25 փետրվարի 2014թ., Երեւան: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) այսօր անցկացրեց Կլոր սեղանի շուրջ սեմինար-քննարկում, որի թեման էր՝ «Արեւելյան գործընկերություն եւ Մաքսային միություն. միջազգային ինտեգրացիոն նախագծե՞ր, թե՞ աշխարհաքաղաքական մրցակցություն»: Հրավիրված էին արդիականության այդ կարեւոր երկընտրանքով հետաքրքրված քաղաքագետ-վերլուծաբաններ, փորձագիտական հանրության ներկայացուցիչներ, լրագրողներ:
Սեմինարի մասնակիցներին ողջունեց եւ արդյունավետ աշխատանք մաղթեց ՌԱՀՀԿ հիմնադիր-նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը: «Այսօրվա ռազմավարական իր առաջարկով ՌԱՀՀԿ-ն մուտք է գործում անաչառ, բազմոլորտ հետազոտությունների իրականացմանն ու համազգային քննարկմանը միտված հանրային ծառայության եւ հանձնառության իր քսանամյակը՝ ի շահ Հայաստանի բարօրության, մեզանում ժողովրդավարության, օրենքի գերակայության ու ինքնիշխանության արմատավորման»,- ասաց նա:
Բացելով քննարկումը, թեմայի վերաբերյալ հրապարակային բանավեճերի անհրաժեշտությունն ընդգծեց ՌԱՀՀԿ հետազոտությունների ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը: «Եվրամիության Ասոցացման համաձայնագրի եւ Մաքսային միության միջեւ ընտրությունը բավական ուժգին հուզումներ է առաջացրել ողջ աշխարհում՝ մասնավորապես այն երկրներում, որոնց շահերն ուղղակիորեն առնչվում են հիշյալ ծրագրերին: Հայաստանը մեկն է այդ կարգի երկրներից, ուստի տեղի ունեցող գործընթացների ողջամիտ գնահատականներն էական նշանակություն ունեն մեզ համար»,- նշեց Սարգսյանը:
Առաջին բանախոսը՝ կառավարման ոլորտի փորձագետ Հարություն Մեսրոբյանը, Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը բնութագրեց իբրեւ երկրի ինքնիշխանության ու անվտանգության լուրջ մարտահրավեր՝ կարծիք հայտնելով, որ ցանկացած ընտրանքի պարագայում, միեւնույն է, ՀՀ անկախությունը որոշակի չափով տուժելու է: Իսկ հիմնական խնդիրներից մեկը, ըստ նրա, Մաքսային միության հետ ընդհանուր սահմանի բացակայությունն է: «Մտնելով որեւէ միության կազմ, մենք դառնում ենք անմրցունակ: Ուղղակի զարմանալի է, թե ինչպես կարելի է՝ հարեւանությամբ ունենալով Իրանի պես հարուստ պաշարամիջոցների տիրապետող երկիր, չօգտագործել դրանք եւ ընկնել հյուսիսի կամ արեւմուտքի դռները: Այն տպավորությունն է, թե մեզ պետություն պետք չէ, մենք միայն ման ենք գալիս, թե ում հովանու տակ կարելի է մտնել»,- ընդգծեց Մեսրոբյանը:
Հայաստանի համար Մաքսային միության պլյուսներն ու մինուսները զուգակշռեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը: Նրա կարծիքով՝ ՄՄ-ին Հայաստանի անդամակցությունն ավելի շատ տնտեսական վնաս կբերի, քան օգուտ, եթե չհստակեցվի մաքսատուրքերի գանձման կարգը: «Շատ դրական եմ գնահատում համագործակցությունը, բայց քաղաքական որոշումների հետ մեկտեղ, պետք է կարողանանք տնտեսական ճիշտ հաշվարկներ կատարել, որպեսզի բյուջեում ճեղք չառաջանա մաքսատուրքերի չգանձումից»,- շեշտեց բանախոսը: Տվյալ փուլում Մանասերյանը կարեւոր է համարում, որ ռազմավարական դաշնակցի օգնությամբ հնարավոր կլինի լուծել աբխազական երկաթգծի հարցը, «որը հայ գործարարներին թույլ կտա ավելի նպաստավոր պայմաններով զարգացնել առեւտրատնտեսական կապերն արտաքին աշխարհի հետ»:
ՀՀ-ում ժողովրդավարական ազատությունների սահմանափակման սպառնալիքը, ըստ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի, բոլոր դեպքերում ակնհայտ է: «Ընտրելով եվրասիական ուղղությունը, մենք մտնում ենք մի համակարգ, որի մյուս երեք անդամները չունեն ժողովրդավարական արժեքների գոնե այն նվազագույն շեմը՝ հավաքների, միավորումների եւ համացանցից օգտվելու ազատությունները, որոնք Հայաստանն արդեն իսկ ձեռք է բերել: Հետեւաբար, այդտեղ գերիշխող մոդելը բացասաբար է ազդելու նոր անդամի արժեհամակարգի վրա: Իսկ Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցելու գործընթացն ավարտին հասցվելուն պես՝ մենք հայտնվելու ենք մեկ երկրի մենաշնորհային ազդեցության ներքո: Դրանից ավելի մեկուսացում Հայաստանն իր նորագույն պատմության ընթացքում չի ունեցել»,- համոզմունք հայտնեց Նավասարդյանը՝ հավելելով նաեւ մի շարք ուրիշ խնդիրների անխուսափելիությունը՝ կապված հատկապես այն հակասությունների հետ, որոնք ի հայտ են գալու Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի անդամակցության առնչությամբ:
Զեկուցումների շուրջ ծավալված հարցուպատասախաններին եւ կարծիքների փոխանակմանը մասնակցեցին գրող, բլոգեր Մարինե Պետրոսյանը, քաղաքագետներ Միքայել Զոլյանը, Նիկիտա Զարոբյանը, քաղաքացիական ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանը, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Խաչիկ Հարությունյանը, փորձագետ-վերլուծաբան Էդգար Վարդանյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վերլուծական խմբի ղեկավար Արթուր Ավթանդիլյանը եւ քննարկման այլ մասնակիցներ: