Ադրբեջանի «լեզուն կարճացել է». Մանվել Սարգսյան

Լեռնային Ղարաբաղում պատրաստվում են սահմանադրական բարեփոխումների: ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը երկրի հանրային հեռուստատեսությամբ հայտարարել է, որ սահմանադրական բարեփոխումներից հետո երկիրը պաշտոնապես կանվանվի Արցախ:

Vesti.am-ը զրուցել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանի հետ:

-Պարո՛ն Սարգսյան, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն անվանափոխելն ի՞նչ կտա բանակցային գործընթացներին և ընդհանրապես:

Արցախ անունն արդեն վաղուց զուգահեռ օգտագործվում էր: Կարծում եմ՝ այն էական նշանակություն չունի, պարզապես պետական շինարարական գործում ներքին հարց է: Լուրջ ազդեցություն չի կարող ունենալ: Վերջերս շատ էին խոսում, թե ինչու է գործածվում Ղարաբաղը, երևի դրա համար էլ որոշել են փոխել:

-Ինչպե՞ս այն կնդունվի միջացգային հանրության կողմից:

Ես բազմիցս եմ նկատել, որ միջազգային փորձագետներն էլ, քաղաքական գործիչներն էլ օգնագործում են Արցախի Հանրապետություն տերմինը: Կարծում եմ՝ խնդիր չի առաջացնի:

-Վերջերս Վիտալի Բալասանյանը նշանակվեց ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղար: Ըստ Ձեզ՝ դա ի՞նչ լուրջ փոփոխությունների կարող է բերել:

Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ բավականին ակտիվ գործիչ էր: Նկատվում էր, որ իշխանության կողմից հետաքրքրություն կա դեպի Բալասանյանը: Լուրջ փոփոխությունններ չեն լինի:

-Ապրիլյան դեպքերից հետո գործընթացներում որևէ առաջընթաց տեսնում ե՞ք:

Միանշանակ ապրիլյան դեպքերից հետո բանակցություններում նոր իրավիճակ է ստեղծվել: Փաստորեն, Ադրբեջանը քաղաքական և դիվանագիտական խնդիրներ է ունեցել: Այդ դեպքերից հետո արևմտյան աշխարհում տարբեր մակարդակներում հաճախ են սկսել խոսել Արցախի անկախության ճանաչման մասին: Վիեննայի բանակցություններն էլ բավականին մեծ խնդիրներ առաջացրեցին Ադրբեջանի համար, քանի որ չնայած Ադրբեջանը համաձայնության եկել է, սակայն ցանկություն չունի դրանք իրականացնելու: Այդ առումով Ադրբեջանի «լեզուն կարճացել է»: Կարելի է հստակ ասել, որ բանակցային գործընթաց գոյություն չունի: Հայաստանը հստակ պայմաններ է դրել բանակցային գործընթացները վերսկսելու համար: Այսօր «գնդակն Ադրբեջանի տարածքում է», բայց նա քայլեր անելու հնարավորություն չունի: Այդ երկիրը միայն շարունակում է իր սադրանքները շփման գծում՝ հույս ունենալով, որ կարող է ազդել բոլորի վրա: Նկատենք նաև, որ այսօր Ադրբեջանը փորձում է Ռուսաստանի միջոցով փոխել ստեղծված այս իրավիճակը: Ռուսաստանը փորձում է Թուրքիայի հետ նոր քաղաքականություն կառուցել՝ դուրս գալով կոնֆլիկտային վիճակից և Ադրբեջանն էլ ուզում է օգտվել իրավիճակից: Հայաստանից բան չի երևում, օդից կախված հայտարարություններ են միայն, որևէ մեկնաբանություն էլ չի տրվում այդ ամենին: Չես էլ հասկանում, թե որտեղ է ԱԳ նախարարը:

-Մեկնարկում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքը: Ըստ Ձեզ, որքանո՞վ է կարողացել հիմնադրամը լուծել արցախահայության խնդիրները և կատարված աշխատանքները համահունչ ե՞ն հավքված գումարներին:

-Աշխատանքներ իսկապես կատարվում են, ոչ ոք չի կարող դա ժխտել: Բնակարարններ են կառուցվում, գյուղական համայնքներում ջրի հարցն է լուծվում, ճանապարհներն են բարեկարգվում… փաստացի ամեն ինչ արվում է: Խնդիրն այն է , թե ի՞նչ որակով է դա արվում և ամբողջ գումարները ո՞ւր են գնում: Այդ կառույցի նկատմամբ թերահավատություն կա, որը կապված է նրանց աշխատանքի հետ: Ինչքան էլ որ փորձեն ներկայացնել, թե ամեն ինչ արվում է թափանցիկ, մաքուր, միևնույն է բոլորս էլ հասկանում ենք, որ դա այդպես չէ: Այսօր շատերն են կոչերով հանդես գալիս, որ այդ կառույցին գումարներ չփոխանցեն: Նույնիսկ ապրիլյան դեպքերից հետո, ովքեր ցանկանում էին օգնել Արցախին, տեղի բնակչությունը, դա արեցին Արցախի կառավարության կողմից բացված հաշվեհամարի միջոցով:

http://vesti.am/archives/71296?lang=am