Շաբաթ, Մայիսի 18, 2024

Վերլուծական

Ինքնորոշումը՝ որպես մարդկային գոյության հիմնարար սկզբունք

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի կապակցությամբ ժողովրդին ուղղված ուղերձում Նիկոլ Փաշինյանը նշել էր. «Այս խոշորածավալ ողբերգությունը տեղի ունեցավ Առաջին աշխարհամարտի տարիներին, եւ պետականություն չունեցող, պետականությունը հարյուրամյակներ առաջ կորցրած, պետականության ավանդույթն, ըստ էության, մոռացած հայ ժողովուրդը աշխարհաքաղաքական խարդավանքների ու սին խոստումների զոհ դարձավ՝ զուրկ լինելով առաջին հերթին աշխարհն ու նրանում գործող կանոններն իրեն հասկանալի դարձնելու ընդունակ քաղաքական մտքից»:

Ինքնության, հայրենասիրության, օրինակարգության թեմայով ՀՀ իշխանությունների զուգահեռ շարունակվող էժանագին շահարկումների հենքին Փաշինյանի այս գնահատականները կարելի է դիտարկել որպես հայ ժողովրդի ռազմավարական խնդիրների նկատմամբ քաղաքական մոտեցման հազվագյուտ օրինակ։ Հայաստանում քչերն են խոսում իրենց հայրենիքում հայերի զանգվածային բնաջնջման եւ վերածնված հայկական պետության՝ Հայաստանի Հանրապետության հարաբերությունների մասին։ Ի վերջո, դժվար է հերքել, որ 20-րդ դարասկզբի Ցեղասպանությունը հայկական պետականության վերածննդի գինն էր։

Հասարակական-քաղաքական նոր համակարգի ձեւավորումը գոյություն ունեցող համակարգի փլուզման համատեքստում հին կարգերի քայքայման եւ այս ոլորտում նոր սուբյեկտների առաջացման գործընթացն է։ Նախկին կայսրության ժողովուրդների ինքնորոշման միջոցով հնարավոր է նոր կարգեր հաստատել։ Սա ժողովուրդների քաղաքական գոյության վերափոխման մեխանիզմն է։ Միակ ժողովուրդը, ում հաջողվեց ինքնորոշվել Օսմանյան կայսրության ճգնաժամի եւ փլուզման ժամանակաշրջանում, մահմեդական օսմանցիներն էին, որոնք որդեգրեցին թուրքական ինքնությունը եւ գրավեցին կայսրության մնացած մասը:

Մնացած բոլոր ժողովուրդները պարզվեց, որ անկարող էին ինքնորոշվել եւ ենթարկվեցին ոչնչացման կամ հալածանքի։ Ինքնորոշման ֆենոմենը անհասանելի էր այս ժողովուրդների գիտակցությանը։ Նրանց համար միակ քաղաքական պրակտիկան մասնակցությունն էր այլ երկրների օրակարգերին։ Միայն մահմեդական օսմանցիներն էին նոր ազգի տեսքով վերածնվելու ուղի գտել, որովհետեւ նրանք պարտություն կրեցին արտաքին ուժերից. աշխարհը նրանց դեմ էր: Նրանք կարող էին միայն իրենց մեջ փնտրել ինքնապահպանման ռեսուրսներ։ Իհարկե, հետագայում բոլշեւիկյան Ռուսաստանի աջակցությունը հնարավորություն ստեղծեց այս ինքնորոշված ազգի կայացման համար։ Եվ դա նույնպես բնական էր՝ ինքնորոշված ժողովուրդներն առանց աջակցության չեն մնում։

Արեւմտյան երկրների ջանքերով հայկական պետություն ստեղծելու հնարավորությունը, որն ի հայտ եկավ այն ժամանակ, վերացավ։ Բայց այս հանգամանքը չէր կարող խանգարել հայկական պետության ձեւավորմանը՝ բոլշեւիկները խարխլեցին ծրագիրը, բայց չգնացին հայկական քաղաքական գործոնի իսպառ ոչնչացման։ Նրանք պահպանեցին հայկական վարչական միավորը իրենց պետության կազմում։ Այս հանգամանքը թույլ տվեց հայկական պետությանը վերածնվել։

Այսինքն՝ կարելի է պնդել, որ Ցեղասպանությունը Հայաստանի Հանրապետության վերածննդի գինն էր։ Սա նախկին Օսմանյան կայսրության տարածքում ամեն գնով հայկական պետության ստեղծումը կանխելու ծրագիր էր։ Թե ով է դրանով զբաղվել, երկրորդական նշանակություն ունի։ Սրա համար պատասխանատու են նրանք, ովքեր օգտվել են դրանից եւ յուրացրել երկիրը։ Եվ նրանք, ովքեր դարձան զոհ, պետք է գիտակցեն, որ ազգային ողբերգության պատճառը ինքնորոշման երեւույթի չըմբռնումն է։ Փաշինյանն այսօր պնդում է. «միայն մենք ենք մեր ճակատագրի պատասխանատուն ու տնօրենը եւ պարտավոր ենք ունենալ բավարար միտք, կամք, խորք ու իմացություն՝ այդ պատասխանատվությունը մեր ինքնիշխան որոշումների ու ընկալումների տիրույթում կրելու»:

Նա ֆորմալ առումով ինքնորոշման կոչ է անում՝ հօգուտ ազգային ինքնիշխանության։ Բայց դատելով նրանից, թե ինչպես է նա աշխարհի առջեւ ծածանում Խորհրդային Հայաստանի տարածքի մոդելը, եւ ինչպիսի վստահությամբ է նա Արցախը հանձնում Ադրբեջանին, թվում է, որ այսօր էլ նա առաջարկում է փնտրել մեր պետության օրինականությունն ու հոգու հանգստությունը անբասիր հնազանդությամբ ուրիշների կամքին։ Այսինքն՝ ճիշտ այնպես, ինչպես հայ ժողովուրդն արեց քսաներորդ դարի սկզբին։

Հայաստանի իշխանությունները երբեք չեն զարգացրել ինքնորոշման էության խորը ըմբռնումը։ Սա չունեին նաեւ Հայաստանի նախկին իշխանությունները։ Առանց դրա, մենք կշարունակենք հավատարիմ մնալ այլ ուժերի օրակարգերին մասնակցելու սկզբունքին: Այնտեղ հաջողություն չի կարող լինել։ Երրորդ Հանրապետության ողջ պատմությունը այլ ուժերի օրակարգերին մասնակցելու եւ ինքնորոշման միտումնավոր մերժման պատմություն է: Հայաստանի Հանրապետությունը դեռեւս չունի Անկախության հռչակագիր. արդյունքն ակնհայտ է՝ յուրաքանչյուրը Հայաստանի տարածքին ու հայ ժողովրդին վերաբերվում է այնպես, ինչպես իրեն հարմար է։

Երեւում է՝ ես ստիպված կլինեմ նորից խոսել ինքնորոշման ֆենոմենի մասին՝ մարդկանց համար շատ դժվար է ընկալել մարդկային գոյության այս հիմնարար սկզբունքը:

 

Մանվել Սարգսյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: