Հունվարի 30-ին Սերժ Սարգսյանը հանդիպել է Արտաքին գործերի նախարարության ղեկավար անձնակազմի հետ: Նախագահը քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգը` կենտրոնանալով միջնաժամկետ հեռանկարում արտաքին քաղաքականության խնդիրների ու արտաքին գործերի նախարարության գործունեության արդյունավետության բարձրացման վրա: Խոսուն է այն փաստը, որ Սարգսյանն ուշադրություն է դարձրել ԱԳՆ աշխատանքի անհամարժեքությանը` «մեզ հասած ավանդական մարտահրավերների ու սպառնալիքների, տարածաշրջանում արագ փոփոխությունների» համատեքստում: Քանի որ այն անձը, ում ուղղակի ենթակայության տակ է ԱԳՆ-ը, բոլորից լավ կարող է տեսնել արտաքին քաղաքականության աշխատանքներում մշտական ձախողումները:
Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ԱԳՆ-ն աշխատում է ոչ միայն վատ, այլեւ հաճախ սպասարկում է ոչ թե Հայաստանի, այլ մեծ տերությունների շահերը: Ժամանակին Ջոու Էն Լայը փայլուն միտք է արտահայտել. «Ցանկացած դիվանագիտություն պատերազմի շարունակությունն է՝ այլ միջոցներով»: Այս աֆորիզմն առավել վառ կերպով արտացոլում է մեր իրականությունը: Հայաստանը՝ գրեթե բոլոր կողմերից թշնամիներով շրջապատված եւ բազմամյա շրջափակման պայմաններում լինելով, պետք է կարողանա դիվանագիտական ճկուն քաղաքականություն վարել, համոզել գերտերություններին իր ճշմարտացիությունը եւ վճռականորեն պաշտպանել իր ազգային շահերը: Ընդ որում՝ հակասության մեջ չմտնելով գերտերությունների շահերի հետ:
Դժվար մասնագիտություն է, որը պահանջում է մտավոր մեծ կարողություններ, մտքի ճկունություն, հակառակորդին համոզելու արվեստ եւ, ամենակարեւորը, անձնական պատասխանատվության զգացում: Չէ՞ որ նժարին քո ժողովրդի ճակատագիրն է, նրա բարեկեցությունն ու բարգավաճումը: Հակառակորդների հետ բանակցելու արվեստից է կախված այն պետության անվտանգությունը, որը ներկայացնում ես: Եվ հակառակը: Թշնամու հետ ռազմական գործողությունների սկիզբն առաջին հերթին արտաքին քաղաքականության ձախողում է, որը կառուցում են արտաքին գործերի նախարարությունը եւ նախագահը:
Հայաստանի արտաքին քաղաքականության անհամարժեքությունը հատկապես ակնհայտ դարձավ Ադրբեջանի հետ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո: Այս պատերազմը Հայաստանին մեծ հնարավորություն տվեց արմատապես վերանայելու ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ բանակցությունների ընթացքը եւ փոխել մոտեցումները: Սակայն այս աշխարհի հզորներին ծառայելու քաղաքականություն վարելը՝ հաշվի առնելով, որ միայն այդպես է հնարավոր հասնել անձնական անվտանգության, զրոյացրեց մեր զինվորների սխրանքը, որոնք իրենց կյանքի գնով օգնեցին խուսափել Արցախի համար առավել վտանգավոր հետեւանքներից: Մյուս կողմից՝ հիշյալ «քառօրյան» ցույց տվեց, որ պատերազմից խուսափելու համար բոլորին զիջումների գնալու ռազմավարությունն ավելի վատ է:
Ժամանակն է ձերբազատվել ցեղասպանության «սինդրոմից» եւ արժանիորեն ներկայացնել մեր ազգային շահերը միջազգային ասպարեզում: Ցավոք, այնպես է ստացվել, որ այժմ արտաքին քաղաքականության մեջ մենք այնպիսի մի փուլում ենք, երբ Հայաստանը ոչինչ չի որոշում: Նրա փոխարեն որոշում են ուժի կենտրոնները: Հույս կա, որ նախագահը հասկացել է այդ ռազմավարության ողջ սնանկությունը: Միեւնույն ժամանակ Նալբանդյան-Մամեդյարով պաշտոնական հանդիպումից առաջ ամեն անգամ շփման գծում զինվոր է զոհվում: Գուցե ժամանակն է դադարեցնե՞լ «արյան գնով» կայացվող այդ հանդիպումները:
Կարապետ Կալենչյան