«Հիմա ո՞նց են պատժելու Ալիևին այս խոսքերի համար, ինչո՞ւ չեն պատժում»

Բաքուն հայկական կողմի հասցեին նոր սպառնալիքներ է հնչեցնում: Իլհամ Ալիևը ելույթներ է ունեցել նախ զինվորականների հետ հանդիպմանը՝ հայտարարելով, որ «Ադրբեջանը վերադարձնելու է իր տարածքներն այնպես, ինչպես վերադարձրեց Լելե Թեփեն»։

Ներկայացնում ենք ԳԱԼԱ-ի հարցազրույցը «Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» տնօրեն Մանվել Սարգսյանի հետ:

-Պարոն Սարգսյան, Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը հայտարարել է, որ Լելե Թեփեի օրինակով տարածքներ է վերցնելու հայկական կողմից՝ նշելով, որ վերջին տարիներին գնել են ամենաժամանակակից ռազմական տեխնիկան: Ինչի՞ մասին է խոսում Ալիևի հայտարարությունը:

-Ինչ որ ասել է, դրա մասին էլ վկայում է, ես չեմ կարծում ուրիշ բան պետք է հասկանալ: Պարզ, հստակ Ադրբեջանը շարադրել է իր մոտեցումները, և անկեղծ ասած՝ որևէ նոր բան ես այստեղ չեմ տեսնում:

Ադրբեջանն անընդհատ էլ ասում էր՝ կամ խաղաղ ճանապարհով ամեն ինչ պիտի վերադարձվի իրեն, կամ ինքը ռազմական ճանապարհով պատրաստվում է այդ ամենը վերադարձնել: Հիմա նույնը կրկնել է:

-Ապրիլյան պատերազմից առաջ նույն հռետորաբանությունն էր: Հայկական կողմից լուրջ չէին ընդունում: Հիմա միջազգային իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում: Ալիևը նաև հայտարարել է, որ թող Հայաստանի ղեկավարությունը հույսը չդնի ինչ-որ մեկի ուժի վրա, եթե ուզում են հարցի խաղաղ կարգավորում՝ առանց զոհերի, թող լքեն հողերը: Ապա ասել է, որ Ադրբեջանի համար էլ անցանկալի է պատերազմը, բայց ստիպված գնալու են պատերազմի և օրը մոտ է:

– Միջազգային վիճակը շատ փոփոխական է, կապված հազար ու մի բաղադրիչներից, և հենց դրա վրա է հույսը դրել Ադրբեջանը, որովհետև Ալիևը շատ լավ գիտի իր կախվածությունը միջազգային հանրությունից, և ընդհանրապես 21-րդ դարի էությունն այնպիսին է, որ պիտի իրավունք ստանա այս կամ այն քայլի գնալու: Հետևապես պետք է մի իրավիճակ ստեղծվի, ինչ եղավ ապրիլյան պատերազմից առաջ, երբ պարզ էր, որ դրդում էին շատ տեղերից Ալիևին նման քայլերի, որից նա օգտվեց: Հիմա ապրիլյան պատերազմից հետո ստեղծվել է մի վիճակ, որ բավականին ծանր է Ադրբեջանի համար, որովհետև Վիեննայում ընդունվել են որոշումներ, որոնք ստիպված Ադրբեջանն էլ է ճանաչել, համաձայնել է, բայց կատարելու որևէ ցանկություն չունի: Հիմա ամեն տեղ շարունակ նկատելի է, որ Ադրբեջանը փորձում է վարել մի քաղաքականություն, որ փոխի այդ ստեղծված քաղաքական և դիվանագիտական մթնոլորտը, այսինքն պարտադրի բոլորին, այդ թվում և համանախագահող երկրներին, որ հրաժարվեն այդ պահանջներից: Սա շատ հստակ երևում է: Հիմա, իհարկե, հարց է ծագում. ո՞նց են պատկերացնում: Իհարկե դա շատ դժվար է ստիպել, որ թե Հայաստանը, թե միջազգային հանրությունը հետ կանգնեն այդ ընդհանուր դրույթներից, կարծում եմ, որ Ադրբեջանը որդեգրել է մի քաղաքականություն, որ արհամարհում է որևէ մեկի կամ որևէ կողմի կարծիքը: Կարող է թվալ, որ դա ինչ-որ անիմաստ մոտեցում է և կբարդացնի Ադրբեջանի վիճակը, բայց իրականության մեջ Ալիևի տրամաբանությունը երևում է՝ ցուցադրելով, որ երբևէ որևէ մեկի կարծիքն Ադրբեջանի համար նշանակություն չունի: Նա հույս ունի, որ հենց այդ դիրքորոշմամբ կհետաքրքրի: Նրանք ասում են՝ կքանդենք, կջարդենք, կփշրենք, կյանքը բոլորի կվատացնենք: Այս քաղաքականությունը գիտեք ինչի է նման. երեխաներ կան, որ ասում են՝ կոնֆետ տվեք, թե չէ կաթը կթափեմ: Հենց այս քաղաքականությունն է Ադրբեջանը որդեգրել: Եվ չի էլ կարելի ասել, որ այդ քաղաքականության հիմքում տրամաբանություն չկա: Կա, ինչ-որ տրամաբանություն կա: Ինքը շատ ռիսկային է, և դրա համար կարող է և Ադրբեջանը մեծ ուժով պատժվել, բայց դա չի նշանակում, որ Ադրբեջանը նման պահվածքով չի կարող աջակցություն չգտնել: Կարող է: Հենց դրա համար Ադրբեջանն անընդհատ գնում է այդ ճանապարհով՝ անընդհատ խոսելով, որ զինվելու է, ջարդելու է և այլն, և այլն:

-Մենք ի՞նչ ճանապարհով ենք գնում:

-Այ հենց խնդիրն այն է, որ հայկական կողմն ինչ-որ արհեստական պատկերացումների հիման վրա է այս ամեն ինչը գնահատում: Օրինակ, եղել է ապրիլյան պատերազմից հետո, երբ Հայաստանը նոր զենքեր ձեռք բերեց, հարցնում էին, թե ունեցե՞լ ենք մենք զենքեր, նրանք ասում էին, որ ունեցել ենք: Հիմա եթե ունեցել ենք, և Ադրբեջանը նման ոտնձգություններ է գործել, ապա ինչո՞ւ չեն օգտագործվել այդ զենքերը: Եվ հայկական կողմը շատ հետաքրքիր մեկնաբանություն է տվել տարբեր գործիչների մակարդակով: Օրինակ ասում են՝ մենք հո չէինք կարող այնպես անել, որ լայնածավալ գործողություններ լինեին, այսինքն թե՝ եթե գործադրեին այդ զենքերը, կարող էր լինել լայնածավալ պատերազմ:

Դրանով իրենք Ադրբեջանին պարզ, հասկանալի ձևով ասում են՝ բացի լայնածավալ պատերազմից, քո ձեռքերը բաց են, ինչ ուզում ես՝ արա, մենք չենք օգտագործելու որևէ զենքեր: Չեմ հասկանում՝ այս մարդիկ իրականում գիտակցո՞ւմ են, թե՞ չեն գիտակցում, թե ինչ են անում, բայց իրականության մեջ անընդհատ աջակցում են Ալիևի քաղաքականությանը, որ հանգիստ եղեք, և միջազգային հանրություն, և Ալիև, մենք երբեք էլ խոշոր զենքեր չենք օգտագործելու և երբեք էլ լայնածավալ պատերազմ չի լինելու: Մյուս կողմից էլ ասում են՝ այդ զենքերը զսպելու համար է, այսինքն թե՝ մենք ուղղակի զսպող ենք: Այդ մանկական կամ սպեկուլյատիվ մոտեցումը խորանում է Հայաստանի դիրքորոշման մեջ, և հենց դա է թույլ տալիս Ալիևին հանգիստ խոսել: Դրա համար Ալիևն ասում է՝ այ սա Լելե Թեփեն էր, մենք վերցրել ենք: Այսինքն՝ լայնածավալ պատերազմ չենք անի, դուք զենք չեք օգտագործի, դուք չեք գործադրի զենք, իսկ մենք կվերցնենք: Այ սա է ճանապարհը: Տրամաբանությունը երևում է:

-Պարոն Սարգսյան, սա այն տրամաբանությո՞ւնն է, որ հիմքեր տվեց շատերին ապրիլին կարծել, որ պայմանավորված պատերազմ էր:

-Դրանք հարցեր էին, որ այնպես էլ օդում առկախված մնացին, այդ հարցերին ոչ մեկը պատասխան չտվեց, դրանից հետո էլ քաղաքականություն չփոխվեց: Եվ եղավ այն, ինչ ես եմ ասում, երբ որ Ադրբեջանին վստահեցնում են, որ այդ զենքերը չի օգտագործվում: Հիմա կարելի է արդեն տեսնել՝ դրա տակին ինչ կա-չկա: Պատասխանատուները պետք է հստակ պատասխան տան, թե ինչու ենք զինվում, և ինչ է նշանակում լայնածավալ կամ ոչ լայնածավալ պատերազմ: Եթե Ալիևը եկել է այնտեղ, և գնդակոծում են այդ տարածքները, ես չեմ հասկանում՝ հայկական կողմի դիրքորոշումն էլ որն է: Դիրքորոշումն այն է, որ ինչ ուզում եք արեք, մենք լայնածավալ պատերազմ չենք ուզում: Լայնածավալ պատերազմը սարքել են մատի փաթաթան, որի տակ արդարացնում են: Գնալով ավելի անպատասխանատու է դառնում հայկական կողմի գործունեությունը:

-ՀՀ ԱԳՆ Նալբանդյանը հայտարարությամբ հանդես եկավ: Նա մոտավորապես ասում էր՝ հանդիպումների էլ չեն գնա, որովհետև դրանք նշանակություն չեն ունենում: Ասում էր նաև, որ Ադրբեջանը պայմանավորվածությունները, որոնք ձեռք է բերել ապրիլյան պատերազմից հետո, չի պահում: Մյուս կողմից կա գնահատական, որ Ադրբեջանի ագրեսիան պայմանավորված է այս անգամ նրանով, որ Ս. Սարգսյանը հրաժարվում է հանդիպումների գնալ Ալիևի հետ: Սա իրականությո՞ւն է, ըստ Ձեզ:

-Պատերազմական գործողություններն ավելի շատ պայմանավորված են դիվանագիտական պրոցեսների հետ: Վաղուց բոլորը նկատել են, որ հանդիպումների ժամանակ կամ հետո Ադրբեջանն օգտագործում էր շփման գիծը որպես ճնշման լծակ:

Խնդիրն այն է, թե որն է քաղաքականությունը, ոնց եք դուք ձեզ զգում, կարող եք, թե չեք կարող, հիմա Ադրբեջանը հստակեցրել է իր դիրքորոշումը, հիմա հայկական կողմի դիրքորոշումը բացի խոսքերից ո՞րն է: Խոսքով ասում են, որ պատժվելու է: Հիմա ո՞նց են պատժելու Ալիևին այս խոսքերի համար, ինչո՞ւ չեն պատժում: Ինչո՞ւ չի պատժվում անմիջապես: Եթե մարդը կրակում է քո վրա, էլ ո՞նց ես պատժելու: Խոսքերը ոչ մեկին չեն հետաքրքրում: Կա քաղաքական գիծ, որը պետք է իրականացվի, ու մենք պետք է տեսնենք: Իսկ այդ գիծը չկա:

http://galatv.am/hy/news/170161/