25.11.2024

Еженедельный Обзор

2-9 նոյեմբերի 2024թ.

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Այն օրվանից հետո, երբ Գյումրիի ավագանիում ամբողջ կազմով հրաժարական տվեց իշխող «Բալասանյան» դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիր»-ը քաղաքապետի նոր թեկնածուի փնտրտուքների մեջ էր, եւ այժմ արդեն վերջինիս անունը հայտնի է: Այդ մասին նոյեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահի աթոռը զբաղեցնող անձը: Եվ այսպես՝ Գյումրիում ՔՊ կուսակցության քաղաքագլխի թեկնածուն, ըստ Ալեն Սիմոնյանի, լինելու է Կարեն Սարուխանյանը, որն այժմ ԱԺ կառավարող քաղաքական ուժի խմբակցության պատգամավոր է ու ՔՊ տարածքային կառույցի նախագահը, իսկ նախկինում ղեկավարել է Շիրակի մարզը:

Թե երբ Գյումրիում կնշանակվեն ՏԻՄ ընտրությունները, առայժմ հստակեցված չէ, բայց Սիմոնյանը ենթադրում է, որ դրանք տեղի կունենան «եկող տարվա սկզբին կամ երկրորդ կեսին»: Սա անորոշության բավական լայն միջակայք է, եթե նկատի ունենանք, որ ՀՀ-ի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում, ըստ էության, անիշխանություն է տիրում: Նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ու նրա որդու, մյուս մերձավորների՝ այդ թվում փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանի դեմ քրգործեր հարուցելուց հետո «Բալասանյան» դաշինքը լքել է ավագանին, որտեղ մեծամասնություն էր, իսկ գործող քաղաքապետը հրաժարական է տվել:

Այժմ ավագանիում ամենամեծ խմբակցությունը «Քաղպայմանագիրն» ունի: Ակնհայտ է, որ Գյումրիում իշխանազավթում է տեղի ունեցել, ինչի հետեւանքով քաղաքային կյանքը օր-օրի կոլապսի է մատնվում: Ավագանու նախկին անդամ, Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանը կատարվող գործընթացներում «քաղաքական ենթատեքստ է տեսնում»: Դե, լավ է, որ Բարսեղյանը աչքերն ավելի լայն է սկսել բացել, բայց նորություն չէ, որ ՔՊ-ն ՏԻՄ-երն իր տանիքի տակ հավաքելու եւ, որպես ազդու ռեսուրս, ընտրություններում օգտագործելու ուղեգիծ է որդեգրել: Չենթարկվողների հետ էլ վարվում է այնպես, ինչպես՝ «Բալասանյան» դաշինքի:

Իրավապահները Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանին մեղադրում են նրա քաղաքապետության տարիներին փաստաթղթերի կեղծման ու առքուվաճառքի գործարքի ձեւակերպման միջոցով «Սեւ բերդի» հարակից հողերն ապօրինաբար օտարելու եւ օտարված բոլոր հողակտորները Բալասանյան կրտսերին վաճառելու համար: Գործում առկա են նաեւ Բալասանյան ընտանիքի հետ փոխկապակցված անձինք, որոնց նկատմամբ եւս մեղադրանքներ են առաջադրվել. 5 մեղադրյալներից 3-ը տնային կալանքի տակ են, 1-ը չհեռանալու ստորագրություն է տվել, իսկ այս պահին ԱՄՆ-ում գտնվող 70-ամյա Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշում է կայացվել:

Գյումրիում վխտում է անիշխանությունը, խորացող ճգնաժամը խաթարել է առտնին կյանքի ռիթմը: Անգամ անհնարին է դարձել քաղաքապետարանի ու նրա ենթակայության տակ գործող Համայնքային ոչ առեւտրային  կազմակերպությունների (ՀՈԱԿ) շուրջ 2000 աշխատակիցների աշխատավարձերի փոխանցումը՝ համապատասխան փաստաթղթերը ստորագրող անձի բացակայության պատճառով: Քաղաքապետարանը կաթվածահարված է՝ սոցիալական, քաղաքաշինական եւ զանազան այլ հարցերով դիմող քաղաքացիներին պատասխանող չկա, հանրության համար վիճակն անտանելի է: Եվ ամենահետաքրքիրն ու տարօրինակն այն է, որ ՔՊ-ական իշխանության պնդմամբ՝ այս ամենն արվում է, իբր, հանուն հանրային շահերի:

 

Ընդհանրապես՝ վերջին շրջանում մեր իշխանությունները չեն դադարում հանրությանը զարմացնել, եթե չասենք՝ սադրել իրավիճակին անհամարժեք գործողություններով ու աղմկահարույց միջադեպերով: Նման դիպվածներից էր նախորդ շաբաթավերջին Ազգային ժողովի միջանցքներում MediaHub.am կայքի լրագրող Վահե Մակարյանի նկատմամբ ՀՀ խորհրդարանի նախագահի պահվածքը, որը դժվար է բնորոշել այլ կերպ, քան փողոցային խուլիգանություն: «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ Ալեն Սիմոնյանը հայհոյանքներ է հնչեցրել՝ գործածելով փողոցային բառապաշար, որը լսելի է եղել ողջ խորհրդարանում:

Մամուլի տեղեկացմամբ՝ լրագրողը Սիմոնյանին մոտեցել է հարցազրույցի խնդրանքով, բայց խոսակցությունը ցանկալի հունով չի գնացել, իրավիճակը լարվել է, զրույցը վերածվել վիճաբանության, գոռգոռոցների ու փոխադարձ հայհոյանքների: Մթնոլորտն այնքան է թեժացել, որ թիկնազորով շրջող ԱԺ նախագահի անվտանգության աշխատակիցները, «ավանդույթի համաձայն», բռնել են լրագրող Վահե Մակարյանի ձեռքերը, հավանաբար, որպեսզի Սիմոնյանը հարվածի կամ թքի նրա վրա: Մեծ բարեբախտություն է, որ Ալենն այս անգամ չթքեց, նույնիսկ չհարվածեց, այլ միայն բղավեց, հայհոյանքներ տեղաց՝ ինչպես վերջին փողոցային: Իսկ վերջնարդյունքում լրագրողին զրկեց ԱԺ հավատարմագրումից:

Առաջին անգամը չէ, որ Սիմոնյանը վիճաբանությունների մեջ է մտնում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ։ Իր քիմքին անհաճո լրագրողներին նա հաճախ է վիրավորում, սադրում կամ ծաղրուծանակի ենթարկում, իսկ երբ դիմակայության է հանդիպում, գործի է դնում իշխանական լծակները, որոնցից ամենաազդեցիկը ԱԺ հավատարմագրումից լրագրողին զրկելն է: Այդպես էր վարվել, օրինակ, լրագրողներ Սյուզի Բադոյանի եւ Անի Գեւորգյանի հետ: Վահե Մակարյանը ԱԺ նախագահի այդ «պատժամիջոցից» տուժած չորրորդ լրագրողն է: Ահա սա է խոսքի ազատությունից, ժողովրդավարությունից, ազատ կամարտահայտությունից ճամարտակող իշխանության իրական դեմքը:

Ի դեպ, այս օրերին էլ զանգվածաբար ձերբակալվում են քաղաքացիներ, որոնք «Թքող մոր թքող լակոտը» վերտառությամբ պաստառներ են փակցնում Երեւանի շենքերի պատերին: Ճիշտ է՝ թռուցիկներ տարածողները պատժվում են ազատազրկմամբ, սակայն դա նրանց չի կանգնեցնում՝ մարդկանց ստորացնելու համար պետք է պատասխան տալ: Ցավոք, Հայաստանում փաշինյանական արդարադատությունն իր յուրահատկությունն ունի՝ աջ ու ահյակ թքող-մրող ստահակին բաց են թողնում, իսկ դրա մասին խոսողին՝ դատապարտում ազատազրկման: Տատս կասեր՝ «անողը ներվում է, ասողը՝ ոչ»:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները նոյեմբերի 4-ին Բաքվի բանտում այցելել են ԼՂ նախկին քաղաքական եւ ռազմական ղեկավարներին։ Այս մասին հայտարարել է Կարմիր խաչի Բաքվի գրասենյակի հանրային կապերի պատասխանատուն՝ նշելով, որ հանդիպման ընթացքում կալանավորված գործիչների հետ դեմ առ դեմ հանդիպումներ են կազմակերպվել, նրանց համար «հարազատների հետ կապ հաստատելու հնարավորություն է ստեղծվել»։ Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել, որոնք դատարանի կողմից հաստատվելու դեպքում նրանց մինչեւ ցմահ ազատազրկում է սպառնում:

Նոյեմբերի 6-7-ը ՀՀ գործադիրի ղեկավարը տիկնոջ հետ աշխատանքային այցով մեկնել է Բուդապեշտ, որտեղ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 5-րդ գագաթաժողովին: Հունգարիայի մայրաքաղաքում նախատեսված էին նաեւ երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ: Կառավարության լրատվականի տարածած տեսանյութից ու լուսանկարներից պարզ է դառնում, որ Փաշինյանը ոտքի վրա կարճ զրույցներ է ունեցել Ֆրանսիայի եւ այլ երկրների ղեկավարների՝ այդ թվում Թուրքիայի նախագահի հետ։ Զրույցների ընթացքում անդրադարձ է եղել հայ-ադրբեջանական հարաբերություններին:

Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 4-ին Կրեմլում ընդունել է Ռուսաստանում նշանակված մի շարք դեսպանների՝ այդ թվում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանի հավատարմագրերը։ Վերջինս ՌԴ-ում Հայաստանի դեսպան է նշանակվել ՀՀ նախագահի  օգոստոսի 14-ի հրամանագրով։ Ընդհանուր առմամբ՝ Պուտինին իրենց հավատարմագրերը են հանձնել 28 երկրների նորանշանակ դեսպաններ, որոնց թվում էր նաեւ Ադրբեջանի ներկայացուցիչը՝ դեսպան Ռահման Մուստաֆաեւը։ Նա այս պաշտոնում փոխարինել է ավելի քան 18 տարի որպես դեսպան պաշտոնավարած Փոլադ Բյուլբյուլօղլիին, որն Ադրբեջանում ճանաչված երգիչ է։

Բաքվից գաղտնազերծել են խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերը, որոնց իսկությունը Երեւանը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է։ Դրանցից 2-ը, ըստ Ալիեւի կառավարությունից ֆինանսավորվող վերլուծական կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիեւի, վերաբերում են հայ-ադրբեջանական սահմանից ԵՄ դիտորդների դուրսբերմանը եւ Հայաստանի հետ իրավական վեճերի բացառմանը։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի իշխանություններին մոտ կանգնած այս փորձագետի պնդումներին, հայտարարել է. «Քանի որ այս պահին բանակցություններն ընթանում են, ես ճիշտ չեմ համարում ամբողջությամբ բացել, թե ինչի շուրջ են ընթանում քննարկումները»:

Նախագահ Վահագն Խաչատուրյանի նոյեմբերի 5-ի հրամանագրով Սրբուհի Գալյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար: Մինչ այդ 32-ամյա Գալյանը գլխավոր դատախազի տեղակալ էր: Պաշտոնի բուռն առաջխաղացումը սկսվել է Փաշինյանի իշխանության օրոք. 2019-ին նշանակվեց արդարադատության փոխնախարար, մեկ տարի պաշտոնավարեց ու տեղափոխվեց Գլխավոր դատախազություն, իսկ մինչ այդ՝ դեռ 2015 թվականից, Քննչական ծառայությունում է աշխատել:

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.