստացել է վարչապետ դառնալու դեպքում ավելի մեծ ժամանակ հատկացնել իրեն հաջորդող երիտասարդ սերնդի պատրաստման գործին: Հանրապետականների ո՞ր հատվածի մասին է խոսքը: Ապագայում ի՞նչ կարգի քաղաքական գործիչներ, կարծում եք, նկատի ունի Սերժ Սարգսյանը:
- Ընդհանրապես` Սերժ Սարգսյանի ասածներին լուրջ վերաբերվելը մի քիչ խնդրահարույց է, որովհետեւ այս 10 տարիների ընթացքում նրա բերանից այնքան սուտ ու կեղծիքներ են հնչել, որ դժվար է նույնիսկ մեկ ժամանոց հարցազրույցում բոլորը թվարկել: Ընդհանուր առմամբ, Սերժ Սարգսյանն ակնարկել է, որ փորձելու է ժառանգորդ պատրաստել, որպեսզի իրենից հետո ղեկավարի երկիրը: Քանի որ ինքը ավտորիտար ռեժիմի ներկայացուցիչ է, դրանից կարելի է եզրակացնել, որ նրա պատկերացումները համապատասխանաբար այդպիսի ռեժիմի շրջանակում են: Հետեւապես համոզված եմ, որ նրա պատկերացրած երիտասարդ քաղաքական լիդերը նոր-նոր հազիվ մանկապարտեզ է հաճախում: Դեռ նա պետք է մեծանա, դպրոցն ավարտի, համալսարան սովորի, հետո աշխատի, յուրացնի Սարգսյանի փորձը եւ նոր փոխարինի նրան: Այսինքն` գործող նախագահը մոտ 30 տարվա հեռանկարային ծրագրի հույս է փայփայում: Նրա պատկերացումներն այդ առումով խիստ բրեժնեւյան են, եւ վախենամ այդ ընթացքում երկիրն ընկղմվի ոչ այնքան հեռավոր անցյալի լճացման բավիղներում: Ահա թե ինչու շատ կարեւոր է նրա վարչապետության ծրագրի խափանումը:
Հարցազրույցը վարեց Գեւորգ Ղահրամանյանը