Մեր զրուցակիցն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Մանվել Սարգսյանը
Պարոն Սարգսյան, ՀՀԿ 16-րդ համագումարին Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ գալիք ընտրություններում վստահության քվե ստանալու պարագայում կառավարությունը կրկին կգլխավորի Կարեն Կարապետյանը։ Ի՞նչ է սա նշանակում, արդյոք խորհրդարանական հանրապետությունում, երբ վարչապետն է երկրի թիվ մեկ դեմքը, Սերժ Սարգսյանը իշխանությունը հանձնում է Կարեն Կարապետյանին։
Մինչև 2018 թվականը Սերժ Սարգսյանը մնալու է նախագահ, այդ դեպքում Կարեն Կարապետյանին փոխելու իմաստը ո՞րն է, որևէ իմաստ չկա, ոչ մի բան չի նշանակում։ Բնական է, որ այն խնդիրները, որոնք հանրությանը հետաքրքրում են, կապված են 2018-ի հետ, ոչ թե 2017-ի։ Հեռանալուց հետո Սերժ Սարգսյանը հանգիստ կարող է հավակնել վարչապետի պաշտոնին, և անգամ զարմանալի կլիներ, եթե 2017-ին վարչապետ փոխեին։ Սերժ Սարգսյանը «Ալ Ջազիրային» տված հարցազրույցում այդ խնդրին անդրադառնալով ասաց՝ դեռ կտեսնենք։ Մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվել, որ 2017-ին նման բան կլինի, բայց չի կարող այդպես լինել, քանի որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարումը մինչև 2018 շարունակվում է, և իրականության մեջ անտրամաբանական կլիներ, որ ասեին՝ չէ, հիմա Կարեն Կարապետյանին հանում ենք, մկանն ենք դնում։
Հայտարարվել է, որ 7000 քաղաքացի Կարեն Կարապետյանի՝ հանրապետականին անդամագրվելու հայտից հետո շտապել է անդամագրվել ՀՀԿ-ին։ Սա ինչի՞ մասին է վկայում։
Հերթական թատրոնն է, որ ամեն կերպ փորձում են համոզել բոլորին, որ այս երկրում կան միայն իրենք, և ժողովուրդն էլ սրտացավորեն գիշեր-ցերեկ իրենց մասին է մտածում, հազարներով մտնում են ՀՀԿ և այլն։ Ուրիշ ինչ պիտի լիներ, զարմանալի կլիներ, եթե ուրիշ բան լիներ։ Խնամքով Հովիկ Աբրահամյանին, Գագիկ Բեգլարյանին, խոշորագույն կոռուպցիոներներին տեղ են տվել ՀՀԿ գործադիր մարմնում, և ամեն ինչ խոսում է այն մասին, որ ոչ մի բան մազաչափ չի փոխվի՝ կապված այդ կուսակցության հետ։ Ու դա արվում է ցուցադրաբար։ Սերժ Սարգսյանը կուսակցության նախագահ նշանակվելուց հետո ինչ-որ ելույթներ է ունեցել, որը, եթե նայեք, Քրիստոսի լեռան քարոզի ոճով է գրած։ Եվ ընդհանրապես, այս բեմականություններն ամեն տեղ մեկ նպատակ ունեն՝ Հիտլերն ասում էր հազար տարվա կայսրություն, և հիմա այդ հազար տարվա կայսրության ոճով միջոցառում անցկացրին, որ որևէ մեկը ակումբում պատրանքներ չունենա։
Այս համալրումներով ուզում են ցույց տալ, որ 2017-ին հաղթանակելո՞ւ են, թե ամեն ինչ կարող է անսպասելի փոխվել։
Սա փիառ ակցիա է նշանակություն տալու այդ ակումբին, երբ ցույց են տալիս, թե մարդիկ հազարներով իրենց «ճղում են», գցում են իրենց այդ ակումբը, ու դա համաժողովրդական բնույթ ունի։ Այսինքն ուզում են ցույց տալ, որ ՀՀԿ-ն ոչ թե անօրինական սեփականատերերի ակումբ է, այլ համաժողովրդական միավորում. նույն սովետական-կումունիստական ոճով, ժողովրդի և կուսակցության միասնություն՝ единство партии и народа: Ուզում են քանակ ցույց տալով ասել, թե մենք ենք, որ կանք։ Կարող են այսպես անել, բայց վերջում պոլիտբյուրոյի օրն ընկնել, այսինքն այսպես գնա, բայց վերջում ամեն բան փլուզվի։ Դրա համար պետք է հետևել զարգացումներին։
Այսինքն՝ անկանխատեսելի զարգացումնե՞ր կարող են լինել։
Անոմալությունները սովորաբար ցույց են տալիս, որ ինչ-որ մի բան այն չէ՝ երբ ինչ-որ բան պարզ և հստակ է լինում, երբեք թատրոններ չեն տալիս։ Սա ցույց է տալիս, որ իշխանության, օլիգարխիկ իշխանության պոտեցիալի սպառում է գնում, և նոր ֆիգուրներ են հայտնվում, Ռուսաստանի գործարարներ, ուրիշներ, որոնց ազդեցությունը շատ ավելին է, քան այդ ակումբի մեջ գտնվող մարդկանց: Քանի որ արդեն չի հերիքում պոտեցիալը, ներգրավում են ուրիշների, և դա է, որ ստեղծում է այս վիճակը, դա է, որ ստեղծում է անհսկանալի բաներ անդամների համար։
ՀՀԿ գործադիր մարմնում Ռազմիկ Զոհրաբյանից և Դերենիկ Դումանյանից կարծեք թե ազատվեցին, փոխարենը ԳՄ-ն համալրվեց առավել երիտասարդ կադրերով՝ Արփինե Հովհաննիսյան, Սամվել Ֆարմանյան։
Սա էլ թատրոնի մյուս մասն է՝ իբր սերնդափոխություն են անում, մի երկու խղճուկ մարդ հանում են, բայց դա որևէ նշանակություն չունի, բերում են որևէ նշանակություն չունեցող մարդկանց։ Բոլոր ասպեկտներով թատրոնը փայլուն է։ Ես չգիտեմ՝ այնտեղ ով է դրանով զբաղվում, բայց այս ամենը շատ ուշացած և ծիծաղելի է։ Գուցե 4-5 տարի առաջ այս ամենը լուրջ ընդունվեր, բայց հիմա համընդհանուր արհամարհանք կա։ Նաև ադեկվատության խնդիր կա՝ լիովին կտրվել են կյանքից։ Ապրիլյան պատերազմից հետո այդ մարդիկ այդպես էլ չեն հասկացել, որ սա ուրիշ հանրություն է։ Սոցիալական ցանցերը նայեք, տեսեք ինչպես են մարդիկ ծիծաղում։
Ինչո՞ւ էր պետք Կարեն Կարապետյանի և կառավարության հանրապետականացումը: Նպատակը ո՞րն էր, երբ անգամ այս կուսակցության գաղափարախոսությունը չգիտեն, չգիտեն նժդեհականությունը, Առողջապահության նախարարն էլ անկեղծորեն խոստովանում է, որ անակնկալ էր իր համար կուսակցական դառնալը։
Իսկ ուրիշ ինչ պիտի լիներ, մարդիկ հանրության համար չեն աշխատելու, նրանք իրենք իրենց խնդիրները ձևակերպում են, լուծում են, ինչպես միշտ է եղել այդ ակումբում։ Իրենք ասում են, որ ՀՀԿ-ն որոշել է փոխվել, բայց չեն ասում ինչն է վատ, կամ ինչն է սխալ, որ պիտի փոխեն, դրա մասին ոչ ոք չխոսեց։ Խոսվեց նրա մասին, որ ամեն ինչ փայլուն է, այդ դեպքում ինչն են ուզում փոխել՝ նորից շատ դժվար է հասկանալ։ Երևի թե խնդիրներ ունեն և պետք է փոխվեն, որ այդ խնդիրները վերացնեն։ Սա ոչ ոք չի բացատրում, բացատրեն էլ՝ ոչ ոք չի հասկանա։
Սերժ Սարգսյանը արտաքին պարտքի հետ կապված հետևյալ մեկնաբանությունն է արել. ներքին հնարավորություն կերտելն ու տնտեսական ներուժ ստեղծելը գին ուներ, մենք մեծացրինք արտաքին պարտքը: Նա նշեց, որ դրա շնորհիվ 2010 թվականին աղքատության 35 տոկոս ցուցանիշը 2016-ին հասցվեց 29 տոկոսի։ Համոզի՞չ է արդյոք այս մեկնաբանությունը:
Միթե պարզ չէ, որ դա ընդամենը արդարացում է։ Քանի որ այդ խնդիրը շատ լուրջ արձագանք է ունեցել, թե ինչու է արտաքին պարտքը հասել այս աստիճանի, հիմա իրենք պետք է արդարացնեն, որ այս ամենը հանուն ազգի, հանուն ժողովրդի է արվել և ուրիշ նպատակ չկար։ Եվ զարմանալի օրինակ է բերվել՝ հյուսիս-հարավ ճանապարհը, երբ ամիսներ շարունակ բոլորը խոսում են, որ այդ ճանապարհը գոյություն չունի, ընդամենը տասը տոկոսն է պատրաստ։ Եվ սա բերվում է որպես փայլուն օրինակ։ Բացատրեցին, թե գումարները ինչու են վերցրել և ուր են կորել, որ աղքատություն են կրճատել, խեղճ հարուստները մնացել են առանց գումարի, աղքատները կերան արտաքին պարտքը։ Եվ ժողովրդի վրա նորից գցեցին պատասխանատվությունը ցանկացած բանի համար, այն, ինչ անընդհատ արվում է։
Ինչո՞ւ ստվերում մնաց Հովիկ Աբրահամյանը, ինչո՞ւ եկավ գաղտնի մուտքով և այդպես էլ դուրս եկավ։ նախկին վիրավորանքը դեռ պահպանվո՞ւմ է։
Նրան կարող է ընդհանրապես չհրավիրեին էլ։
Իսկ դա ներիշխանական բախումների չէր հանգեցնի՞։
Հովիկ Աբրահամյանն ո՞վ է, ի՞նչ կարող է անել, ինչո՞վ պետք է զարմացներ՝ փողո՞վ։ Փողատերերի ակումբում փողով ո՞ւմ պետք է զարմացնի։ Հովիկ Աբրահամյանը բացի դրանից ի՞նչ ունի, ոչ մի բան։
Բայց չէ՞ որ փողը կարևոր է քաղաքականության մեջ, մանավանդ նախընտրական շրջանում։
Փողը կարևոր չէ փողատերերի ակումբում, բոլորն էլ փող ունեն ոչ պակաս, քան Հովիկ Աբրահամյանը։
Պարոն Սարգսյան, պաշտպանության նախարարը հայտարարել է, որ «1000 դրամի» նախագծում փոփոխություններ կարվեն։ Հանրային ընդվզումի՞ց վախեցան, թե...
Քանի որ խոսքը շատ փոքր գումարի մասին է, ամիսը երկու միլիոն դոլարի, սա շատ ավելի քաղաքական նշանակություն ունեցող ակցիա էր, քան կոնկրետ ինչ-որ խնդիր լուծելը։ Ես մի անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ առաջին հերթին օբյեկտիվորեն սա նշանակում է, որ գործող համակարգը, կառավարությունն ամեն կերպ փորձում է զինվորների խնդիրը հումանիտար խնդիր սարքել, ոչ թե պետական պարտականություն։ Ասել, որ սա հումանիտար ծրագիր է, և պատասխանատվությունը գցել ժողովրդի վրա, և դա էլ անում են։