Tuesday, 26 November 2024

F Free Platform

Սրանց չեմ հավատա

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Կամաց-կամաց ամեն մեկս նմանվում ենք մեր լեզվի բարբառների, խոսվածքների, գրաբարի, միջին հայերենի, արեւմտահայերենի, արեւելահայերենի ճակատագրերին:

Այնքան էին իրարից հեռացել, մարդիկ թարգմանիչներով էին խոսում՝ քիչ չէ, մի լեզվաբան էլ պետք է ապացուցեր, որ զոկերենը հայերենն է, մեկ ուրիշն ապացուցեր, որ հայերենը հնդեվրոպական լեզու չէ, դրա հիմնարմատն է: Մի Վազգեն Գեւորգյան էլ պետք է գրաբարից Նարեկացի արեւելահայերենացներ, որ գլխի ընկնեինք, թե մեր լեզուն ինչ հրաշք է:

Միակ մատչելին մնացել է ժարգոնը, դրա ջախջախիչ մասն էլ հայհոյանքն է, թեկուզեւ քրեապարտ:

Պատմագիրներն ասում են՝ հայերենի տարտղնումը հետեւանք է եղել երբեմնի վիթխարի երկրի 15 աշխարհների բնական անջրպետման եւ, իհարկե, պատմական վայրիվերումների: Բայց հիմա հավաքվել ենք հայկական այս պստիկ կղզյակում, որտեղ ասածդ բառը նույն վայրկյանին հասնում է հասցեատիրոջը, ամեն քայլի զգում ես հայրենակցիդ շունչը, աչքերդ փակ լսում նրա սրտի զարկը:

Որտեղի՞ց սողոսկեց այս խորթացումը, ինչո՞ւ ահագնացավ ու ցնցավտանգ դարձավ այս անզիջում թշնամանքը: Փորձաճագա՞ր էինք, ինչ է, որ մեր համախոհությունն այսպես հյուծեին, խելապակա՞ս ենք, ինչ է, որ սեփական կամքով գնանք ծնկենք ոսոխի առաջ, ինքնասպա՞ն ենք, որ մեզ հետ գերեզման տանենք մեր հետնորդներին, մեր երկնած-բազմապատկած ամեն ինչը:

Այնքան ենք իրարից օտարացել՝ հիմա ամեն մեկը մի պատասխան ու մի պատճառ մեջտեղ կբերի ու էլի չենք գտնի այն կախարդական կենսանյութը, որը սերմին ստիպում է հողի շերտերը ճեղքելով դեպի երկինք ձգվել, ծաղկել, պտղավորվել: Մի՞թե ազգի սերմն է անծլունակ դարձել կամ հայրենի հողն է ջրազուրկ եղել:

Ինչի ասես՝ կհավատամ, սրանց չեմ հավատա:

 

Հրաչուհի Փալանդուզյան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.