Կիրակի, Մայիսի 05, 2024

Շաբաթվա անցուդարձ

13-20 ապրիլի 2024թ.

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Աշխատանքային շաբաթը սկսեց բուռն ու աղմկոտ քննարկումներով. բրիտանական The Times-ը հայտնեց, որ Միացյալ Թագավորության ԱԳ նախարարությունը Հայաստանի եւ մի քանի այլ երկրների ներկայացուցիչների հետ բանակցություններ է սկսել ապօրինի ներգաղթյալներին արտաքսելու օրինագծի շուրջ: Հղում անելով ԱԳՆ-ից արտահոսած փաստաթղթերին, «Թայմսը» մասնավորապես գրում է. «Մեծ Բրիտանիան Հայաստանի, Կոտ դը Իվուարի, Կոստա Ռիկայի եւ Բոտսվանայի հետ բանակցում է միգրանտներին Ռուանդա արտաքսելու սխեման կրկնելու հարցը»: Պարզ ասած՝ Մեծ Բրիտանիան ուզում է իր երկրում կուտակված անօրինական ներգաղթյալներին արտաքսել վերոնշյալ չորս երկրներ, որոնց թվում նաեւ Հայաստանն է:

Իր համար անցանկալի ներգաղթյալների առաջին խմբաքանակը ՄԹ-ն երկուստեք փոխհամաձայնությամբ ուղարկել է Ռուանդա, որտեղ հաջողելու դեպքում գործընթացը կշարունակի մյուս՝ «պահուստային» երկրներում, այդ թվում՝ Հայաստանում: Բազմատանջ, ցեղասպանություններ տեսած Հայաստանի՝ քաղաքակրթության երբեմնի օրրանի անունը հիշատակվում է Կոտ դը Իվուարի, Կոստա Ռիկայի եւ Բոտսվանայի նման ոչ այնքան հայտնի երկրների շարքում: Բայց նվաստացուցիչը սա չէ՝ աֆրիկյան այս պետությունների դեմ ոչինչ չունենք՝ ի սեր Աստծո, թող աճեն-բարգավաճեն, հայտնի դառնան աշխարհում: Եվ, արդարեւ, այդ առաջընթացի ճանապարհին են իրենք:

Նվաստացուցիչը նույնիսկ Հայաստանի հանդեպ Մեծ Բրիտանիայի ցուցաբերած փոքրոգությունը չէ՝ մարդկանց իրենց ազգային շահն է հետաքրքրում: Նվաստացուցիչը ՀՀ ղեկավարության անարժանապատիվ պահվածքն է՝ չնայած դա ոչ մեկի համար նորություն չէ: Համագործակցության առաջարկը ՄԹ-ն քննարկել է նաեւ այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Էկվադորը, Պարագվայը, Պերուն, Բրազիլիան ու Կոլումբիան, բայց նրանք ավելի քիչ են հետաքրքրված այդ համաձայնագրով, իսկ Մարոկկոն, Թունիսը, Նամիբիան եւ Գամբիան քննարկումներից ակնհայտորեն հրաժարվել են, որովհետեւ չեն ուզում ժողովրդագրական այդ «աղբը» տանել իրենց երկրներ:

Մի բան ակնհայտ է՝ եթե ապօրինի ներգաղթյալները պիտանիության գոնե նվազագույն արժեք ունենային, Մեծ Բրիտանիան չէր մտածի նրանց երրորդ երկրներ արտաքսելու մասին: Այժմ իրավիճակն այնպիսին է, որ այդ խառնիճաղանջ զանգվածն իրեն պետք չէ, իսկ բնակության մշտական վայրեր վերադառնալ չեն կարող, քանի որ այնտեղ նրանց կյանքին վտանգ է սպառնում: Մնում է այդ թշվառականներին, որոնց մեջ, հնարավոր է, տարատեսակ կասկածելի, հանցագործ, հիվանդ կամ անցանկալի այլ հակումներ ունեցող տարրեր լինեն, մաս-մաս արտաքսել այլ երկրներ՝ ընդ որում յուրաքանչյուր անձի հաշվով ընդունող պետությանը փոխանցելով որոշակի գումար:

Հայաստանին, որն ակնկալում է այդ գործարքից առնվազն 290 մլն ֆունտ ստեռլինգ ստանալ, այդպիսի պայմանը, կարծես թե, բավարարում է՝ չնայած ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը օրեր առաջ «կեսբերան» հակառակն էր փորձում մեզ հավատացնել: Նման անխոհեմ քայլ անել՝ նշանակում է հերթական ծանրագույն հարվածը հասցնել նախապատերազմական իրադրության մեջ գտնվող, հետզհետե բզկտվող Հայաստանի թիկունքին: Եվ դա այն դեպքում, երբ ամենավերջին ցնցումից հասարակությունը դեռ չի հասցրել ուշքի գալ: Թե որն էր այդ ցնցումը՝ կնկարագրենք հաջորդիվ:

 

Հիրավի, ցնցող էր այն հայտարարությունը, որ ապրիլի 15-ին խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ հնչեցրեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ վերահաստատելով Հայոց ցեղասպանության զոհերի անուններն ամբողջացնելու մասին նախօրեին «Ազատության» եթերում արած իր պնդումները։ Քոչարյանի խոսքը 1915-ին տեղի ունեցած աննախադեպ զանգվածային սպանդի՝ Ցեղասպանության ժամանակ նահատակված հայերի ամբողջական անվանացանկ կազմելուն է վերաբերում: «Սա պարզ նպատակ ունի, որպեսզի իմանանք մեր 1,5 միլիոն հայրենակիցների հասցեները, տեղերը, ինչը մինչեւ հիմա չունենք»,- ասել է նա։

Միայն չասեք, թե այս մարդը խելքը հացի հետ կուլ է տվել. նա իրոք ուզում է իմանալ զոհերի «հասցեներն ու տեղերը»՝ մեկ առ մեկ, իմանալ մեկուկես միլիոնից ավելի շա՞տ է եղել զոհերի թիվը, թե՝ քիչ: Զարմանում է, որ մեր երկիրը ցայսօր չի հասցեականացրել այդ խնդիրը, մինչդեռ հրեաներին դա հաջողվել է: «Սա շատ կարեւոր է նաեւ ապագայում մեր հարաբերությունների կառուցման համար»,- նշել է Քոչարյանը՝ չհստակեցնելով, թե ում համար է սա կարեւոր եւ ում հետ է ինքը կամ իր պատվիրատուն ցանկանում ապագայում հարաբերություններ կառուցել։ Ըստ նրա, եթե դա չարձանագրվի, «հակառակ կողմը» միշտ կարող է ասել՝ սուտ է, ցեղասպանություն չի եղել: Այս անձը, փաստորեն, «մուղամով» կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանությունը:

Հատուկ «հակառակ կողմի» եւ, մասնավորապես, առողջ դատողության հետ խնդիր ունեցող հայ «մուղամասերների» համար պարզաբանենք, որ Օսմանյան կայսրությունում պետական մակարդակով իրագործված Հայոց ցեղասպանությունը միջազգայնորեն ճանաչված փաստ է: «Մեկուկես միլիոն»-ն էլ օդից վերցված թիվ չէ, այն միջազգային մակարդակում ձեռք բերված փոխհամաձայնության (կոնսենսուս) արդյունք է՝ հիմնված փաստերի խորը հետազոտության եւ գիտական, վիճակագրական այլ տվյալների վրա: Տարօրինակ է, որ իշխանության առանձին պաշտոնյաներ, որոնք ներկայացնում են մեր պետությունը, նման պարզ բաները չեն հասկանում, ավելին՝ ժամանակ առ ժամանակ հրապարակ են նետում հակապետական, ապազգային թեզեր:

Պրն Քոչարյան, Հայոց ցեղասպանությունը թվերի հաշվարկ չէ, այն իր իսկ բնօրրանում ժողովրդի էթնիկ զտման, հայրենազրկման, ըստ ազգային պատկանելության հատկանիշի՝ նրա ֆիզիկական բնաջնջման ակտ է: Ձեր առաջարկածը ոչ թե «շատ կարեւոր» աշխատանք է, այլ սրբապղծություն ու անբարոյականություն, մեր մեկուկես միլիոն նահատակների հիշատակի հանդեպ, մեղմ ասած, անհարգալից վերաբերմունքի դրսեւորում: Ձեր առաջ քաշած «նախաձեռնությունը» մեռելածին է, նման հաշվարկ անհնար է իրականացնել, եւ դուք դա լավ գիտեք: Ձեր իշխանությունը չկարողացավ անուն առ անուն ճշտել 44-օրյա պատերազմում սրբադասված մեր զոհերի անունները, ինչպե՞ս եք մտածում դա անել մի ամբողջ դար ու 9 տարի անց:

Եթե այս ցնդաբանությունը հերյուրել եք ձեր շեֆի պատմական Հայաստանի եւ իրական Հայաստանի հակադրության խայտառակ քաղաքական «պամֆլետի» համատեքստում, իմացեք, որ ձեզ հաջողվել է անհեթեթության մրցասպարեզում գերազանցել նրան, իսկ եթե գրել եք Էրդողան-Ալիեւ զույգի ցանկության շրջանակում, իմացեք, որ հաջողել եք գերազանցել ինքներդ ձեզ: Ռուսը կասեր՝ ТАК ДЕРЖАТЬ!

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Ռուս խաղաղապահների անձնակազմն ու զինտեխնիկան ապրիլի 16-ից դուրս են բերվել Դադիվանքի համալիրից: Ադրբեջանական APA պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վանքի տարածքը հսկվում է Ադրբեջանի ոստիկանության կողմից։ Այդպիսով՝ 44-օրյա պատերազմից հետո ԼՂ-ում տեղակայված ռուս խաղաղապահներն ապրիլի 17-ից սկսել են դուրս գալ այնտեղից։ Տեղեկությունն առաջինը պաշտոնապես հաստատել է Կրեմլը: Որոշ աղբյուրների համաձայն՝ 2 հազար թվաքանակով խաղաղապահների անձնակազմից տեղակայման վայրերում 500 հոգանոց մի զորակազմ դեռեւս կպահպանվի:

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի ապրիլի 16-ի նիստում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը դատարանին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին՝ ԼՂ հայերի էթնիկ զտումների համար: «Տարիներ շարունակ դա անելու սպառնալիքներից հետո Ադրբեջանն ավարտել է տարածաշրջանի էթնիկ զտումները եւ այժմ համակարգված կերպով ջնջում է էթնիկ հայերի ներկայության բոլոր հետքերը»,- հայտարարել է Կիրակոսյանը։ ՀՀ-ն Ադրբեջանին մեղադրում է ՄԱԿ-ի խտրականության դեմ կոնվենցիան խախտելու մեջ։ Բաքուն հերքում է իրեն ուղղված բոլոր մեղադրանքները։

Ապրիլի 17-18-ը պաշտոնական այցով Սաուդյան Արաբիայի Թագավորությունում էր ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, որը հանդիպումներ է ունեցել Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար, արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդի, կառավարության այլ անդամների հետ: Քննարկվել է տարբեր ոլորտներում երկուստեք հետաքրքրություններ ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Ինչպես նշում է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը, 2023թ. նոյեմբերին երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո սա Հայաստանից առաջին բարձրաստիճան այցն էր Սաուդյան Արաբիա:

Հրկիզվել է Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքի «Արարատ» հայկական գերեզմանատունը. այս մասին ապրիլի 15-ին հաղորդել է FOX26 NEWS-ը։ Գերեզմանատան խորհուրդը մտահոգություն է հայտնել միջադեպերի առնչությամբ՝ նշելով, որ հրդեհները եղել են գերեզմանոցի ամենահին հատվածում, որը հիմնադրվել է 1885 թվականին, դարպասներն ու կամարը հստակ ընդգծում են, որ գույքը հայկական է: Խորհուրդը չի բացառում, որ տեղի ունեցած հանցագործությունը կարող է լինել ատելության հողի վրա՝ մոտեցող Ապրիլքսանչորսի հիշատակի օրվա առնչությամբ:

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ տնային կալանքը եւս 2 ամսով երկարաձգվեց: Ըստ նրա պաշտպանի՝ նախկին պաշտոնյային չեն թույլատրում նույնիսկ բժշկական ծառայություններ ստանալ, անտեսվել են պաշտպանական կողմի ներկայացրած մյուս հիմնավորումները, Քերոբյանի անձնական եւ ընտանեկան դրության հանգամանքները։ Հիշեցնենք, որ Վահան Քերոբյանը մեղադրվում է «Սիներջի»-ի գործով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար։ Նախկին նախարարը մեղադրանքը չի ընդունում:

Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ ապրիլի 17-ին ադրբեջանական զինուժը Թովուզի շրջանի ուղղությամբ կվադրոկոպտեր է վնասազերծել։ Այդ երկրի ռազմական գերատեսչության հաղորդարգության մեջ հայկական բառ նշված չէ, բայց պետական լրատվամիջոցները պնդում են, որ անօդաչու թռչող սարքերը հայկական էին՝ մասնավորապես, նշելով, թե այն փորձում էր հետախուզական թռիչքներ իրականացնել բանակի դիրքերի վրայով Աղդամի ուղղությամբ, սակայն ադրբեջանական կողը վնասազերծել է այն։ Հայկական կողմը դեռ չի արձագանքել այս հաղորդմանը:

Ապրիլի 27 2024
Ապրիլի 20 2024
Ապրիլի 13 2024
Մարտի 30 2024
Մարտի 23 2024
Մարտի 16 2024
Մարտի 09 2024

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: