Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ
Ադրբեջանի նախագահը նոյեմբերի 8-ին հայաթափված Արցախի մայրաքաղաքի Ազատության հրապարակում անցկացրեց, այսպես կոչված, հաղթանակի զորահանդես, որին ներկա էին նաեւ կինը՝ Մեհրիբան Ալիեւան, եւ Հեյդար որդին: Սեպտեմբերի 20-ից Բաքվի վերահսկողության տակ անցած Ստեփանակերտում ուժի նման ցուցադրություն ձեռնարկելով՝ Ադրբեջանը, ըստ երեւույթին, փորձում է արցախահայության տունդարձի խնդրով շահագրգիռ երկրներին, այդ թվում՝առաջին հերթին Ռուսաստանին, հասկացնել, որ ամենեւին մտադրություն չունի ետ ընդունելու նախկին բնակիչներին: Այնինչ ՌԴ-ն դեռ հույսեր է փայփայում, որ մի քանի հազար հայ, այնուամենայնիվ, կվերադառնա Արցախ, ինչը թույլ կտա պահպանել իր ներկայությունը:
Բայց գանք զորահանդեսի թեմային: Հատկանշական է, որ օրեր առաջ, երբ Ադրբեջանի ռազմատենչ ղեկավարը պատրաստվում էր ստեփանակերտյան զորահանդեսին, ՀՀ-ի նրա պաշտոնակիցը զբաղված էր ոչ այլ ինչով, քան Էջմիածնում «ՀՀ վարչապետի գավաթի համար» սիրողական վազքի մրցաշար անցկացնելու «հույժ կարեւոր» գործով: Եվ դեռ զարմանում ենք, թե ինչու մենք անընդհատ տարածքներ ենք կորցնում, զոհեր ենք տալիս, իսկ Ադրբեջանը միշտ շահած է դուրս գալիս: Պատասխանը, կարծես թե, պարզ է դառնում՝ Ալիեւն օկուպացված Ստեփանակերտում ռազմական իր ողջ ներուժն է ցուցադրում, իսկ Փաշինյանը Հայաստանում վազքի մրցույթի հաղթողներին է պարգեւատրում։
Հավաքվածների առջեւ ունեցած ելույթում Իլհամ Ալիեւը Զինված ուժերի զորահանդեսի անցկացումն անվանել է «պատմական իրադարձություն»: «Ես բազմիցս ասել եմ, այդ թվում նաեւ ՀՀ ղեկավարությանը, որ ադրբեջանական ժողովուրդը երբեք չի համակերպվի այս իրավիճակին։ Նրանք ինձ չեն լսել, եւ ահա այսօր կանգնած ենք այստեղ ու զորահանդես ենք անցկացնում»,- նշել է նա՝ հավելելով, որ Շուշիի «հաղթական օպերացիայից հետո» թշնամին կապիտուլացվել է, ինչն իրենց թույլ էր տվել առանց մի կրակոցի ետ ստանալ Աղդամի, Քելբաջարի եւ Լաչինի շրջանները։
Ելույթում անդրադարձ կա նաեւ հետպատերազմյան իրողությանը, որի համատեքստում Ադրբեջանի ղեկավարը մասնավորապես ասել է. «Պատերազմից հետո մենք ոչ մի օր կանգ չենք առել, արագացրել ենք բանակաշինության տեմպերը՝ ոչ ոքից դա չթաքցնելով։ Դրան զուգահեռ՝ վերահսկողություն ենք սահմանել սահմանի վրա՝ աստիճանաբար բարելավելով մեր դիրքային հնարավորությունները, որոնց շնորհիվ այժմ Հայաստանի նկատմամբ ունենք ռազմավարական մեծ առավելություն… Իսկ սեպտեմբերի 20-ից Ադրբեջանը լիովին վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը։ Այսօր եւ ընդմիշտ Ադրբեջանում անջատողականության որեւէ դրսեւորում չի կարող լինել»,- համոզված է Բաքվի սուլթանը։
Ալիեւի կազմակերպած «հաղթանակի զորահանդեսի» խորհուրդն ավելի դիպուկ, քան ՖԲ իր էջում նկարագրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը, դժվար է: Արժե այն մեջբերել ամբողջությամբ: Նախկին բարձրաստիճան պաշտոնյան ուզում է հասկանալ, թե այդ ո՞ւմ կամ ո՞ր Հայաստանին է հաղթել Ալիեւը, որ «հաղթանակի զորահանդես» է անում հայկական Ստեփանակերտում: «Արդյո՞ք այն Հայաստանին,
որի ԶՈՒ ստորաբաժանումների կեսից ավելին չի մտցվել 44-օրյա պատերազմի ակտիվ ռազմական գործողությունների մեջ,
որի «թավշյա» կառավարությունը միտումնավոր չի իրականացրել ռազմական դրությանը հարիր պատշաճ կառավարում եւ անհրաժեշտ գործողություններ,
որի վարչապետն իր ստորագրությամբ ավելի շատ տարածքներ է նվեր տվել, քան 44 օրում ուժասպառ եղած ադրբեջանական բանակն է զավթել,
որի վարչապետը միանձնյա ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում…»:
Եվ, շարունակելով հարցադրումները, փորձում է, այնուամենայնիվ, հասկանալ՝ իսկ միգուցե հաղթել է չճանաչված Արցախի՞ն,
«որի պաշտպանական բնագծերը Ադրբեջանը Թուրքիայի, Ուկրաինայի, Պակիստանի, Իսրայելի ու վարձկան ահաբեկիչների ակտիվ աջակցությամբ 10 օր շարունակ չէր կարողանում ճեղքել,
որի փորձառու հրամանատարների մեծ մասին Նիկոլը հեռացրել էր զինվորական պաշտոններից կամ մեղադրանքներ էր առաջադրել,
որն ինը ամիս շարունակ բլոկադայի եւ սովի էր մատնվել…»:
Եվ հանգում է միանգամայն տրամաբանական եզրակացության. «Իր այսօրվա ստեփանակերտյան «զորահանդեսի» համար Ալիեւը պարտական է Նիկոլ Փաշինյանին, Թուրքիային, Եվրոպային, Ռուսաստանին, ԱՄՆ-ին, աշխարհաքաղաքական իրավիճակին, նաեւ՝ նավթին ու գազին»: Վերջում էլ հիշեցնում է Պուտինի խոսքը՝ նույնիսկ ՌԴ նախագահն է ուղիղ հասկացրել. «Չլիներ Փաշինյանի Պրահայի հայտարարությունը՝ Իլհամ Ալիեւը Ստեփանակերտին կնայեր լավագույն դեպքում Շուշիի հեռավորությունից»:
Մնում է միայն ավելացնել. գուցե հետագայում դա էլ չկարողանար անել: Օդից ընկած «հաղթանակը» մի օր էլ կարող է հօդս ցնդել:
Երկուշաբթի՝ նոյեմբերի 6-ին, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում էին 2024թ. պետական բյուջեի քննարկումները, որոնց մեկնարկը տրվել էր երեք օր առաջ: Նիստին հրավիրված էր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, որը եկել էր ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի շրջանակում պատասխանելու պատգամավորների հարցերին: Բայց նրա արձագանքները՝ հատկապես ընդդիմադիր խորհրդարանականների հարցերին, լինելով խուսափողական ու մանիպուլյատիվ, բացասական ազդակների տեղիք էին տվել հանրային հարթակներում ու սոցցանցերում:
Պատասխանելով ՀՀ-ի կողմից ձեռք բերվող զենքի մասով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին՝ նախարարն ընդգծել է, որ Հայաստանը կարող է անհամեմատ ավելի շատ զենք բերել եւ անհամեմատ ավելի շատ երկրներից, քան նախկինների օրոք. «Ձեր քաղաքական կուսակցությունը կերազեր այդպիսի գործարքներ անել, գնալ տարբեր երկրներ եւ խնդրել… Համակերպված էիք, որ պիպետկով կաթացնեն էնքան զենք, ինչքան պետք է եւ չկաթացնեն էնքան զենք, երբ որ դրա կարիքը չլինի, որ էդտեղ էլ ՀՀ-ն հաշվարկված կերպով ծնկի բերվի եւ գործի դրվեն այլ սցենարներ։ Բարեբախտաբար, հիմա այլ վիճակում ենք»,- ասել է Միրզոյանը:
Տարօրինակ է, որ այսօրվա իրավիճակը, երբ խոցված-բզկտված է Հայաստանը, իսկ Արցախը՝ հայաթափված, նա բարեբախտություն է համարում՝ «հիմա այլ վիճակում ենք»: Չնայած այս չծպտված թրքասերների պարագայում ամեն ինչ տրամաբանական է՝ իսկն իրենց ուզածը: «Պիպետկայով կաթացնելու» անհեթեթ, մանվածապատ հատվածի մասին էլ չասենք՝ իսկական գլուխկոտրուկ է, որը հարիր չէ բարձրաստիճան պաշտոնյայի, առավել եւս դիվանագետի բառապաշարին: Մեկ այլ դրվագում էլ ասում է՝ զենքի ներկրման առումով ավելին կարող էին անել, «եթե չլինեին լոգիստիկ խնդիրներ»: Եթե չլինեին… սա արդեն ՔՊ-ականներին հարազատ ոճ է՝ նրանց բոլոր մտավարժանքների ակունքը:
Իբր՝ իշխանությունը գերազանց տիրապետում է իրավիճակին, ջանք ու եռանդ չի խնայում գործի մեջ, պատրաստ է անգամ սխրանքի, բայց արի ու տես, որ խանգարողները շատ են. Միրզոյանն իր պատասխանի համատեքստում թվարկել է դրանցից մի քանիսին. մի դեպքում դա «նախկիններն» են, որոնց ստեղծած անվտանգության գործիքակազմերն անհուսալի դուրս եկան, մյուս դեպքում չաշխատեց ռուս խաղաղապահների ինստիտուտը, երրորդ դեպքում՝ զենքի տեղափոխման ճանապարհին լոգիստիկ խնդիրներ ի հայտ եկան, չորրորդ դեպքում բարդությունների հետեւանք հանդիսացան Արցախում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումներն ու բռնի տեղահանություները եւ այդպես շարունակ: Ա՛յ, եթե դրանք չլինեի՜ն…
Միրզոյանի խոսքով՝ մասամբ ԱԳՆ-ի «ուսերին են ծանրացած» նաեւ փախստականների կարիքները: Նրա համոզմամբ՝ աշխարհում չկա մի կառավարություն, որը կարող էր անցնցում եւ առանց որեւէ խնդրի 3-4 օրում 100 հազարից ավելի փախստական ընդունել, եւ դա ալեկոծություններ չառաջացներ. «Միջազգային շատ գործընկերներ զարմացած են ՀՀ կառավարության արձագանքից ու կազմակերպվածությունից»,- ինքնագոհ ասել է ԱԳ նախարարը՝ կրկնելով իր շեֆին, որը «միջազգային գործընկերների զարմանքի» մասին մի քանի անգամ տարբեր «վարիացիաներով» պատմել է՝ առանց ամոթի զգացումի: Փոխանակ գետինը մտնելու, որ իրենց պատճառով 100 հազար մարդ զրկվել է շեն ու նորոգ իր բնօրրանից, լիքը տունուտեղից, գլուխ գովելու առիթ են գտել: Անբարո է, պարոնա՛յք:
Պատգամավորը շատ պարզ հարց է հնչեցնում. արդյոք ադրբեջանական պահանջների մեջ կա՞ անկլավների վերադարձի խնդիր եւ արդյո՞ք ադրբեջանական պահանջների մեջ կա ադրբեջանցիների՝ Հայաստանում բնակվելու հարց-պահանջ։ Այս հարցերը ենթադրում են «այո» կամ «ոչ» կարճ պատասխաններ, սակայն ԱԳ նախարարը «սարուձոր» է ընկնում, թե բանակցային ամեն մանրամասն չէ, որ կարելի է հրապարակել եւ այլն, վերջում էլ՝ ոճին հավատարիմ, հարցը հնչեցնողին անվանում ուրիշի наводка-ներով (իմա՝ ուղղորդում) համագործակցաբար աշխատող, ինչին ի պատասխան՝ արժանանում է ընդդիմադիր պատգամավորի կոշտ, բայց ինչ-որ տեղ համարժեք արձագանքին. «ձեզնից լավ наводка տվող չկա… գործակալ»:
Վեճը՝ վեճ, բայց տվյալ դրվագում Միրզոյանը, փաստացի, ընդդիմադիր պատգամավորի առաջադրած երկու հարցերից եւ ոչ մեկը չհերքեց: Մնացյալը «լո-լո»-ներ էին:
Երկու ամիս ապօրինի կալանքի տակ գտնվելուց հետո նոյեմբերի 6-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը, իրավունքի ուժով պայմանավորված, ազատ արձակվեց Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկից: ԿԸՀ-ի որոշմամբ նա ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Հայաստան» խմբակցությունում թափուր մնացած տեղի համար, որն առաջացել էր նույն խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի՝ հոկտեմբերի 23-ին տված ինքնաբացարկից հետո։ «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակով հաջորդ երեք համարները հրաժարվել էին վերցնել մանդատը, եւ այն վիճակվել էր չորրորդ համարի պատգամավորության թեկնածու Լեւոն Քոչարյանին:
Բայց արդյո՞ք վիճակվել էր, թե՞ հատուկ էր արվել՝ երրորդ նախագահի որդուն այդկերպ կալանքից դուրս բերելու նպատակով, որին, ի դեպ, կալանավորել էին օրինականության տարրական կանոնների ոտնահարմամբ: Իշխանամերձ «սազանդարներին», թերեւս, նման առիթ էր պետք վայնասուն բարձրացնելու համար, թե՝ տեսե՛ք, տեսե՛ք, ընդիմադիրները կեղծում են եւ այլն: Նույն մարդուկները, սակայն, բերանները ջուր առած, ծպտուն չհանեցին, երբ չորս վիթխարի կարմրաբերետավորներ խաղաղ ցույցի մասնակիցների շարքից Քոչարյանին քաշքշելով՝ դուրս էին հանում, խցկում ոստիկանական մեքենայի մեջ եւ բոլոր կողմերից հարվածներ հասցնում, ինչի արդյունքում լուրջ վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվում:
Արդարեւ, հակաօրինական ոչինչ չկա նրանում, որ Չարչյանի ինքնաբացարկից հետո գործընկերները քաղաքական համերաշխություն են ցուցաբերում երիտասարդ թիմակցի նկատմամբ՝ նրան զիջելով իրենց հերթը: Այլապես ՔՊ-ական ԿԸՀ-ն մեծ հաճույքով «խաչ կքաշեր» Լեւոնի ընտրության որոշման վրա: Հակաօրինականությունը, եթե ուզում եք իմանալ, նրա կալանավորումն էր, որը տեսնել չէր կարող միայն երկու աչքով կույրը: Հայտնի տեսանյութում ճշմարտությունը պարզ երեւում է՝ դա այն է, որ սեպտեմբերի 22-ին բերման ենթարկելիս՝ ոչ թե նա է «բռնություն գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ», ինչում նրան մեղադրում են, այլ ճիշտ հակառակը՝ իրեն են ոստիկաններն այնպես հարվածել, որ փակ գանգուղեղային վնասվածք է ստացել։
Բայց Լեւոնի՝ խորհրդարան գալով, ինչպես երեւում է, ՔՊ-ի հետապնդումները չեն դադարեցվելու: Արդեն շշուկներ կան, որ նրան կարող են զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից: Անգամ եթե դրա համար չլինեն էական հանգամանքներ, կարող են այդպիսիք ստեղծել կամ հորինել: Օրինակ՝ ԱԺ-ում նրա կյանքն անհնար դարձնելով. չէ՞ որ քաղաքական մեծամասնությունը խորհրդարանում ձեռնամարտեր հրահրելու լավ փորձ ունի: Եթե ալեքսանյաններին, պապոյաններին ու տարատեսակ «շիշբռնողներին» հաջողվում է հունից հանել անգամ Սեյրան Օհանյանի նման զուսպ, հավասարակշռված մարդուն, ապա ավելի երիտասարդ, տաքարյուն Լեւոն Քոչարյանի դեպքում դա նրանց համար ինչ մի դժվար բան է:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ նոյեմբերի 9-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Նույն օրը Փաշինյանը Ելիսեյան պալատում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Հաջորդ օրը՝ նոյեմբերի 10-ին, ՀՀ վարչապետը Փարիզում մասնակցել է «Խաղաղության 6-րդ համաժողով»-ին եւ հանդես եկել ելույթով: Փարիզի խաղաղության ֆորումի այս տարվա մասնակիցներից են Ֆրանսիայի նախագահը եւ Եվրոպական խորհրդի առաջնորդը:
«Մեզ նոր պատերազմ պետք չէ, մենք հասանք մեր ուզածին»: Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդումներով՝ այդ մասին նոյեմբերի 8-ին օկուպացված Ստեփանակերտում ռազմական շքերթին իր ելույթի ժամանակ ասել է Իլհամ Ալիեւը: Նա նշել է, որ Ադրբեջանին նոր պատերազմ պետք չէ, քանի որ հասել են իրենց ուզածին. «Մենք վերականգնեցինք միջազգային իրավունքը, վերականգնեցինք պատմական արդարությունը, վերականգնեցինք մեր ազգային արժանապատվությունը եւ թշնամուն ցույց տվեցինք իր տեղը»,- հայտարարել է Ալիեւը։
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ըստ մամուլի տեղեկացման, չի մասնակցի նոյեմբերի 8-ին Մոսկվայում կայանալիք՝ ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների հերթական հանդիպմանը: Չմասնակցելու պատճառների մասին չի հաղորդվում: Մամուլի մեկ այլ տեղեկատվության համաձայն՝ Գրիգորյանը կմեկնի Բրյուսել, որտեղ նոյեմբերի 10-ին կմասնակցի «Հայաստանի ռազմավարական ապագան. ՀՀ-Եվրոպա» խորագրով համաժողովին: Ըստ ԱԽ գրասենյակի հաղորդագրության՝ այցի ընթացքում նա մի շարք աշխատանքային հանդիպումներ կունենա:
Դելիում լույս տեսնող The Еurasian Times պարբերականի հաղորդմամբ՝ «Երեւանը հնդկական սպառազինության նոր խմբաքանակ է գնում»: Ըստ այդմ՝ պաշտոնական Երեւանը Հայդերաբադ քաղաքում գործող Zen Technologies ընկերության հետ անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգեր ձեռք բերելու շուրջ պայմանագիր է ստորագրել, որի ընդհանուր արժեքը կազմում 41.5 միլիոն ամերիկյան դոլար։ «Zen Technologies-ի հակադրոնային համակարգն իր արդյունավետությունն ապացուցած տեխնոլոգիա է, որն արդեն իսկ օգտագործվում է Հնդկաստանի ԶՈՒ-ի կողմից»,- ասել է The Еurasian Times-ի աղբյուրներից մեկը:
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը նամակով դիմել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ Ընդգծելով, որ վերջերս սոցցանցերում առանձին օգտատերերի շրջանում լայն տարածում են ստացել Արցախի պաշտոնատար անձանց կողմից առերեւույթ հանցագործություններ կատարելու մասին հրապարակումները՝ Շահրամանյանը Վարդապետյանին խնդրել է, որ նմանատիպ հրապարակումները դատախազությունն ընդունի որպես հանցագործության մասին հաղորդումներ եւ դրանց ընթացք տա օրենսդրությամբ սահմանված կարգով։ Շահրամանյանը նշել է, որ Արցախի իշխանությունները շահագրգռված են հնարավոր չարաշահումները բացահայտելու եւ մեղավոր պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու հարցում: