25.11.2024

Еженедельный Обзор

6-13 հուլիսի 2024թ.

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Անցնող շաբաթվա մեկնարկը հարեւան Իրանում նշանավորվեց երկրի նոր ղեկավարի ընտրությամբ: ԻԻՀ առողջապահության նախկին նախարար, ռեֆորմիստ Մասուդ Փեզեշքիանը դարձավ երկրի 9-րդ նախագահը՝ արտահերթ ընտրությունների երկրորդ փուլում հավաքելով ձայների մոտ 53,6 տոկոսը։ Այս մասին հուլիսի 6-ին հայտնեց Իրանի Ներքին գործերի նախարարությունը։ Հաղորդվեց, որ բոլոր 30.530 մլն քվեաթերթիկների մշակման արդյունքներով Փեզեշքիանը հավաքել է 16.384 մլն ձայն: Հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում Իրանի առաջնորդի ներկայացուցիչ, պահպանողական Սաիդ Ջալիլին ստացել է 13.538 մլն ձայն կամ ընտրողների քվեների 44,3 տոկոսը:

Անտարակույս՝ Հայաստանի համար չափազանց կարեւոր են անմիջական հարեւանի ու բարեկամ երկրի ղեկավարի անձը, նրա քաղաքական նախընտրանքները, տեսլականը, աշխարհայացքը: Բաքվի քարոզչամեքենայի ազդեցության տակ մեզանում տարածված «կարծիքը», թե Փեզեշքիանն ազգությամբ ադրբեջանցի է, ըստ իրանագետ Վարդան Ոսկանյանի, չի համապատասխանում իրականությանը: «Իրանի նոր նախագահը, բնականաբար, իրանցի է, որը սերում է Ատրպատականից»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետը: Մասուդ Փեզեշքիանը 69 տարեկան է, ծնվել է Ատրպատականի նահանգի Մահաբադ քաղաքում, կրոնական ընտանիքում: Մասնագիտությամբ սրտաբան-վիրաբույժ է, ունի պրոֆեսորի գիտական կոչում:

Փեզեշքիանը՝ որպես Իրանի նախագահի թեկնածու, գրանցվել էր նաեւ 2013 եւ 2021 թվականների ընտրություններին։ Առաջին անգամ իր թեկնածությունը հանել էր Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի օգտին, իսկ երկրորդ անգամ Սահմանադրության պահապանների խորհրդի կողմից նրան թույլ չէր տվել մասնակցել ընտրություններին: Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին եւ արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող ուղղաթիռը կործանվել էր մայիսի 19-ին երկրի հյուսիս-արեւմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Բարձրաստիճան պաշտոնյաները վերադառնում էին Արաքս գետի վրա հիդրոհանգույցների բացման արարողությունից, որին մասնակցում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Լուսահոգի Էբրահիմ Ռայիսին ՀՀ-ի հետ ջերմ հարաբերությունների եւ, ի մասնավորի, Սյունիքի սահմանների անառիկության, ինքնիշխանության պահպանման կողմնակից էր եւ կտրուկ դեմ էր տարածաշրջան օտար ուժերի ներկայությանը, որոնք, իրանական կողմի համոզմամբ, միջազգային դիտորդական առաքելության շղարշի տակ այլ նպատակներ են հետապնդում: Ռայիսիի համար անընդունելի էին նաեւ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ պաշտոնական Բաքվի նկրտումները, ինչը նաեւ ԻԻՀ-ի շահերից չէր բխում: Նա նույնիսկ իր տարածքով այլընտրանքային ճանապարհ էր առաջարկել Ադրբեջանին:

«168.am»-ի հետ զրույցում իրանցի վերլուծաբան Ալի Սալամին վստահեցնում է՝ ով էլ լինի նախագահը, Իրանը չի փոխելու տարածաշրջանային իր քաղաքականությունը, իսկ ՀՀ-ի հետ կապված մոտեցումներն՝ առավելապես, քանի որ դա հայտարարվել է Գերագույն հոգեւոր առաջնորդի կողմից։ «Դրանից առավել կարեւոր ուղերձ, ավելի բարձրաստիճան ուղերձ Իրանից այդ մասով չէր կարող լինել՝ անկախ ընտրությունների, ընտրական փուլի եւ դրա արդյունքների փաստից»,- հստակեցրել է վերլուծաբանը։ Իր հերթին՝ ՀՀ-ում Իրանի իսլամական հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին անուղղակիորեն զգուշացրել է ՀՀ իշխանություններին՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացման հնարավոր վատ հետեւանքների մասին։

Կսթափեցնի՞ դիվանագիտական լուրջ եւ ուսանելի փորձառություն ունեցող պետության բարեկամեցողական ժեստը մեր իշխանություններին, թե՝ ոչ, ցույց կտա ժամանակը, որի սուղ հնարավորությունը նրանք մսխում են երկրորդական, անկարեւոր գործերի վրա՝ երկրի ճակատագիրը թողնելով բախտի քմահաճույքին:

 

Մինչ ՀՀ իշխանությունները զբաղված են հեծանվավազքի կամ արեւադարձային երկրներում իրենց ամառային հանգստի հետ կապված մանրմունր վայելքներով, թշնամի Ադրբեջանն ուղի է հարթում շուտափույթ անդամակցելու Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ)՝ բավական ազդեցիկ մի կառույցի, որում ընդգրկված են ավանդաբար Արեւմուտքին հակադրվող ուժերը, մասնավորապես ՌԴ-ն եւ Չինաստանը: Իլհամ Ալիեւն արդեն հասցրել է վերջինիս հետ ռազմավարական գործընկերության մեջ մտնելու հռչակագիր ստորագրել, ինչն Ադրբեջանին թույլ կտա եւս մեկ քայլով մոտենալ ՇՀԿ-ի ընտանիքին եւ աշխուժացնել գործակցությունը արեւմտյան դաշինքի շրջանակից դուրս աշխարհաքաղաքական հիմնական դերակատարների հետ:

Ակնհայտ է, որ Չինաստանն իր նոր ռազմավարական գործընկերոջն ըստամենայնի կաջակցի մտնել Շանհայի համագործակցության կազմակերպության մեջ, իսկ դա, իր հերթին, դեպի «ԲՌԻԿՍ» (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ) տանող ցատկահարթակ կծառայի Ադրբեջանի համար: Վերջինս կարողանում է հմտորեն օգտվել առկա հնարավորություններից՝ իր երկրի աշխարհաքաղաքական կշիռը բարձրացնելու համար՝ ի տարբերություն Հայաստանի, որը ձեռքից բաց է թողնում հնարավորության բոլոր պատուհանները: Ավելին՝ ոչ միայն անտեսում է միջազգային միավորումներին ինտեգրվելու կարեւորությունը, այլեւ փորձում է դուրս գալ արդեն գործողներից: ՀԱՊԿ-ը՝ ձեզ օրինակ:

Ադրբեջանի ցանկացած հաջողություն, ըստ էության, Հայաստանի համար ստեղծում է մարտահրավերներ, որոնք օրեցօր ավելի են ահագնանում։ Որպես նման մարտահրավեր կարելի է դիտարկել ՇՀԿ-ի՝ Աստանայում հուլիսի 4-5-ը տեղի ունեցած գագաթաժողովը, որի հրավիրյալների թվում էին Թուրքիան եւ Ադրբեջանը: Իսկ այսօր լինել հրավիրյալ՝ նշանակում է վաղը դառնալ այդ հեղինակավոր կառույցի լիիրավ անդամ, ապաեւ հասնել «ԲՌԻԿՍ»-ին, որի ընդլայնումը, այսինքն՝ հզորացող այս դաշինքին Արգենտինայի, Եգիպտոսի, Իրանի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի եւ Եթովպիայի անդամակցությունը, նոր հնարավորություններ է բացում, մասնավորապես թույլ է տալիս գործել գլոբալ Հարավի անունից:

Այդպես է Իլհամ Ալիեւը դիվերսիֆիկացնում (բազմազանեցնում) անվտանգության իր համակարգը, իսկ Նիկոլ Փաշինյա՞նը… միգուցե՝ հեծանիվ քշելո՞վ:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովը (ՖԽՎ) հուլիսի 9-ին ընդունել է «ԼՂ հայերի եւ ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ» բանաձեւը: Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահի ֆեյսբուքյան գրառումից: Բանաձեւը, ի մասնավորի, հաշվի առնելով ԼՂ-ի վրա Ադրբեջանի՝ 2023թ. սեպտեմբերի 19-ի հարձակումը, ավելի քան 100 հազար հայերի բռնի տեղահանումը եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության շարունակական խախտումները, ՖԽՎ-ն կոչ է անում հարգել ՀՀ-ի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունն իր սահմաններում: «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի 2023թ. սեպտեմբերի 19-ի հարձակումը, ԼՂ հայ բնակչության էթնիկ զտումը եւ հայկական մշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացումը»,- ասված է բանաձեւում:

Հուլիսի 9-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) ղեկավար Սամանթա Փաուերը ժամանեց Երեւան: Այցի ընթացքում Փաուերը հանդիպումներ ունեցավ պետական պաշտոնյաների, քաղհասարակության ներկայացուցիչների, ԶԼՄ-ների եւ գործարար ոլորտի առաջնորդների հետ: «Միացյալ Նահանգները վերահաստատում է իր հաստատակամ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը, տնտեսական դիմակայունությանը, ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը»,- ասված է ՄԶԳ-ի տարածած հաղորդագրության մեջ: Նախատեսված է նաեւ Փաուերի հանդիպումը տեղահանված անձանց հետ՝ ուժեղացնելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի կառավարությանը հումանիտար՝ ներառյալ հոգե-սոցիալական, եւ առավել երկարաժամկետ օգնություն տրամադրելու տեղահանվածներին՝ վերականգնելու իրենց կյանքը:

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը, ինչի մասին հուլիսի 8-ին հաղորդել է Կառավարության լրատվական վարչությունը: Նիստի ընթացքում քննարկվել են Զինված ուժերի ընթացիկ բարեփոխումների եւ միասնական կառավարման ավտոմատացված համակարգի, ինչպես նաեւ կենսաբանական անվտանգությանն առնչվող հարցեր՝ ասված է հաղորդագրությունում: Այլ մանրամասներ չեն փոխանցվում:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն հուլիսի 9-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին։ Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Մոհամմադ Նաջաֆին: Պապիկյանը շնորհավորել է նորանշանակ ռազմական կցորդին, մաղթել հաջողություններ կարեւոր առաքելության մեջ: Ըստ հայկական կողմի՝ քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Իրան համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Վաշինգտոնում հուլիսի 10-ին մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը՝ հայտնում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչությունը: Ադրբեջանի ԱԳՆ-ն էլ հայտնում է, որ ՆԱՏՕ-ի շրջանակներում, ԱՄՆ պետքարտուղարի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ տեղի են ունենում Ադրբեջան-Հայաստան բանակցություններ՝ խաղաղության համաձայնագրի եւ միջպետական հարաբերությունների հաստատման շուրջ։ Հիշեցնենք՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները Վաշինգտոնում են՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթաժողովին։

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը եւս 3 ամիս կմնա կալանքի տակ. հուլիսի 11-ին դատարանը նրան մերժեց պաշտպանների՝ տնային կալանքի, 40 միլիոն դրամի եւ երաշխավորությունների առաջարկը: ՀՀԿ փոխնախագահը մեղադրվում է 2010-ականներին կրթության նախարար եղած ժամանակ փողերի լվացումը, վստահված գույքի հափշտակումը, պաշտոնեական լիազորությունների վերազանցումը կազմակերպելու համար։ Աշոտյանը մեղադրանքը չի ընդունում, թե՛ ինքը, թե՛ թիմակիցները հայտարարում են, որ վերջինս քաղբանտարկյալ է, կալանավորվել է իշխանությանը քննադատելու համար:

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.