26.11.2024

Интервью

Դավիթ Հովհաննիսյան. Ռեժիմին չի հաջողվել ապականել ամեն ինչ

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

«Հայացք»-ի զրուցակիցն է «MIND» ՀԿ-ի նախագահ, «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը:

 

- Այս օրերին հարգեցին ապրիլյան քառօրյայի ժամանակ զոհված տղաների հիշատակը: Ըստ էության, այդ կարճատեւ բախումն ի ցույց դրեց ՀՀ զինված ուժերում առկա մի շարք սուր խնդիրներ, նաեւ ակնհայտ դարձան արտաքին քաղաքական լուրջ բացթողումները: Ի՞նչ է փոխվել այս 2 տարիների ընթացքում, ի՞նչ ընդհանուր գնահատական կտաք:

-Ապրիլյան պատերազմի ընթացքում մենք կրեցինք լուրջ կորուստներ, առաջին անգամ 94թ. հաստատված հրադադարից հետո ունեցանք լուրջ տարածքային կորուստ, տվեցինք 100-ից ավելի զոհ: Այս ամենը ունեն 2 պատասխանատու` Իլհամ Ալիև և Սերժ Սարգսյան: Տարիներ շարունակ Սերժ Սարգսյանի կողմից կառավարվող կոռուպցիոն համակարգը մսխել էր անվտանգության և պաշտպանության համար անհրաժեշտ միջոցները` էականորեն կրճատելով Հայաստանի պաշտպանական ներուժը: Զգալով պատերազմի իրական սպառնալիքը` ռեժիմը ուներ 2 տարբերակ վտանգավոր մարտահրավերներին դիմակայելու համար.

1) կազմաքանդեր կոռուպցիոն համակարգը և ներդներ արդյունավետ կառավարման մեխանիզմներ :

2) ավելացներ այսպես կոչված <<ռազմահայրենասիրության>> դոզան փորձելով իրական խնդիրները կոծկել կեղծ բարձրագոչ լոզունգների տակ:

Բնականաբար ընտրվեց երկրորդ տարբերակը, որովհետև առաջին տարբերակը բացառված էր ի սկզբանե, կոռուպցիոն համակարգի կազմաքանդում նշանակում է գործող իշխող ռեժիմի փլուզում, որովհետև ըստ էության այդ երկուսը` կոռուպցիոն համակարգն ու ռեժիմը, նույնական են: Արդյունքում պատերազմից 2 տարի անց մենք ունենք ավելի միլիտարիզացված հասարակություն` արտագաղթի, կոռուպցիայի և անվտանգության սպառնալիք հանդիսացող մյուս խնդիրների նույն մակարդակով:

- Կառավարությունը սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ծրագիր է հրապարակել, որը կարծես թե միտում ունի ձեւավորելու նախ ռազմականացված սերունդ, ապաեւ` նույնատիպ հասարակություն: Ինչպե՞ս կարձագանքեք այս մոտեցմանը: Ո՞րն է առողջ մտածող երիտասարդություն ձեւավորելու ձեր տեսլականը:

-2015թ.Սահմանադրական հանրաքվեով վերացնելով քաղաքական մրցակցության և ընտրական ճանապարհով փոփոխության տարրերը` վարչախումբը անցել է հասարակությանը լիակատար հնազանդեցնելու և դիմադրության բոլոր հնարավոր օջախները իսպառ բացառելու քաղաքականությանը: Նրանք հետազոտել և հասկացել են, որ հասարակության մեջ ամենաբարձր հեղինակությունը ունեն բանակը և եկեղեցին և որոշել են շահարկելով մարդկանց զգացմունքները դարձնել նրանց ավելի վերահսկելի և կառավարելի: Այստեղից էլ ծնվում են այս հիմար փաստաթղթերը: Ազգ-բանակ կոնցեպցիան և դրանից բխոլ բոլոր այս անհեթեթ հայեցակարգերն ու օրենքները ունեն մի նպատակ` Հայաստանը դարձնել Հյուսիսային Կորեա, կամ առնվազն` Թուրքմենստան, որտեղ երկրի ղեկավարը ազգի առաջնորդն ու հայրն է և փոփոխման ենթակա չի, իշխող կուսակցությունն ու պետական համակարգը սերտաճած են, ցանկացած ինքնագործունեություն կամ այլակարծություն չի խրախուսվում:
Իսկ առողջ մտածող երիտասարդություն ձևավորելու ճանապարհը այս ամենին հակադրվելն է, քաղաքացիական հասարակության զարգացումը, ոչ ֆորմալ կրթությունը, անընդհատ դիմադրության, պայքարի, հակազդեցության գործիքներ ստեղծելը:

- Անդրադառնանք ներքին քաղաքականությանը: Արդեն ձեւավորված է պայքարի 3 ճակատ, որոնք հանրությանը համախմբելու համար կոնկրետ գործողությունների են անցել: Դրանցից մեկը Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, որը սահմանադրական փոփոխությունները հռչակել էր կեղծ օրակարգ: Արդյոք դա չի՞ խանգարում փոխգործակցության եւ միավորման նախադրյալներ ստեղծելու համար:

-Այո, իհարկե այսօրվա ստեղծված իրավիճակը սահմանադրական կեղծված հանրաքվեի անմիջական հետևաքն է, որում փաստորեն իր դերակատարությունն է ունեցել նաև Նիկոլի կուսակցությունը: Այն ժամանակ այսօրվա Ելք դաշինքի բոլոր 3 կուսակցություններն էլ չնայած ֆորմալ առումով հայտարարել էին, որ Ոչ-ի կողմնակից են, բայց իրականում մեկը մասնակցելով Սերժ Սարգսյանի ֆոտոսեսիաներին, մյուսը պայքարը հռչակելով կեղծ օրակարգ, նպաստեցին որ այդ չարաբաստիկ փոփոխությունը իրականա և հիմքեր ստեղծվեն Սերժ Սարգսյանի ցմահ իշխանության համար: Ակնհայտ է, որ դա պայմանավորվածություն էր, որի պարգևը խորհրդարանում հայտնվելն էր և իշխանությունների նախաձեռնությամբ ստեղծվեց դաշինքը, իշխանությունների ֆինանսական և տեղեկատվական աջակցությամբ էլ հայտնվեց խորհրդարանում: Պայմանավորվածության վերջին ակորդն էլ ապրիլին կայացած համատարած ընտրակաշառքներով, վարչական ռեսուրսի լայնածավալ կիրառմամբ, տոտալ ճնշման պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ, ժողովրդի կամքը արտահայտող ճանաչելն էր, որից կառչելով էլ այսօր տարատեսակ հանրապետականներ հայտարարում են, որ ժողովուրդն իրենց է ընտրել, իրենք մեծամասնություն են, ուրեմն հենց իրենք էլ իրավունք ունեն որոշելու, թե ում են ընտրում վարչապետ:Չի կարելի մոռանալ նաև 1000 դրամների օրենքին Նիկոլի կողմ քվեարկելը, որովհետև հենց այդ օրենքն էր ազգ-բանակ կոնցեպցիայի նախահիմքը, իսկ այդ կոնցեպցիան մշակվել է ժողովրդավարական եղած փոքրաթիվ ազատությունները վերացնելու և հասարակությանը լիարժեք կառավարելի և հնազանդ դարձնելու նպատակով: Փաստորեն Նիկոլն իր այդ կողմ քվեարկությամբ լեգիտիմացրել է մի գործընթաց, որն այսօր արդեն հասել է սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակություն անունով մի անհեթեթ հայեցակարգի, որից դեպի հյուսիսային Կորեա տիպի ռեժիմ կես քայլ է: 

Բայց մյուս կողմից կա մի հայտնի սկզբունք` չհարվածել պայքարի առաջին գծում կանգնած ուժին: Տեսեք` բազմաթիվ ազնիվ ու իրենց սկզբունքներին հավատացող երիտասարդներ, օրեր շարունակ, անձրևի ու արևի տակ, դժվար ճանապարհ են անցնում հույս ունենալով որ այդ կերպ կարող են կոտրել մարդկանց անտարբերությունը և ներգրավել նրանց ակտիվ պայքարի: Եվ իսկապես նրանց համար ծանր կարող են լինել հասարակության և ընդդիմադիր դաշտի կողմից եկող հարվածները: Այս առումով հատկապես տգեղ էր Լուսավոր Հայաստանի պահվածքը: Փաստորեն իշխանությունը որոշել էր հենց Լուսավոր հայաստանի բերանով նախազգուշացնել, որ կարող է ձերբակալել և կրակել, եթե պայքարողները իրենց <<խելոք չպահեն>>: Սա մեջքից հարված էր օրեր շարունակ դրսում գիշերող մարդկանց հանդեպ: Այո, նույն կերպ վարվում էր Նիկոլը սահմանադրական փոփոխությունների ժամանակ, բայց դա ոչ մի կերպ չի արդարացնում <<լուսավորների>> այսօրվա պահվածքը: Ի վերջո քաղաքականությունը մանկապարտեզ չի, որ ասենք դու այսպես ես արել, ուրեմն մենք էլ նույնը քո հետ կանենք: Իհարկե ՔՊ-ի կողմից ավելի ազնիվ կլիներ, եթե իրենք ընդունեին, որ ժամանակին սխալվել են ու նաև այդ սխալի պատճառով է այսօր ստեղծվել այս իրավիճակը, բայց եկեք չմոռանանք որ ժամանակին էլ ԲՀԿ-ից չէինք պահանջում ընդունել սեփական մեղսակցությունը  Մարտի մեկի և վարչախմբի մյուս հանցագործությունների մեջ` ավելի կարևորելով իշխանության դեմ լայն ճակատի ձևավորումը:

Իհարկե այսօր ձևավորված 3 շարժումներն էլ չափազանց տարբեր են միմյանցից իրենց աշխարհայացքով,  անցած ճանապարհով, Հայաստանի ապագայի վերաբերյալ տեսլականով, բայց նրանցից յուրաքանչյուրը իր պայքարի մեթոդով կարող է իր ներդրումը ունենալ և ավելի մոտեցնել նպատակին տանող ճանապարհը նպաստելով հասարակական մոբիլիզացիային:

- Ի՞նչ խնդրի շուրջ պետք է պայքարի հանել հասարակության ակտիվ զանգվածներին եւ պայքարի ի՞նչ մեխանիզմների դեպքում հասարակության լայն շերտերը փողոց դուրս կգան:

-Քաղաքականությունը մաթեմաթիկա է, ամեն ինչ հիմնվում է հաշվարկների վրա: Բնականաբար, երբ այսօր ռեսուրսների գնահատում ես անում, ակնհայտ է, որ իշխանափոխության ռեալ հնարավորությունը շատ ցածր է: Բայց դա չի նշանակում, որ դու պետք է հաշտվես, իրավիճակը համարես անհուսալի ու գնաս տուն կամ ավելի վատ` գնաս երկրից: Պայքարել միշտ պետք է առաջին հերթին հենց ինքդ քո համար, քո սկզբունքները  պաշտպանելու, քո ազատության տարածքը ոտնահարել թույլ չտալու համար, բայց պայքարել նաև երկրի համար, չթողնելու որ այն վերածեն հլու-հնազանդների թուրքմենական տիպի հասարակության, ցույց տալու մարդկանց, որ փոփոխության հույս և շանս կա, որ միակ ելքը արտագաղթելը չի: Ես ճանաչում եմ բազմաթիվ երիտասարդների, ովքեր ինձ ասում են 2015թ-ի Ոչ-ի պայքարը հույս է տվել իրենց, որ կարելի է մնալ և ապրել այս երկրում, մինչդեռ դրանից առաջ մտածում էին, որ փոփոխության որևէ հնարավորություն չկա: Մարդիկ պետք է տեսնեն, որ այս ռեժիմին չի հաջողվել ապականել ամեն ինչ ու ամենքին և դեռ կան քաղաքացիներ, երիտասարդներ, որոնք պատրաստ են զոհել իրենց հարմարավետությունը և նույնիսկ անվտանգությունը հանուն իրենց երազանքների երկրում ապրելու:

Հարցազրույցը վարեց Գեւորգ Ղահրամանյանը

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.