Հայաստանն առաջին անգամ ավելի սկզբունքային դիրքորոշում է որդեգրել. Մանվել Սարգսյան

NewsBook-ի զրուցակիցն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը:

- Պարո՛ն Սարգսյան, վերջերս ԼՂՀ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ասացին, թե ամեն մեկը պատասխանատու է իր երկրի դիրքորոշման համար: Սա նշանակում է, որ համանախագահները ԼՂՀ հակամարտության կարգավորման մասով միասնական որոշում չունե՞ն:

- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները միշտ նշում են, որ ԼՂՀ հիմնախնդրի շուրջ տարաձայնություն չունեն և այս պահի դրությամբ որևէ բան չի փոխվել: Սակայն նկատել եմ, որ կապված ՌԴ-ի հետ, երբ առանձին գործողություն ծավալելու հետ կապված քայլեր են լինում, միևնույն է, ինչ-որ համաձայնություն կա, բայց պատասխանատվության խնդիրն ամեն մի երկիր թողնում է իր վրա: Տեսանք ապրիլյան պատերազմից հետո՝ մայիսի 16-ին Վիեննայի հանդիպումը, որտեղ ԱՄՆ-ն շատ ակտիվ էր և բոլոր առաջարկները հենց Միացյալ Նահանգներն էր անում, սակայն սրան հաջորդեցին սանկտպետերբուրգյան հանդիպումները, բայց կարծես թե որևէ մեկը չէր հրաժարվել Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածություններից: Բնական է, որ որևէ մեկը չի վերցնի պատասխանատվություն այս կամ այն բանակցային փուլի համար և թողնում են այն համանախագահող երկրին, որը կոնկրետ կազմակերպել է հանդիպումը: Վստահ եմ, որ ձեր նկատածը կապված է տակտիկական խնդիրների հետ, որովհետև Ֆրանսիան փոխել է համանախագահողին և ԱՄՆ-ում էլ նոր իրավիճակ է՝ կապված նախագահի ընտրության հետ:

- Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում պետք է լիներ, ինչը չի կայանում: Սա ինչո՞վ է պայմանավորված, հնարավո՞ր է, որ Ադրբեջանն անգամ ֆորմալ բանակցություններն էլ չի ցանկանում վարել:

- Ապրիլյան պատերազմից հետո իրավիճակ է փոխել, ինչ-որ համաձայնություններ են եղել Վիեննայում: Ադրբեջանի առաջ պարզ և հստակ պայմաններ են դրված, ու նա պետք է այդ պայմանները կատարի, սակայն, բնականաբար, Ադրբեջանը չի ցանկանում կատարել: Իսկ եթե չի անելու պայմանավորվածություններն, ապա այդ հանդիպումների իմաստը ո՞րն է: Եթե հայկական կողմը չի գնում հանդիպման, ապա դա տրամաբանական է, քանի որ պահանջ կա, որ այն, ինչ համաձայնության են եկել, կատարվի, եթե ոչ՝ իմաստը ո՞րն է: Կարծում եմ՝ սա սրանից է գալիս, և ինչ-որ տեղ Հայաստանն առաջին անգամ ավելի սկզբունքային դիրքորոշում է որդեգրել: Պատահական չէ, որ Ադրբեջանն անընդհատ աղմկում է, նոր զենքերի մասին խոսում, լայնածավալ զինավարժություն անում, դիմում ՌԴ-ին՝ կապված ԵՏՄ-ի հնարավոր մասնակցության մասով: Այս ամենը քայլեր են Ադրբեջանի կողմից, որ փոխեն այս պահին ստեղծված դիվանագիտական վիճակը, քանի որ կա փակուղային վիճակ, որում հայտնվել է Ադրբեջանը և փորձում է միջազգային հարաբերություններում կատարվող նոր փոփոխություններն օգտագործել այս վիճակի փոփոխության համար:

- Կարո՞ղ ենք ասել, որ այս պահին դիվանագիտական տեսանկյունից քիչ առավելություն ունի հայկական կողմը:

- Վիեննայում Ադրբեջանը ստիպված է եղել ընդունել այդ առաջակները, քանի որ ընդամենն առաջարկներ են եղել, որ արել է ԱՄՆ-ն, իսկ Ադրբեջանը սկզբում չի ընդունել, հետո ստիպված համաձայնվել է: Հիմա, եթե չի կատարում, ապա ստիպված պետք է նոր քաղաքականություն վարել՝ մոռացության տալ, նոր վիճակ ստեղծել: Ի՞նչ ունի Ադրբեջանն իր ձեռքին, միայն ռազմական շանտաժ, այսինքն՝ ցույց տալ, որ մենք կգնանք այդ ճանապարհով, եթե չհրաժարվեք մեր առաջ դրված պարտադրանքներից:

- ԱՄՆ նոր նախագահ ընտրված Դոնալդ Թրամփն ասում են՝ պատերազմներ չսիրող է, և տեսակետ կա, որ նա կարող է սովետմիությունից մնացած հակամարտությունների կարգավորումն ամբողջությամբ հանձնել ՌԴ-ին: Նման բան հնարավոր համարո՞ւմ եք՝ հաշվի առնելով նաև այն, որ խոսվում է ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորման մասին:

- Այստեղ խնդիրն այն է, թե ի՞նչ նոր հարաբերություններ կստեղծվեն Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև: Այս օրերին այս թեման բավականին արդիական է, և Պուտինն էլ Թրամփին ուղղված իր շնորհավորական ուղերձում արդեն իսկ ընդգծել է, որ ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերականգնել հարաբերությունները: Սակայն Ռուսաստանի բոլոր փորձագետները գտնում են, որ դա տեսականորեն հնարավոր բան չէ, չեն հավատում նոր ու կտրուկ փոփոխություններին՝ ասելով, որ ԱՄՆ-ից այս հարցում շատ քիչ բան է կախված և սա ճիշտ է: Այսինքն՝ կախված է այս խնդրի կարգավորումից և նոր գլոբալ խնդիրը կպրոեկտվի կոնկրետ տարածաշրջանային խնդիրների վրա: Գլոբալ խնդիրը չլուծված՝ խոսել ռեգիոնալ խնդիրների մասին սխալ է, դրա համար մենք պետք է հետևենք, թե ինչ հարաբերություններ կլինեն ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև:

- Իսկ ի՞նչ կասեք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Դոնալդ Թրամփին ուղղված շնորհավորական նամակի մասին, որտեղ խոսել է Հայաստանի կողմից «բռնազավթած» ադրբեջանական շրջանների մասին: Սա ադրբեջանական հռետորաբանության արդյունքն է, թե՞ մութ կետեր կան:

- Իրականում, Ադրբեջանի նամակը սոլիդար վերաբերմունք չէ, որովհետև ճիշտ չէ, երբ շնորհավորում ես որևէ գերտերության կամ երկրի նախագահին և քո փոքր խնդիրը փորձում ես խցկել այդտեղ: Սա սոլիտ բան չէ և նման բաների նշանակություն տալու կարիք չկա: Խնդիրն այն է, որ Ադրբեջանը ցանկացած ձևով փորձում է իր ցավերը ներկայացնել և ցույց տալ, որ այն վերաբերմունքը, որը կլինի այդ խնդիրների մասին, Ադրբեջանի դիրքորոշումը համապատասխան կլինի: Նույնն արվում է ՌԴ-ի հետ, որովհետև ցանկացած հարցում, ցանկացած երկրի հետ Ադրբեջանն այդ կերպ է գործում, այսինքն՝ լուծեք մեր խնդիրները, և մենք համապատասխան վերաբերմունք ցույց կտանք:

http://newsbook.am/?p=93819