25.11.2024

Центр в Прессе

Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Հովիկ Աբրահամյանը գումար չունե՞ն. հեռուստամարաթոն 2017 (Armtimes.com)

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Նոյեմբերի 23-24-ին Լոս Անջելեսում տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հերթական հեռուստամարաթոնը, որի ընթացքում հանգանակվեց մոտ 12,5 միլիոն ԱՄՆ դոլար: Հիմնադրամին խոշոր գումարներ նվիրաբերեցին` անանուն բարերար (ԱՄՆ) 2 մլն 500 հազար դոլար, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյան՝ 2 մլն 250 հազար դոլար, Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարան՝ 350 հազար ԱՄՆ դոլար, ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյան՝ 200 հազար ԱՄՆ դոլար, Վարդանյանների ընտանիք (Գրանդ Քենդի)՝ 125 հազար ԱՄՆ դոլար, «Փեթակ» տոնավաճառի սեփականատեր, նախագահի աշխատակազմի գործերի կառավարիչ Վարուժան Գրիգորյան՝ 100 հազար ԱՄՆ դոլար, «Ֆլեշ» բենզալցակայանների ցանցի սեփականատեր Բարսեղ Բեգլարյան՝ 100 հազար ԱՄՆ դոլար, անանուն բարերար (ԱՄՆ)՝ 100 հազար ԱՄՆ դոլար:

«Հայկական ժամանակը» թեմայի շուրջ զրուցել է քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ:

- Պարոն Սարգսյան, Լոս Անջելեսում «Հայաստան» համահայկական հիմնադրամի հերթական հեռուստամարաթոնի ժամանակ հանգանակվեց 12,5 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարի հավաքագրվել էր 15,5 մլն դոլար՝ 3 մլն-ով ավելի: Հաշվի առնելով, որ մարաթոնը տեղի է ունենում արդեն երկու տասնյակից ավելի, արդյո՞ք այս տարիները պետք է հիմք հանդիսանային, որ աշխարհում ապրող 10 միլիոն հայերն ավելի շահագրգռված լինեին շատ գումար փոխանցելու հարցում, թե՞ ոչ:

- Տարբեր տարիներին անկումներ շատ են եղել: Կային տարիներ, որ միլիոններ չէր հավաքվում, բայց տարիներ էլ կային, որ շատ էր հավաքվում: Սա կապված է ծրագրերի հետ: Ծրագրեր կան, որ մարդկանց շահագրգռում են՝ ճանապարհների, դպրոցների, մանկապարտեզների կառուցումը: Ես էլ եմ կարծում, որ ավելի էֆեկտիվ է նման շինարարություն կատարելը: Մյուս պատճառը, որ քիչ են փոխանցում այն խոսակցություններն են, որ գումարները տեղ չեն հասնում եւ դա կապում են Հայաստանի ու Արցախի իշխանությունների հետ: Սա շատ մեծ ազդեցություն է ունենում, բայց պետք է նշեմ, որ այս ծրագրով իրականացված ջրամատակարարման ծրագիրը շատ լավ աշխատանք էր: Սրա նման ակտիվ փոխանցումներ եղան, երբ բազմազավակ ընտանիքների համար տներ կառուցվեցին:

- «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվետվությունից տեղեկանում ենք, որ այս տարիների ընթացքում հանգանակվել է ավելի քան 330 մլն դոլար: Այս գումարը բավական չէ՞ր խնդիրների լուծման համար: Փոխանցված գումարներն արդյունավետ են ծախսվու՞մ:

- Արցախում միլիարդավոր դոլարների խնդիրներ կան լուծելու, բայց հայկական աշխարհը հիմա այսքանն անելու հնարավորություն ունի: Տարիներ առաջ կիլոմետրով ճանապարհներ կային, որ հնարավոր չէր լինում անցնել, բայց հիմա էլ տներ կան, որ ցարական ժամանակներից է սարքած ու մարդիկ շարունակում են դրանց մեջ ապրել: Պետք է կարողանանք գոնե ջրամատակարարման խնդիրը լուծել, գյուղեր կան, որ մարդիկ տարիներով ջրի կարոտ են:

- Պարոն Սարգսյան, այս տարի հեռուստամարաթոնի թեման «Բերքառատ Արցախն» էր: Նախատեսվում է ստացված գումարն ուղղել Արցախի տարածքում խորքային հորերի հորատմանն ու նոր ոռոգման ցանցի կառուցմանը, ինչպես նաեւ Արցախում տեղադրվելու արևային էներգետիկ կայաններ: Միաժամանակ դուք նշում եք, որ փոխանցումները շատ են լինում, եթե ճիշտ ոլորտ են ընտրում՝ գումարի ծախսման համար: 2017-ի ծրագիրն ըստ Ձեզ ճի՞շտ էր ընտրված:

- Այս տարվա ծրագիրն ինձ համար էլ էր անհասկանալի: Նման գումարներով մեծ գործեր անել այդ ոլորտում հնարավոր չէ: Իսկ ինչ վերաբերվում է հորերի հետ կապված իրականացվող աշխատանքներին չգիտեմ, թե դա ինչքանով է նպատակահարմար, քանի որ բոլորս էլ գիտենք, թե հողերի սեփականության հետ կապված ինչ անարդարություն գոյություն ունի: Պետք է ընտրեն այնպիսի ծրագրեր, որոնք անմիջապես կապ ունեն մարդկանց հետ, ինչպես օրինակ մանկապարտեզների, դպրոցների, բնակարանների կառուցումն է:

- Հրապարակվեց խոշոր հանգանակություններ անողների ցանկը: Մեր մեծահարուստներն այս տարի ակտի՞վ էին, թե՞ պասիվ:

- Ակտիվությունը ո՞րն է, էլի նույն մարդիկ էին: Այս անգամ ասենք Ծառուկյանը հիմնադրամին փողը չի տվել, առանձին զորամաս կառուցելու ծրագիր է իրականացնում: Ակտիվության առումով այսպես ասեմ՝ օլիգարխը, եթե գումար է կուտակել, ուրեմն պետք է նա էլ փոխանցում անի: Բայց դա չպետք է անեն հարկային պարտականությունները չանելու հաշվին: Նրանք, եթե իրենց հարկային պարտավորությունները ժամանակին ու ճշգրիտ կատարեն, մեր երկրին ավելի օգուտ կտան: Հովիկ Աբրահամյանը եւ 2014 թվականի կառավարության անդամներ ունեւորները տվե՞լ են գումար, չեն տվել: Բա ու՞ր են, ամենահարուստ օլիգարխներն իրենք են, ինչու՞ ներդրում չեն անում: Բնական է, որ ոչ մի կոպեք չի փոխանցել: Պետք է նրանց անունները հրապարակել:

- Հայաստանի նախկին եւ ներկա բարձրաստիճան պաշտոնյաների եւ նրանց հարազատներից շատերի անունները չի հնչում որպես հանգանակություն կատարած բարերարներ: Մասնավորապես՝ նախագահ Սերժ Սարգսյանը եւ եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը, կամ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրանք չունե՞ն, թե՞ չեն ուզում փոխանցել:

- Չունե՞ն, էդ ո՞նց չունեն: Նախագահի եղբայրների մասին, որ այդքան ասում են, թե միլիարդներով այս արեցին, այն արեցին, երբեւէ լսե՞լ եք, որ ասեն՝ զրպարտում եք, մենք այդքան փող չունենք:

http://armtimes.com/hy/article/125920

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.