Շատ կուսակցություններ որոշել են չմասնակցել ընտրություններին, ինչը նշանակում է, որ իմաստ չէին տեսնում մասնակցելու մեջ, չէին տեսնում այն պայմանները, որոնց պարագայում իմաստ կլիներ մասնակցել։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՌԱՀԿ ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը։
Նրա խոսքով կուսակցությունները հիմա զգում են, որ կարող են քվե ստանալ և դա արդեն նոր մոտեցում է պարտադրում, որովհետև ժամանակին բոլորը խորը համոզված էին, որ որևէ ընտրություն չկա, կեղծվում են. «Այն ժամանակ այլ ձևեր էին գտնում դրսևորվելու համար։ Այս անգամ այդպես չէ, պետք է գնաս քվե ստանաս։ Հետհեղափոխական այս իրավիճակում Երևանի ավագանու ընտրություններն էլ ցույց տվեցին, որ բավականին դժվար է դրսևորվել, ինչ-որ նիշա գտնել, ասելիք ունենալ, փորձել գրավել մարդկանց։ Էլ չեմ ասում, որ նոր իշխանությունները ոչ մի կերպ հետ չեն կանգնում սև-սպիտակի գաղափարից։
Ճիշտ է, հիմա ասում են, որ այդ ժամանակն անցել է, բայց մենք տեսնում ենք, որ ՀՀԿ-ն որոշել է մասնակցել ընտրություններին և դրանով էլի մյուս կուսակցություններին դուրս թողնելով առանցքից։ Այսօր էլ մենք տեսնում ենք, որ մյուս կուսակցությունների ձայնը դուրս չի գալիս և ոչ մեկին չի էլ հետաքրքրում, թե ովքեր են մասնակցում ընտրություններին։ Այսպիսի իրավիճակ ստեղծվում է, երբ մի ընդհանուր գիծ է ստեղծվում, որտեղ մի կողմում գործող համակարգն է, մյուս կողմում՝ հինը»,-ընդգծեց Մանվել Սարգսյանը։