Past.am-ի հյուրն է ՌԱՀՀԿ ղեկավար Մանվել Սարգսյանը
– Պարոն Սարգսյան, ճի՞շտ է, որ ղարաբաղյան հարցի լուծման առումով ժամանակն Ադրբեջանի օգտին է աշխատում: Մի ժամանակ այդպիսի բան էին ասում:
– Մեզ մոտ երբ ասում ենք ղարաբաղյան խնդիր, հասկանում ենք Մադրիդյան սկզբունքներ կամ Մինսկի խմբի գործունեություն: Այսինքն՝ մարդիկ ընդհանրապես ոչ մի պատկերացում չունեն խնդրի վերաբերյալ: Սերնդեսերունդ հազարավոր դիսերտացիաներ են գրում ու պաշտպանում. հարցին նայում են Մինսկի խմբի սխեմայով, և՝ վերջ:
Բայց իրականության մեջ ամեն ինչ այլ է: Մենք ունենք այն, ինչը կոչվում է ստատուս քվո: Իսկ դա իրադրություն է, որի շուրջ համաձայնություն չկա: Անգամ մեզ մոտ էլ այդ համաձայնությունը չկա. մեկն ասում է՝ դա Հայաստանն է, մեկն ասում է՝ Ադրբեջանն է, մեկն ասում է՝ անկախ է և այլն, և այլն: Էլ չեմ խոսում միջազգային առումով համաձայնության մասին: Իրականում հարցի էությունը հետևյալն է. սովետական օրենքը վերացել է, տեղի է ունեցել բախում, և ստեղծվել է մի տարածք, որը գտնվում է ղարաբաղյան ժողովրդի վերահսկողության ու Հայաստանի պատրոնաժության ներքո:
Սակայն այդ տարածքը միաժամանակ ճանաչվում է որպես ուրիշ պետության տարածք: Ողջ աշխարհը, ներառյալ նաև Հայաստանի Հանրապետությունը, իրավականորեն ճանաչում են որպես ուրիշինը:
– Ե՞վ… Ինչպե՞ս լուծել այդ հարցը:
– Միջազգային հանրությունն առաջարկում է կիսել. կեսը դուք վերցրեք, կեսը՝ դուք: Բայց Ադրբեջանն ինչո՞ւ պետք է վերցնի. նա այդ տարածքները կորցրել է: Եվ եթե արդեն նրանք ինչ–որ թղթի շուրջ համաձայնության են գալիս, ապա նշանակում է, որ ուրիշների իրավունքն են ճանաչում այդ տարածքների վրա: Իսկ դրան նրանք երբեք չեն գնա:
– Իսկ աշխարհաքաղաքական զարգացումներն ո՞ւր են տանում: Թվում է, թե շատ բան է փոխվում աշխարհում, և այլևս այդ թղթի կտորն էլ կարող է որոշակի ժամանակ անց այլևս իմաստ չունենալ:
– Ամեն ինչն է փոխվում: Բայց մենք մնացել ենք Մինսկի խմբի թղթի զոմբիացման տակ: Շատ բան է փոխվել և փոխվում. ԱՄՆ ութ նահանգներ ճանաչել են Արցախի անկախությունը, ճանաչել է նաև Ավստրալիայի Նոր Ուելսը: Իսկ մենք ձեռքներիս բռնել ենք Մինսկի խմբի թուղթն ու ընդամենը քմծիծաղում ենք:
– Իսկ ի՞նչ անենք:
– Վերանայել է պետք ամեն ինչ: Հարկավոր է քաղաքական մոտեցում լինի հարցին: Այն է՝ ճանաչում ես այնտեղ ապրող մարդկանց իրավունքներն այդ տարածքի նկատմամբ: Այսինքն՝ տարածքը ճանաչում ես որպես այդ մարդկանցը՝ խլելով այն Ադրբեջանից:
– Բայց մենք սարսափում ենք Մինսկի խմբի ձևաչափից դուրս գալու մտքից:
– Խոսքը միայն ձևաչափի մասին չէ: Ամեն ինչ պետք է փոխվի. նախ և առաջ՝ փիլիսոփայությունը:
Իսկ Մինսկի խմբի ձևաչափից դուրս գալուց սարսափում ենք այն պատճառով, քանի որ մարդիկ շատ անլուրջ են վերաբերվում «իրավունք» կատեգորիային: Ինչպես նաև՝ ինքնորոշմանը, սուվերենությանը:
Բայց նայեք Ադրբեջանի մոտեցմանը. 30 տարի շարունակ կրկնում է՝ դա մեր իրավունքն է: Մշտապես խոսում են իրավունքից: Եվ դուրս է գալիս, որ հակամարտող մի ազգ գիշեր–ցերեկ խոսում է իրավունքից, իսկ մյուս ազգն այդ բառը չի օգտագործում: Սրանից էլ՝ այն հանգամանքը, որ ղարաբաղյան տարածքների վրա մենք մեզ հոգեբանորեն տեր չենք զգում:
– Եվ արդեն պետք է մեջտեղ գա ուժի հարցը՝ պատերազմը և «ո՞վ կարող է»–ն:
– Պատերազմն ավելի հեշտ չէ՞, քան այսօրվա վիճակն է: Անընդհատ զենքեր են կուտակվում, կուտակում: Մինչդեռ մենք համարյա հաղթած էինք: Տեսեք՝ միջազգային ողջ հանրությունը՝ Մինսկի խումբը, որը ներկայացնում է 11 երկիր, ճանաչել և ընդունել են մի կարևոր փաստ, որ սահմանի վրա պետք է մեխանիզմներ տեղադրվեն: Այսինքն՝ Վիեննայում առաջ քաշվեց պատասխանատվության խնդիրը և այն դրվեց կողմերի վրա: Սա փաստացի պարտություն էր Ադրբեջանի համար. նա արդեն կորցրել էր Ղարաբաղը:
Բայց կյանքի չկոչվեց այս որոշումը, Հայաստանը հետ կանգնեց դրանից:
– Ինչո՞ւ հետ կանգնեց:
– Որովհետև սուվերեն պետություն չէ: Հովանավորն ասել է՝ լա՛վ, էլի, հետ կանգնիր. ես Ադրբեջանի հետ շատ խնդիրներ ունեմ լուծելու: Մերոնք հետ են կանգնում ու հարցի լուծումը թողնում են Ռուսաստանին:
– Իսկ դուք չե՞ք կիսում այն տեսակետը, որ պետք չէ Ռուսաստանի հետ առճակատման գնալ: Եթե նրա խոսքը չլսենք, հանկարծ ու…
– Առճակատում չկա: Պետք է հարաբերություններ առաջարկել նրան: Ընդհանրապես, որևէ երկրի հետ չպետք է առճակատման գնալ: Պարզապես տեսնում ես, թե որոնք են տվյալ երկրի շահերը և նրա պրոբլեմները, ու առաջարկում ես դրանց լուծման քո եղանակները:
– Գուցե մեր առաջարկությունները չանցնե՞ն Ռուսաստանի մոտ: Տեսեք՝ մշտապես մեր և Իրանի հետ ունեցած հարաբերությունների վրա աշխարհը աչք է փակել՝ հասկանալով, որ մենք այլ ելք չունենք: Նույնն ինչո՞ւ չենք կարողանում անել Ռուսաստանի հետ: Ռուսաստանն էլ ասի՝ սա էլ Հայաստանի շահն է. մի քիչ նրա համար թթվածին թողնենք:
– Ադրբեջանը, իրոք, շատ մեծ վտանգ է ներկայացնում Ռուսաստանի համար: Եվ Ռուսաստանն անում է քայլեր, որոնք մեծացնում են իր լծակներն այս երկրի վրա: Իսկ դու պետք է ցույց տաս Ռուսաստանին, որ նրա համար այլ մոտեցումներն ավելի էֆեկտիվ են ու առաջարկես դրանք:
Օրինակ, նրան ասենք՝ թույլ տվեք մեզ գնանք ու այլ երկրներից զենք գնենք: Այս դեպքում դու կկարողանաս Ադրբեջանին ասել, որ Հայաստանի վրա ազդեցություն չունես: Քանի որ քեզ հետ եմ բարեկամություն անում, Հայաստանը գնացել և այլ տեղից է հզոր զենքեր ձեռք բերել: Եվ այդ ժամանակ Ադրբեջանը հազար տարի Ռուսաստանից կախված է մնալու: Այնպես որ, այս ամենը քաղաքական ուժի բալանսի մեջ դիրքորոշումների խնդիր է: Քաղաքական մտածողությունն այն է, թե դու ուժի բալանսի մեջ ի՞նչ ծրագրեր ունես: Սա՛ է միջազգային քաղաքականությունը, այլ բան չկա նրանում:
Իսկ մենք այդ ծրագրերը չունենք: Մերոնք ընդունում են ռուսականը: Եվ այս երկիրը մեզ ասում է՝ ահա քեզ Իսկանդեր, ու սուս մնա: Քո տարածքը տուր, մեր 20 հազարանոց զորքը կգա, և ամեն ինչ ինքներս կլուծենք:
Եվ դու ընդունում ես նրա ասածը: Քանի որ եթե չընդունես, պետք է ուրիշ բան առաջարկես: Իսկ մենք չենք առաջարկում:
Գոհար Սարդարյան
«Փաստ» օրաթերթ