Tuesday, 26 November 2024

F Free Platform

Էրդողանը ապրիլի 24-ին հաշտության առաջարկ կանի հայերին

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Թուրքիայից ազդակներ եմ ստանում, որ ապրիլի 24-ին թուրքական իշխանությունը դիվանագիտական «ձիու քայլ» է անելու՝ վերջնականապես կոտրելու հայկական ազգային իմունիտետը եւ գրավելու Հայաստանը առանց զենքի։

Էրդողանը ցավակցություն կհայտնի «Մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունների (ցեղասպանության) երկու կողմի զոհերի» համար եւ կառաջարկի երկու պետությունների հարաբերությունների նոր էջ բացել։

Նա պատրաստակամություն կհայտնի բացել Հայաստանի հետ սահմանները, վերագործարկել ճանապարհներն ու երկաթուղիները, սկսել առեւտուրը եւ համատեղ տնտեսական խոշոր ծրագրեր։

Սա այն համեղ պատառն է, որի մեջ դրված թույնը կսպանի հայկական պետականությունը։

Ապրիլի 20-30-ի ընթացքում Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, որ հունիսի 20-ին կազմակերպվեն արտահերթ ընտրությունները, բայց երբ Էրդողանը անի այդպիսի հաշտության առաջարկ, ՀՀ վարչապետը անպայման կօգտագործի առիթը եւ կդիմի ժողովրդին՝ նոր, լավ կյանք սկսելու եւ ընտրությունները չեղարկելու հարցով կամ դա կներկայացնի որպես իր դիվանագիտական փայլուն հաղթանակ, ինչին մեծ թվով մարդիկ կպատասխանեն՝ ԱՅՈ՜Ո՜Ո՜Ո՜, առանց հասկանալու, որ «այո» ասում են իրենց ու իրենց զավակների մահվանը։

Պատրաստ լինենք այսպիսի դիպաշարի։ Մենք՝ «անուղեղ հայրենասերներս», պարտավոր ենք ամեն ինչ անել, որ ձախողենք թուրքական կողմի այդ ծրագիրը։ Հայաստանի ճակատագիրը չեն կարող տնօրինել մի խումբ արկածախնդիր «անհայրենիք տականքներ»։ Թուրքիայի սահմանը կբացվի մի օր, բայց ոչ հիմա եւ ոչ այսպես։

Հայաստանի հարեւան երկրների խորքային ուսումնասիրություններ անում եմ ավելի քան 15 տարի, որից 11 տարին՝ հենց այդ երկրներում (բացառությամբ Ադրբեջանի)։ Թուրքիան ու Ադրբեջանը իմ մասնագիտական խոշորացույցի տակ են այն ժամանակից, երբ այսօրվա բարձր պաշտոնյաներից շատերը դեռեւս դպրոցում սովորում էին ու չգիտեին, թե ինչ կենդանի է Թուրքիան։

Վարչապետից սկսած մինչեւ ԱԽ քարտուղար կամ մի խումբ պատգամավորներ՝ երբ դիրքորոշումներ վերանայելու մասին լուրջ դեմքով հայտարարություններ են անում, գոնե գիտե՞ն, թե ինչ է Թուրքիան, գիտե՞ն Թուրքիայի տնտեսական ամբողջ ներուժը, այդ երկրի խորքային պետության ծրագրերը, գիտե՞ն, թե ինչ կանի Թուրքիան իրենց, երբ այսօրվա վիճակում բացեն սահմանները։

Չգիտեն։ Չեն էլ կարող իմանալ, քանի որ չունեն ոչ գիտելիք, ոչ կենսափորձ, ոչ էլ սովորելու ցանկություն։

Հարցրեք թուրքագետներից, ձեզ կասեն, թե ինչ է Թուրքիան։ Ձեզ կասեն, թե ինչպես է 1-2 տարվա ընթացքում թուրքական կապիտալը նախ գրավելու հայաստանյան շուկան, հետո ոչնչացնելու հայկական արտադրությունը։

Թուրքիայի հետ սահմանը պետք է բացել, բայց ոչ հիմա։ Դրա համար տարիներ ու նախադրյալներ են պետք, օրենսդրական ամուր դաշտ, հանրային իմունիտետ ու ամենակարեւորը՝ պետական մտածողություն ունեցող իշխանություն։

Թվարկածներիցս որեւէ մեկը չունենք մենք, հետեւաբար հիմա պետք է մոռանալ Թուրքիայի սահման բացելու կամ վերաբերմունք փոխելու մասին։ Չիմանալը ամոթ չէ, ամոթ է հիմար լինելը։

 

Նաիրի Հոխիկյան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.