21 հոկտեմբերի 2016թ., Երեւան: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) այսօր տեղի ունեցավ «Փոփոխվող աշխարհ. Հայացք Երեւանից» եռամսյա ժողովածուի այս տարվա երրորդ համարի շնորհանդեսը, որին ներկա էին նրանում զետեղված հոդվածների հեղինակները, լրագրողներ, քաղաքական վերլուծաբաններ եւ հանրային հատվածի ներկայացուցիչներ:
Շնորհանդեսը բացեց եւ ներկաներին ողջունեց ՌԱՀՀԿ հետազոտությունների ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը: Նա մասնավորապես ասաց. «ՌԱՀՀԿ եռամսյա պարբերականները կոչված են արագ փոփոխվող աշխարհում վերլուծաբար ցույց տալու Հայաստանում, Արցախում եւ դրանց շուրջ տեղի ունեցող քաղաքական գործընթացները, վեր հանելու տարածաշրջանային զարգացումների ներքին շերտերն ու տրամաբանությունը»:
Այնուհետեւ իրենց հրապարակումների համառոտ բովանդակությունը ներկայացրին պարբերականի երրորդ համարի հոդվածագիրներից «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը, քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը, հրավիրվածներից հանդես եկան ՀՀ-ում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության քաղաքական բաժնի վարիչ Աշոտ Մելյանը, պատմագիտության մագիստրոս, լրագրող Արամ Սարգսյանը, քաղաքագետներ Արմեն Աղայանը, Սարո Սարոյանը եւ ուրիշներ:
«Փոփոխվող աշխարհ»-ի երրորդ թողարկումն ընդգրկում է հուլիս-սեպտեմբեր ամիսները: Այն բացվում է ՀՀ սահմանադրական դատարանի նախկին անդամ Վալերի Պողոսյանի՝ հանդեսին տված հարցազրույցով, որում կարեւորվում է սահմանադրական կարգի անշեղ պահպանումը՝ իբրեւ պետության կայացման ու ամրապնդման կարեւոր նախադրյալի: Պատմագիտության թեկնածու Հակոբ Չաքրյանի ուսումնասիրությունը նվիրված է ռուս-թուրքական ճգնաժամի հետեւանքներին ու դրանց հաղթահարմանը, իսկ իրանագետ Էմմա Բեգիջանյանինը՝ Իրան-Ադրբեջան փոխհարաբերությունների հենքին արցախյան հիմնահարցի արծարծմանը: Արցախի խնդրում իրականն ու առասպելականն է փորձում տարանջատել Ալեքսանդր Քանանեանը՝ միջազգային իրավունքի ծիրում հիմնավորելով ԼՂՀ «անկախության ճանաչման» մոդելի համեմատ Հայաստանի հետ Արցախի «միացման» մոդելի կենսունակությունը: Լրագրող Դավիթ Ստեփանյանը փաստերի համադրմամբ ապացուցում է Արցախի տարածքների հանձնման միջոցով հակամարտությունը լուծելու անհնարինությունը: Իր վերլուծականում եկեղեցու եւ պետության համագործակցության քաղաքականության վերանայման անհրաժեշտություն է տեսնում Ստեփան Դանիելյանը: Համարում լայնորեն լուսաբանված է նաեւ հուլիս-սեպտեմբեր ամիսների կարեւոր իրադարձությունների ժամանակագրությունը:
Վերջում ԼՂՀ հիմնախնդրի շուրջ ծավալվեց ինքնաբուխ բանավեճ, որին մասնակցեցին շնորհանդեսի մասնակիցները եւ, քանի որ խնդիրը շատ բազմաշերտ ու տարողունակ է, պայմանավորվեցին քննարկումը շարունակել ՌԱՀՀԿ առաջիկա հատուկ սեմինարում: