25.11.2024

Центр в Прессе

Օսմանիզմը և ֆանտոմային աշխարհ կառուցելու մեր ազգային հատկանիշը (Past.am)

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Past.am-ը զրուցել է  Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյան ի հետ.

 

– Պարոն Սարգսյան, մենք ռացիոնա՞լ ազգ ենք, մեր մոտեցումների բնույթն ինչպիսի՞ն է մեր ազգային տեսլականների վերաբերյալ:

– Երբ ցանկացած հայ չի կարողանում իր խնդիրները լուծել, առաջին միտքն այն է լինում, թե ո՞ւմ միջոցով լուծի: Մենք ունենք ապրելակերպի ունիվերսալ, բոլորիս բնորոշ, խորքային համոզմունքի վերածված մի բանաձև, որ եթե դու չես կարող հարցը լուծել, պետք է գտնես լուծողին: Եվ դրա դիմաց, բնականաբար, քանզի թույլ ես, պետք է նրան ծառայես:

Մեզ թվում է, թե բոլորն են այդպես անում: Սակայն այդպես չէ: Ինչպե՞ս է կայացել եվրոպան՝ որպես քաղաքակրթություն: Այստեղ, եթե մարդը տեսնում է, որ ինքը միայնակ չի կարող ինչ–որ հարց լուծել, առաջին միտքն այն է լինում, որ գտնի նաև ուրիշ մարդկանց, և բոլորով միասին այդ հարցը լուծեն:

– Մենք հոգեբանական տեսակով անհատապաշտներ ենք, գուցե նաև դրանի՞ց է:

– Դա հոգեբանական տեսակի խնդիր չէ: Այն ձևավորված համոզմունք է: Չկա պրակտիկա, որ մարդիկ միասնաբար նստեն–հարց լուծեն: Կամ էլ կասեն՝ դե, չի՛ լուծվում հարցը, ու ձեռ կքաշեն դրանից: Նման մոտեցման պարագաներում մեր և եվրոպացիների միջև քաղաքակրթական տարբերություն կա:

– Գուցե մենք դեռ ժամանակ ունե՞նք, որպեսզի հասնենք քաղաքակրթական այդ մակարդակին:

– Մեր մենթալիտետի մեջ այդ համոզմունքը ընդհանրապես չկա. մենք ձևականորեն ենք ասում, թե եվրոպացի ենք: Բայց բացարձակապես կապ չունենք եվրոպական քաղաքակրթության հետ:

 Իսկ ի՞նչ ենք, ո՞վ ենք:

– Չգիտեմ: Գուցե ժամանակին եղել ենք, բայց հարյուրամյակների մեջ կորցրել ենք մեր այդ հատկանիշները: Եվ ձեռք ենք բերել բոլորովին այլ հատկանիշներ:

Տեսեք, թե ո՞րն է հայի ու եվրոպացու տարբերությունը. հայը կմտածի, թե ռացիոնալը հենց սա է, ու պետք է գնա դրա լուծման ուղղությամբ: Իսկ եվրոպացին կասի՝ չէ, այդ լուծումը ռացիոնալ չէ, քանի որ կորուստներ ենք ունենալու, խնդիրն այդպես չպետք է լուծվի:

Եվ վիճելու են, և այդ վեճը չի վերջանալու երբեք:

Դրա համար, ասեմ, որ ռացիոնալությունը շատ բազմաշերտ երևույթ է: Մեկի համար կարող է մի բան ռացիոնալ լինել, մյուսի համար՝ ոչ:

Մի թարմ օրինակ բերեմ. վերջերս գնացել էի Մարտունի քաղաք: Հիշում եմ՝ տարիներ առաջ անշուք, քանդ ու քարափ եղած վիճակում էր: Իսկ այս անգամ ճոխ տներ կային, ճոխ խանութներ: Հարցրեցի՝ այս ի՞նչ շենքեր են: Պատասխանեցին, թե մարդիկ այստեղ չեն, Ռուսաստանում են ապրում ու աշխատում: Ու այդ փողերը բերում ու այստեղ նման շենքեր են կառուցում: Հարցնում եմ՝ ապրող կա՞: Պատասխանում են՝ ոչ:

Սա կարող ենք համարել զուտ իռացիոնալ գիտակցություն, չէ՞: Բայց մարդիկ կարող են և ասել՝ սա այն կյանքն է, որի մասին մենք երազել ենք. աղքատ էինք, բայց գնացել ենք, գումարներ ենք աշխատել ու հիմա իրականացրել ենք մեր երազը: Իսկ ինչո՞ւ չի ապրում այնտեղ: Որովհետև ապրելն արդեն իրեն պետք չէ: Այսինքն՝ նա իրականացրել է իր մանկական երազը:

Այսպիսի բաները շատ բնորոշ են հայերին: Մեր էներգիան գնում է անընդհատ, ու մենք կառուցում ենք վիրտուալ, ֆանտոմային աշխարհ:

Եվ սրա պատճառն այն է, որ մեր ժողովուրդն ահավոր կյանք է ապրել. նա ապրել է օսմանիզմը: Դա իրավիճակ էր, երբ մարդն ապրում էր որպես հակամարդ:

 Գուցե կարելի է հակառա՞կն էլ ասել՝ մի քիչ էլ բան սովորեինք օսմանական քաղաքականությունից: Նրանց ռացիոնալիզմից բան յուրացնեինք:

– Ինչպե՞ս սովորեինք, եթե թույլ չէին տալիս: Դա եղել է կաստային համակարգ, ուր հասարակության մի փոքր հատված ուներ բոլոր իրավունքները, իսկ մյուսները՝ քրիստոնյա ժողովուրդները, զրկված էին ամեն մի իրավունքից: Դուք իրավունք չունեիք ձի նստելու, զենք կրելու, իրավունք չունեիք նամակ գրել պետական գործչին: Ընդամենը պետք է մուրճն ու բահը վերցնեիք ու աշխատեիք իրենց համար:

 Լա՛վ, իսկ ինչպե՞ս անենք, որ բուժենք այս վերքերը:

– Վերքերի բուժումը գալիս է դրանք գիտակցելուց: Սակայն բանն այն է, որ մարդն իր անցյալի հետ չի ցանկանում առերեսվել: Երբ բացում ես այդ վիճակներն ու դնում նրա առջև, վիրավորվում է, չի ուզում դրանց մասին խոսել:

Բայց եթե, ասենք, համակենտրոնացման ճամբարում եղել է քո տատը կամ պապը, ապա դու պետք է հետ տանես վարագույրն ու իմանաս, թե նրանից ի՞նչ բացասական կամ դրական բան է անցել քեզ, ինչպիսի՞ աշխարհընկալում է ձևավորվել մեջդ: Իսկ եթե ամաչում ես ու դա չես անում, ապա, բնականաբար, ինքդ էլ ես կրողն այդ երևույթների: Եվ քո երեխան էլ է կրողը լինելու:

– Հոգեբաններ կան՝ պնդում են, որ մեր ժողովուրդը պետք է հոգեբանական հանրային թերապիա անցնի:

– Նման բան արել են ճապոնացիները՝ ատոմային ռմբահարումներից հետո: Նրանք կառուցեցին հատուկ ինստիտուտ, որը պետք է ուսումնասիրեր ու պարզեր, թե որտեղի՞ց են գալիս իրենց անհաջողությունները, ազգային իրենց կատաստրոֆան:

Պարզեցին, որ այն գալիս է իրենց մտածողությունից. սամուրայիզմն է դրա պատճառը: Ասացին՝ սամուրայիզմը, որ մեր էությունն է ու մեր պերճանքն է, մեզ ոչնչացնում է իրականում: Եվ ազատվեցին դրանից:

Նույնը՝ գերմանացիները, երբ գիտակցեցին ու ինքնակամ ազատվեցին ֆաշիզմից:

– Իսկ մենք ունե՞նք այդ գիտակցությունը կրող մարդիկ մեր վերնախավում:

– Կարծում եմ՝ չունենք:

– Իսկ դա ո՞վ պետք է անի, ո՞վ պետք է լինի նախաձեռնողը:

– Ամեն հասարակության մեջ էլ կան այդ մարդիկ: Հերցլը գտնվել է, չէ՞, որ հրեաներին ասել է, ձեր աստվածը փողն է, հերիք է. բոշաների պես մենք էլ չենք ապրելու, վե՛րջ: Եվ մարդիկ նրա շուրջն են հավաքվել, հավատացել են իրենք իրենց ու պետություն են ստեղծել:

– Նշանակում է՝ հասարակական պահանջ էլ պետք է լինի:

– Իհարկե: Բայց մենք դա չունենք: Մարդկանց չի հետաքրքրում այդ հարցը:

Սա վիճակ է, որից դուրս գալը շատ դժվար է: Բուլղարիայի օրինակով. այն անկախություն է ստացել: Փայլուն երկիր, հրաշալի բնություն, ոչ մի պրոբլեմ հարևանների հետ: Բայց այս երկիրը երեսուն տարվա մեջ դատարկվել է: Մարդիկ չեն ուզում այստեղ ապրել: Նրանք իմաստ չեն տեսնում բուլղար լինելու մեջ:

Ո՞րն է պատճառը. պատճառը կրկին մտածողության մեջ է: Եվ դա էլի գալիս է օսմանիզմից: Հարյուրավոր տարի է անցել, բայց ժողովուրդները կրկին քանդվում են, չեն կարողանում դիմանալ դրան, չեն կարողանում դուրս գալ այդ փոսից:

Գոհար Սարդարյան

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.