Ինչպես «շինիչ» դիվանագիտությունը հայկական կողմերին հասցրեց Բաքվի թակարդը

ԵԱՀԿ Մինսկի խմբի արդեն նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի (ԱՄՆ) նախորդ շաբաթվա հայտարարությունը, իսկ ավելի կոնկրետ՝ ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման 6 դրույթների հրապարակումը բավական հետաքրքիր ազդեցություն ունեցավ՝ նպաստելով քննարկումների և բանավեճի առաջացմանը ինչպես հակամարտող երկրների հասարակությունների ներսում, այնպես էլ պաշտոնական կողմերի՝ Երևանի, Ստեփանակերտի և Բաքվի միջև:

Մի կողմ թողնելով հայ հանրության բացասական վերաբերմունքը Հոգլանդի կողմից վերաշարադրված Մադրիդյան սկզբունքների մի շարք կետերին, կարծիքներն այս նախագծի անընդունելիության կամ հնացած լինելու մասին՝ կարելի է ասել, որ մյուս կողմից Հոգլանդն իր հայտարարությամբ ստիպեց կողմերին հստակեցնել իրենց դիրքորոշումները կարգավորման առաջարկված ծրագրի կամ առնվազն այն սկզբունքների մասին, որոնք, ինչպես Հայաստանի կառավարությունն ու Մինսկի խմբի համանախագահներն են բազմիցս նշել, ընդունվել են որպես բանակցությունների հիմք թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի կողմից: Բնականաբար այս դաշտում սկսվեց հերթական մրցավազքը Երևանի ու Բաքվի միջև, թե կողմերից ով է ավելի «կառուցողական», կամ ո՞ր երկրի դիրքորոշումն է ավելի «համահունչ» ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներին:

«Կառուցողական» և «շինիչ» դիվանագիտություն

Մեկնաբանելով դեսպան Հոգլանդի հայտարարությունը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ ամերիկացի համանախագահը որևէ նոր բան չի ասել: Նախագահը վստահեցրել է, որ ամերիկացի համանախագահի հայտարարության մեջ որևէ վտանգավոր բան չկա հայկական կողմի համար, և ավելացրել, որ Հայաստանը բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը նշված կետերի վերաբերյալ: Այլ հարց է, որ Ադրբեջանն է խուսափում իր դիրքորոշումը հայտնելուց և ձևացնում է, որ այդպիսի սկզբունքներ գոյություն չունեն: Սրան ի պատասխան՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ եթե հայկական կողմն ընդունում է Հոգլանդի հնչեցրած սկզբունքները, այդ դեպքում անհրաժեշտ է սկսել «առարկայական բանակցություններ»՝ մանրամասների քննարկման նպատակով: Ավելի ուշ Հոգլանդի հայտարարությունը մեկնաբանել է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ ասելով, որ Հոգլանդի ասածներն իր համար նորություն չեն, բայց ներկայացված դրույթները, որոնք առաջ են քաշվել մոտ 10 տարի առաջ, շատ ընդհանրական են, և «որպեսզի այդ դրույթներն իրագործվեն, օրերով, շաբաթներով, ամիսներով պետք է փաստաթղթավորել»:

Դիվանագիտական նման «փոխհրաձգությունը» Երևանի ու Բաքվի միջև առաջացնում է մի շարք կարևոր հարցեր, որոնք կօգնեն հասկանալ, թե ինչ վիճակում է այսօր դիվանագիտական գործընթացը արցախյան հարցի շուրջ, մասնավորապես՝ ի՞նչ «առարկայական բանակցությունների» մասին է խոսում ադրբեջանական կողմը, դրանք կարո՞ղ են սկսվել այս իրավիճակում, կամ արդյո՞ք հայկական կողմը հրաժարվել է բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ այն նախապայմաններից, որոնք առաջ էին քաշվել 2016 թ. ապրիլյան իրադարձություններից հետո: Եվ ավելի կարևոր հարց՝ հայկական կողմը մշտապես հայտարարում է, որ ի տարբերություն Ադրբեջանի՝ մեր մոտեցումները համահունչ են միջազգային հանրության մոտեցումներին ղարաբաղյան հարցում: Անշուշտ, Ադրբեջանն իր այս հայտարարությամբ դիմում է շահարկումների՝ շրջանցելով այն հանգամանքը, որ «առարկայական բանակցությունների» համար նախ հարկավոր է ստեղծել համապատասխան պայմաններ, վստահության մթնոլորտ, ինչի անհրաժեշտությունն էլ պնդում է պաշտոնական Երևանը: Այնդուհանդերձ, կարո՞ղ է հայկական կողմը Մամեդյարովի այս քայլի պատճառով հայտնվել դիվանագիտական որոշ փակուղու մեջ: Ի՞նչ պատասխան է տալու պաշտոնական Երևանը ադրբեջանցի դիվանագետի հայտարարությանը:

Եվ մեկ անգամ ի ցույց դրվեց դիվանագիտական փակուղին

Խոսելով հարցերի շուրջ՝ Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց, որ Հոգլանդի հայտարարությունից հետո կողմերի արտահայտած դիրքորոշումները ևս մեկ անգամ ցույց տվեցին դիվանագիտական այն փակուղին, որը տարիներ շարունակ գոյություն ունի ԼՂ հարցի շուրջ: Իրականում հայկական և ադրբեջանական կողմերը նոր բան չեն ասել, ընդամենը կրկնել են իրենց մոտեցումները: Ադրբեջանն ասում է, որ իրենք բանակցում են մեկ խնդրի շուրջ, որ հայկական զորքերը պետք է դուրս բերվեն «Ադրբեջանի տարածքներից»: Իսկ հայկական կողմը հայտարարում է, որ բանակցությունները կվերսկսվեն միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը կատարի Ապրիլյան պատերազմից հետո կայացած Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ընթացքում ստանձնած իր պարտավորությունները:

«Այստեղ որևէ նոր բան չկա: Նորից բոլորը կրկնել են իրենց ասածները: Կարգավորման շուրջ որևէ բանակցություն գոյություն չունի, որովհետև Ապրիլյան պատերազմից հետո ընդունվել են որոշումներ, Հայաստանն ասել է՝ մենք կվերադառնանք բանակցությունների, եթե այս պայմանները կատարվեն: Այդ պայմանները չեն կատարվում: Ադրբեջանն ուզում է չկատարելով, բանակցել մի հարցի շուրջ՝ «ե՞րբ եք զորքերը հանում մեր տարածքից»»,- նշեց փորձագետը:

Մանվել Սարգսյանի խոսքերով՝ Ադրբեջանի դիրքորոշումը շատ հստակ է, մինչդեռ հայկական կողմը որևէ ստրատեգիա չունի, թե ինչպես է պատրաստվում հասնել հիմնախնդրի լուծմանը: Հայաստանի պաշտոնյաներն ընդամենը հայտարարում են, որ մեր մոտեցումները համահունչ են Մինսկի խմբի մոտեցումներին, մինչդեռ դա իրական դիրքորոշում չէ: Իրական դիրքորոշումն այն է, երբ դրվում է հստակ նպատակ:

«Այս հիմնախնդիրը շատ կոնկրետ է Ադրբեջանի համար: Հռչակելով անկախ պետություն 1991 թ.՝ ադրբեջանցիները հույս ունեին տեր կանգնել նաև Ղարաբաղին: Ուժ կիրառեցին, պարտվեցին, ստեղծվեց շփման գիծ, այդ շփման գիծը միջազգայնորեն ճանաչվեց, և Ադրբեջանն ուզում է այդ տարածքը վերցնել: Ինչի՞ հիման վրա է դա անում. դա անում է այն հիմքով, որ անընդհատ կրկնում է, թե ամբողջ աշխարհը, այդ թվում՝ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Նրանք դա կրկնում են, դնում կետ և ասում՝ մեր մասը տվեք մեզ, ուրիշ որևէ խնդիր մենք չունենք»:

Հայաստանը չունի որևէ ստրատեգիա

Քաղաքագետ Մանվել Սարգսյանի կարծիքով՝ Հայաստանի խնդիրն այն է, որ չկա որևէ ստրատեգիա՝ կապված բանակցային գործընթացի հետ, այդ պատճառով իրավիճակն այսօր այդքան վտանգավոր է:

«Որևէ մեկը չի ցանկանում հստակեցնել, թե ընդհանրապես ո՞րն է այս խնդրի լուծումը: Օրինակ՝ ես, որպես փորձագետ, միշտ ասում եմ՝ խնդիրը կլուծվի այն ժամանակ, երբ ճանաչվեն մարդկանց իրավունքները: Երբ ճանաչվում է իրավունքը, հակառակորդը զրկվում է ագրեսիայի հնարավորությունից: Սա գոյություն չունի Հայաստանի ռազմավարության մեջ: Մեր պաշտոնյաները չեն կարողանում ընդհանրապես բացատրել բանակցությունների իմաստը, որովհետև որևէ ստրատեգիա չունեն: Հայաստանը վաղուց պետք է ունենար իր դիրքորոշումն այս վիճակում՝ ի՞նչ նպատակով է գնում բանակցությունների, ի՞նչ խնդիրներ են այնտեղ լուծվում: Հայաստանը դրե՞լ է որևէ խնդիր՝ որպես նպատակ: Ընդամենը հայտարարում են, որ միջազգային հանրության և մեր մոտեցումները համընկնում են, նույնն են, իսկ Ադրբեջանը վատն է: Սա է Հայաստանի դիրքորոշումը, որը ոչ մի տեղ չի տանում: Փոփոխելու, վերանայելու որևէ մոտեցում գոյություն չունի: Երբ նման հարց ես բարձրացնում, ասում են՝ դա կխանգարի բանակցություններին: Սա կատարյալ դեմագոգիա է: Այս մարդիկ ոչինչ չեն ասում՝ իրենց ուզածն ի՞նչ է, գնում են բանակցությունների՝ ի՞նչ անեն: Դրա համար էլ այսպիսի վիճակ է, շատ վտանգավոր վիճակ, որն անընդհատ թողնում է իրավունքները Ադրբեջանի ձեռքին, Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի և աշխարհով մեկ հայտարարում է, որ իրավունք ունի ռազմական ճանապարհով լուծելու խնդիրը»:

Ամենաառարկայական հարցը

«Առաջին լրատվական»-ի խնդրանքով Ադրբեջանի արտգործնախարարի վերոնշյալ հայտարարությունը մեկնաբանեց նաև Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը՝ ասելով հետևյալը. «Մենք միշտ էլ ասել ենք, որ պատրաստ ենք առարկայական, ողջամիտ բանակցությունների, բայց որպեսզի բանակցությունները լինեն առարկայական և արդյունավետ, առաջին հերթին պետք է վերականգնել բանակցային լիարժեք ձևաչափը: Առանց դրա հակամարտության կարգավորումը պարզապես հնարավոր չէ: Պաշտոնական Բաքուն նման մեղադրանքներ հնչեցնելու փոխարեն պետք է նախ և առաջ այնպես անի, որպեսզի վերականգնվի բանակցությունների լիարժեք ձևաչափը: Դրանից հետո արդեն պետք է քննարկումներ ընթանան տարբեր հարցերի շուրջ: Ինչ վերաբերում է առարկայական բանակցություններին, ապա ամենաառարկայական թեմաներից մեկը Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված պայմանավորվածություններն են՝ զինադադարի խախտման մեխանիզմներ ստեղծելու մասին: Այստեղ էլ պաշտոնական Բաքուն որևէ քայլ չի կատարում: Սա ամենաառարկայական թեման է: Այսինքն՝ Մամեդյարովի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան սպեկուլյացիա, որի միջոցով Բաքուն ուզում է թյուրիմացության մեջ մտցնել միջազգային հանրությանը, սեփական հասարակությանը և ամեն ինչ անել բանակցությունները ձգձգելու և հարցի կարգավորումից խուսափելու համար»:

http://www.1in.am/2198861.html