Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ
Նոյեմբերի 13-14-ը երկօրյա պաշտոնական այցով Միացյալ Թագավորությունում գտնվող՝ ՀՀ արտաքին գործերի նախարարը Լոնդոնում հանդիպել է ՄԹ արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Ջոն Բյուի եւ ազգային անվտանգության խորհրդական Սառա Մաքինտոշի հետ։ Արարատ Միրզոյանը գոհունակությամբ նշել է, որ այս այցն արտացոլում է վերջին շրջանում հայ-բրիտանական քաղաքական երկխոսության դրական դինամիկան: Ընդգծվել է, որ Լոնդոնի սրտում նոր եւ առավել ներկայանալի ՀՀ դեսպանության նոր շենքի բացումը վկայում է երկկողմ օրակարգն ընդլայնելու եւ առկա ներուժն առավելագույնս իրացնելու՝ երկուստեք պատրաստակամության մասին:
Ի թիվս մի շարք այլ հարցերի՝ զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում խաղաղության հաստատման եւ կայուն տնտեսական զարգացման կարեւորությանը: Այս համատեքստում Միրզոյանը ներկայացրել է գործադիրի կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որն, ի դեպ, ՀՀ-ում միանշանակ չընդունվեց, ավելին՝ տեղիք տվեց որոշ մտավախությունների՝ չնայած դրա իրականացման արդյունքում իշխանությունների ունեցած դրական ակնկալիքներին: Փորձագետներից ոմանք չեն բացառում, որ Թուրքիան եւ Ադրբեջանը կհամաձայնեն այդ նախագծին, բայց դրա դիմաց ինչ-որ բան կպահանջեն մեզնից, օրինակ՝ հատուկ պայմանակարգ ՀՀ-ով անցնող ճանապարհի համար: Կամ, այսպես ասած, «անկլավների» հարցը սղղացնել:
ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը տարբեր «երանգներ» է տեսնում 2018-ից այս կողմ կառավարության կողմից գեներացվող խաղաղության օրակարգի ենթատեքստում: Ըստ նրա, ամեն անգամ խաղաղության մասին խոսելիս՝ մեզ մոտ բախումներ են լինում, Ադրբեջանն ավելի է լկտիանում, ունենում ենք կորուստներ, բռնագաղթ եւ այլն: «Ինձ՝ որպես քաղաքացու, անհասկանալի է այդ «Խաղաղության խաչմերուկը»։ Եթե կառավարությունը հստակ ձեւակերպի, թե դա ինչ է, ես կփորձեմ որոշակի տնտեսական հաշվարկներ անել»,- լրագրողների հետ զրույցում ասել է Արամյանը: Եվ, իսկապես՝ ծրագրի տնտեսական բաղադրիչը, կարծես թե, իշխանության կողմից անտեսվում է:
Ամեն դեպքում՝ ակնհայտ է, որ իշխանությունները հանիրավի գերագնահատում են «Խաղաղության խաչմերուկի» դերը՝ նրա տակավին անհայտ «փառքը» հասցնելով անգամ մինչեւ Մեծ Բրիտանիա: Պետություն, որի հարաբերությունները Թուրքիայի (անշուշտ՝ նաեւ Ադրբեջանի) հետ ավանդաբար շատ ավելի ամուր, ջերմ ու բարեկամական են, քան՝ Հայաստանի, եւ դա հասկանալի է՝ հաշվի առնելով թե՛ Թուրքիայում, թե՛ Ադրբեջանում բրիտանացիների ունեցած բիզնես-հետաքրքրություններն ու այլ շահերը: Հետեւաբար, որքան էլ Արարատ Միրզոյանը Լոնդոնում լեզու բանեցնի ՀՀ «խաղաղասիրության» իր խղճուկ հայտով, «մառախլապատ Ալբիոնի» գութը չի կարող շարժել. Բրիտանիան մշտապես եղել եւ մնում է առաջատարը հակահայ երկրների ցանկում:
Շաբաթը նշանավորվեց կարեւոր մի իրադարձությամբ, որի մասին երկար ժամանակ խոսում էին, ընդ որում՝ չափից ավելի շատ, ինչը ողջունելի չէ: Նոյեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ ՀՀ-ն Ֆրանսիայից ձեռք է բերել «Բաստիոն» տեսակի զրահամեքենաներ, որոնք, ուր-որ է, տեղ կհասնեն։ Այս տեղեկությունն առաջինը հայտնել էին Ադրբեջանի ԶԼՄ-ները՝ նշելով, որ արդեն վրացական Փոթի նավահանգիստ են առաքվել ՀՀ-ի համար նախատեսված՝ ֆրանսիական ACMAT ընկերության արտադրության «Բաստիոն»-ները: Ռազմական ոլորտում համագործակցության մասին Երեւանն ու Փարիզը համաձայնագիր էին ստորագրել դեռեւս հոկտեմբերի վերջին։ Ֆրանսիական կողմը նաեւ խոստացել էր ԶՈՒ բարեփոխումների հարցում օգնել Հայաստանին։
Ուրախանալու առիթ, անշուշտ, կա՝ մարդ ապահովության հաճելի զգացողություն է ունենում, բայց մյուս կողմից՝ բերանբացությունը տվյալ դեպքում տեղին չէ: Ամենալավ խորհրդատուն այստեղ զսպվածությունն է: Թեմային խորը տիրապետող փորձագետներն առանձնապես ոգեւորված չեն ո՛չ առաքված զրահամեքենաներով, ո՛չ էլ ֆրանսիական սիրալիրությամբ: Կան տեսակետներ, համաձայն որոնց՝ «Բաստիոն»-ները, հնարավոր է, մեզ որեւէ օգուտ չբերեն։ Oragir.News-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն անդրադարձել է այդ զրահամեքենաների արդյունավետությանը՝ նշելով, որ ռուսական արտադրության հակատանկային ցանկացած միջոց հեշտությամբ խոցում է «Բաստիոն» ամենագնաց զրահամեքենաները։
Փորձագետը միաժամանակ հիշեցրել է Ֆրանսիայի մեկ այլ զինատեսակ, որը շատ ավելի արդյունավետ է, եւ որը Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ օգտագործվել էր Ադրբեջանի կողմից։ Դա ռազմական նշանակության արբանյակն է՝ երկնքում այդ երկրի բացարձակ իշխանությունն ապահոված հիմնական կռվաններից մեկը: «Օդային մարտերը կառավարելու, թիրախները բացահայտելու գործողությունների ընթացքում Ֆրանսիայի ռազմական արբանյակն ուղղակի մասնակցություն է ունեցել»,- ընդգծել է Նահապետյանը: Նրա խոսքով՝ ֆրանսիացիները «Բաստիոն» համակարգերը ստեղծել են հատուկ աֆրիկյան երկրներում օգտագործելու նպատակով, որպեսզի ջերմաստիճանի մեծ տատանումների պարագայում դրանց շարժիչը չխափանվի:
Պարզվում է՝ «Բաստիոնը» եւ, ընդհանրապես, ցանկացած այլ տեսակի զրահամեքենա մեզ, խոշոր հաշվով, պետք չէ: Մասնագետները հուշում են, որ մեր նկատմամբ հակառակորդի առավելությունն օդում է, եւ անհրաժեշտ է դա չեզոքացնել: Հետեւաբար՝ ձեռք բերվող սպառազինությունը պետք է թիրախային լինի՝ այդ խնդիրը լուծելու համար։ Մեր հարեւան Իրանը քանի տարի է՝ մեզ հարմար գնում է առաջարկում՝ անօդաչու թռչող սարքեր, որոնց միջոցով կարելի է ե՛ւ խոցել, ե՛ւ մարտ կառավարել: Սահմանակից երկիր է, հեռուներից տեղափոխելու խնդիրն արանքից վերանում է, կարող ենք նաեւ մեր մասնագետներին հեշտությամբ վերապատրաստման ուղարկել: Շոու ցուցադրելու փոխարեն իշխանությունը լավ կանի՝ գործնական հարցեր լուծի:
Ինչ վերաբերում է Ֆրանսիայից գնված զրահապատ ամենագնացին, որը բավական արագընթաց, պաշտպանված մեքենա է՝ կարելի է փոխանցել Ոստիկանությանը, որպեսզի դրանով Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտության դեպքում մարզեր մեկնի: Պատկերացնո՞ւմ եք՝ հազարավոր ոստիկաններ ու պարեկներ կազատվեն նրան ուղեկցելու, ամեն մի անկյունում հսկողություն սահմանելու, ճանապարհները փակել-բացելու ծանր, հոգնատանջ ծառայությունից:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Բաքուն քննադատել է ՀՀ վարչապետի ելույթը օրեր առաջ Փարիզում կայացած Խաղաղության 6-րդ համաժողովի պանելային քննարկումներում։ «Փաշինյանի անհիմն հայտարարությունները ցույց են տալիս, որ Երեւանը չի հրաժարվում քաղաքական շահարկումներից եւ խեղաթյուրված մեկնաբանություններից», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի նոյեմբերի 11-ին հրապարակած հայտարարության մեջ, ըստ որի՝ Բաքուն «խստորեն դատապարտում եւ մերժում է ՀՀ վարչապետի այն պնդումները, թե Ղարաբաղի բնակիչները «էթնիկ զտումների» են ենթարկվել»: Փաշինյանը նաեւ շեշտել է, որ Բաքվի քարոզած «Արեւմտյան Ադրբեջան»-ի հայեցակարգը Հայաստանի դեմ նոր պատերազմի նախապատրաստություն է։
Հայաստանի ԱԺ-ն նոյեմբերի 18-20-ը կհյուրընկալի ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը: Դեռ հունիսին ՀՀ ԱԺ-ը պաշտոնական նամակով դիմել էր Խորհրդարանական վեհաժողովի նախագահին եւ գլխավոր քարտուղարին՝ հայտնելով, որ Հայաստանի խորհրդարանը պատրաստ է աշնանային նստաշրջանն անցկացնել Երեւանում: Ըստ ԱԺ-ի տարածած հաղորդագրության՝ ՀՀ-ում կհյուրընկալվեն կառույցի 57 անդամ պետությունների պատվիրակությունների շուրջ 300 պատգամավորներ: Կքննարկվեն Հարավային Կովկասի տարածաշրջանին առնչվող հարցեր: Նախատեսվում են նաեւ երկկողմ հանդիպումներ:
«Կարմիր խաչն» այս ամիս այցելել է Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ի հարձակումից հետո ձերբակալված եւ Ադրբեջանում պահվող հայ անձանց՝ «Ազատությանը» փոխանցել է ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ Միջազգային կառույցը, սակայն, չի նշում, թե կոնկրետ ում է տեսակցել։ Ամատունին միայն փոխանցել է, որ տեսակցել են նրանց, որոնց անունները հաստատել են իշխանությունները։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի հաղորդման՝ Արցախի վրա սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետեւանքով գերեվարվել է 16 անձ, որոնցից 6-ը զինծառայողներ են, 10-ը՝ քաղաքացիական անձինք։
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը դատապարտել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սուբհանիի հայտարարությունները «ՍիվիլՆեթ»-ին տված հարցազրույցում: «Նման կարծիքները վնասում են Ադրբեջանի եւ Իրանի հարաբերություններին, որոնք հիմնված են միմյանց տարածքային ամբողջականության, ինքնիշխանության նկատմամբ փոխադարձ հարգանքի վրա»,- ընդգծել է Հաջիզադեն՝ Իրանի դեսպանի կարծիքը համարելով սադրանք։ Ի՞նչը դուր չի եկել Բաքվին: Սոբհանին, ի մասնավորի, ասել է. «Միջանցքը միջազգային գրականության մեջ հաղորդակցության ուղի ասել է, բայց երբ այն առնչվում է Հայաստանին, հատուկ իրավական իմաստ է ստանում։ Նրանք, ովքեր այդ բառն օգտագործում են հատուկ իմաստով, իրենց հայտարարությունների հետեւում թաքնված մտքեր ունեն»։
Հայաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով նոյեմբերի 12-ին մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Նույն օրը նախարար Պապիկյանը ԱՄԷ փոխնախագահ, պաշտպանության նախարար, Դուբայի կառավարիչ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի հրավերով մասնակցել է Դուբայի ավիացիոն ցուցահանդեսի բացման արարողությանը: Հանդիսավոր մասից հետո Պապիկյանն այցելել է միջազգային ընկերությունների տաղավարներ եւ ծանոթացել ընկերությունների ցուցադրած արտադրանքին:
Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից ու մյուսներից բռնագանձել մոտ կես միլիարդ դրամ: Սա ճիշտ այն գումարի չափն է, որի հափշտակության համար մեղադրվում են պաշտոնաթող նախագահը եւ մյուսները՝ դիզվառելիքի գործով: Նոյեմբերի 13-ին նշանակված հերթական դատական նիստն այդ պատճառով հետաձգվել է: Սարգսյանի փաստաբանները երկու շաբաթ են խնդրել հայցին ծանոթանալու եւ իրենց առարկությունները ներկայացնելու համար: