Մեր զրուցակիցն է Ռազմավարական և Ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը
Պարոն Սարգսյան, ՀԱՊԿ գագաթnաժողովում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ «ՀԱՊԿ Կանոնադրության մեջ կա համապատասխան հոդված, և եթե մենք չենք կիրառում այդ հոդվածը, չենք քննարկում ստեղծված իրավիճակը, մենք պարզապես այդ կրակոցների տակ ենք դնում մեր ամբողջ Կազմակերպությունը, նրա հեղինակությունը»։ Ձեր կարծիքով, որքանո՞վ էր սա պայմանավորված օրերս Բեռնում Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո ստեղծված իրավիճակի հետ։ Մինչև հիմա իշխանությունը միայն արդարացրել է ՀԱՊԿ-ի լռությունը։ Հիմա ի՞նչը ստիպեց գնալ այս քայլին։
Ամբողջ խնդիրը ստեղծված միջազգային իրավիճակն է, որը, ինչպես տեսնում ենք, բոլորին թույլ է տալիս շատ բարձր տոնով ամբողջ աշխարհում ասեն այն, ինչ ուզում են։ Այդ ամենը կուտակված էր Հայաստանում, մարդիկ դժգոհում էին ՀԱՊԿ-ի գործունեությունից, պարզապես հիմա է ստեղծվել ժամանակ, երբ կարելի է շատ հանգիստ ամեն ինչի մասին խոսել, քանի որ ամբողջովին փոխվել են երկրների դերերը, քաղաքականությունը, պրոցեսներ են ընթանում, որոնք աննախադեպ են։ Դրա համար զարմանալ պետք չէ, որ Եվրոպան Հայաստանին առաջարկում է նոր պայմանագիր ստորագրել։ Հարց է ծագում՝ լավ, ո՞ւմ էր դա ուղղված։ Իմ կարծիքով, սա վերաբերում էր առաջին հերթին Ռուսաստանի հարևան երկրներին, որոնք ներգրավված են այդ կազմակերպության մեջ, որոնք ռուս-թուրքական կոնֆլիկտի մեջ փորձում են խուսանավել, որ Թուրքիային չնեղացնեն, կոնֆլիկտի մեջ չխառնվեն։ Բնական է, որ Ռուսաստանն էլ շատ շահագրգռված էր այս ելույթի համար, որ Հայաստանը դաստիարակչական աշխատանք տանի այդ երկրների՝ Ղազախստանի, Բելառուսի հետ։ Հետաքրքիր էր ելույթում ՆԱՏՕ-ի բնութագրումը, սա ինչ-որ տեղ ռեվերանս էր ՆԱՏՕ-ին:
ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասում է, որ Հայաստանը ձևական է համարում ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը, սա խոսում է այն մասին, որ մարդկանց առջև դնում են խնդիր, որ ձեռքները լվանում են և ասում այն, ինչ ուզում են։
Պարոն Սարգսյան, սահմանային լարվածությունը բնորոշվում է ոչ թե հրադադարի խախտում, այլ պատերազմ կամ հիբրիդային պատերազմ։ Ինչո՞ւ է այս եզրույթը սկսվել կիրառվել։
Նախևառաջ շատ սխալ է կոչել հիբրիդային պատերազմ, չկա հիբրիդային պատերազմ գործող բանակների միջև, սա դիրքային պատերազմ է, և փաստորեն Ադրբեջանն ինքն իր գործողությունները ռազմական դիմադրություն կոչելով, բերեց նրան, որ թե Հայաստանի, թե իր համար ստեղծեց բարդ իրավիճակ, քանի որ միջազգային պայմաններում անգամ այդ գործողությունները տարբեր գնահատականներ են ստանում աշխարհում։ Նույնն է նաև ռազմադաշտում, փոխվում է ամեն ինչ, երկրները նոր քաղաքականություն են որդեգրում։ Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո Ադրբեջանի արտգործնախարարը հիշեց Ադրբեջանի կողմից ժխտած կազանյան փաստաթուղթը և սկսեց ավելի կոնկրետ դիրքորոշում ցուցաբերել։ Այսինքն՝ ամեն կերպ փորձում են բանակցային պրոցեսը վերադարձնել կարգավորման, իրենք էլ չեն հասկանում, որ այս պատերազմով կենտրոնական թեմա են դարձրել շփման գծում տիրող վիճակը: Այս պայմաններում կարգավորման բանակցություններ չեն կարող լինել, քանի որ Հայաստանը երբևէ չի գնա կարգավորման, մինչև որ լարվածությունը չիջեցվի։
Այս իրավիճակում որքանո՞վ է հնարավոր լայնամասշտաբ պատերազմը։
Լայնամասշտաբ պատերազմը լիովին կախված է այն նոր պրոցեսներից, որոնք կատարվում են աշխարհում. նոր կոալիցիաներ են ստեղծվում, նոր դիրքորոշումներ, որովհետև ոչ Ադրբեջանը, ոչ Հայաստանը իրենք իրենց համար չեն կարող որոշել այդ պրոցեսներից դուրս խոշոր զենքեր օգտագործել, քանի որ բոլորն էլ հասկանում են, որ այս փոփոխվող վիճակում չես հասկանում ինչը և ինչով կավարտվի, դրա համար էլ Ադրբեջանն արդեն շատ զգուշավոր է։
Ստեղծված իրավիճակում որքանո՞վ է հնարավոր մանևրել։ Սերժ Սարգսյանի կողմից այդ հայտարարությունն արդյոք մանևրելու քայլ էր։
Ոչ թե մանևրելու, այլ շատ ավելի կոնկրետ են դրվում խնդիրները բոլորի առաջ։ Հիմա վաղն էլ կարող է ուրիշ երկիր ուրիշ երկրներին պատասխանատվության տակ դնել։ Եվ սա նորմալ պրոցես է հիմա, քանի որ դիրքավորման գործընթաց է ընթանում, թե ով ինչ դեր վերցնի, ինչ դիրքորոշում որդեգրի ամբողջ աշխարհում և տարածաշրջանում, բոլորը փորձում են դիրքավորվել այդ պրոցեսների մեջ։ Եվ այստեղ մի խնդիր է կարևորվել, երբ ՄԱԿ-ն ընդունեց բանաձև, որի իմաստն այն էր, որ պետք է բոլորը պայքարեն ահաբեկչության ֆինանսավորման դեմ: ՀԱՊԿ-ն էլ նման հայտարարություն արեց, և այն պետությունները, որոնք ֆինանսավորում են ահաբեկչությունը, հայտնվել են բարդ իրավիճակում։
Հնարավոր համարո՞ւմ եք, որ Սերժ Սարգսյանի Մոսկվայում ունեցած ելույթից հետո ՀԱՊԿ-ը փոխի իր դիրքորոշումը և ավելի ակտիվ լինի իր անդամ Հայաստանի շահերը պաշտպանելու հարցում:
Չեմ կարծում, որովհետև ՀԱՊԿ-ի խնդիրները բոլորովին այլ են, քան այն, որոնք բարձրաձայնեց Սերժ Սարգսյանը, և դա երևաց նաև նրանից, որ Բորդյուժան ևս մեկ տարով պահպանեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, թեև նախատեսված էր, որ այդ պաշտոնը պետք է տրվի Հայաստանին: Սա նշանակում է, որ ամեն ինչ մնում է իր տեղում: Հիմա Ռուսաստանը կարող է ՀԱՊԿ մյուս անդամների հետ փորձի ավելի ինտենսիվ աշխատել: Սա իրենց է վերաբերվում, մեզ բացարձակապես չի վերաբերում:
Ռուս-թուրքական լարված հարաբերություններից ի՞նչ կշակի և ի՞նչ կկորցնի Հայաստանը:
Հայաստանը պետք է ճիշտ կողմնորոշվի, գործընթացը լավ հասկանա: Ճիշտ կկողմնորոշվես՝ ճիշտ դեր կվերցնես, շատ հարցեր կլուծես, սխալվես՝ կլինի այն, ինչ եղել է դարեր շարունակ: Այստեղ դոգմա չկա, ռեալ քաղաքականության և ռեալ արդյունքներ ստանալու գործընթաց է: Կարծում եմ, որ այն, ինչ վերջին ամիսներին Հայաստանի կողմից արվում է, թվում է, թե ռացիոնալ է: Եթե այդպես շարունակենք, կարող է նաև օգուտներ ունենանք: