Tuesday, 26 November 2024

F Free Platform

Կլռի՞ մեր զանգը…

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Որտեղի՞ց է առաջացել «Զանգեզուր» անունը եւ արդյո՞ք այն հայկական է:

Այն, որ Զանգեզուրը պատմական հայկական տարածք է, անվանումը նույնպես, գոնե պատմաբանների ու պատմությունից տեղյակ մարդկանց համար անվիճելի փաստ է։

Բայց կան մեր մի շարք հայրենակիցներ, որոնք հաճախակի լսելով Զանգեզուրի թեմայով թշնամու հայտարարությունները, սկսում են Զանգեզուրը համարել ադրբեջանական։ Հատուկ այդ մարդկանց համար պատմեմ «Զանգեզուր»-ի ծագումնաբանությունը։

Ըստ Ղեւոնդ Ալիշանի՝ «Զանգեզուր» բառը կապված է Ձագեձոր բերդավանի, Գորիսի մոտակայքում Ծակեձոր տեղանվան հետ։

Սակայն Զանգեզուրի անվան ամենատարածված վկայության համաձայն` 14-րդ դարում Լենկ-Թեմուրի արշավանքների ժամանակ Մեհրի անունով մի հայ իշխան (հավանաբար՝ Նիկոլ Փաշինյանի նախատիպը) Լենկ-Թեմուրին առաջարկում է իր օգնությունը՝ գրավելու Հայաստանի հարավը՝ Սյունիքը, Վայոց Ձորը, Արարատը, ժամանակակից Կովսականի, Սանասարի, Բերձորի տարածքը:

Նա Լենկ-Թեմուրին ասում է, որ հնարավոր չէ գրավել այդ տարածքները՝ մինչեւ չլռեցվի Սյունիքի Խոտ գյուղում տեղադրված մեծ զանգը, որով վտանգի դեպքում զգուշացնում են մարդկանց։ Լենկ-Թեմուրը ոսկի եւ իշխանություն է խոստանում դավաճանին, եթե նա լռեցնի զանգը։

Մեհրին իր մարդկանց հետ (ինչպես այսօրվա ՔՊ-ն) գիշերը զանգի տակ կրակ է վառում եւ կտրում նրա ձայնը։ Առավոտյան Լենկ-Թեմուրի զորքերն անցնում են Արաքսը եւ ներխուժում Սյունիք։ Զանգի միջոցով հնարավոր չի լինում զգուշացնել մարդկանց, եւ Լենկ-Թեմուրը մեկ օրվա ընթացքում գրավում է Սյունիքը։

Մարդիկ հետո հարցնում են, թե ինչ էր եղել զանգին։ Նրանց պատասխանում են. «Զանգը զուր է, զանգը զուր է…»: Դրանից հետո տեղանքը սկսել են կոչել Զանգեզուր։

14-րդ դարից անցել է 700 տարի։ Այսօր եւս թշնամին փորձում է տիրանալ մեր Զանգեզուրին, ու կրկին ի հայտ են գալիս դավաճաններ, որոնք պատրաստ են լռեցնել մեր զորեղ զանգը։

Գոնե այս անգամ ազգովին համախմբվենք եւ այնպես անենք, որ զանգը զուր չլինի…

 

Նաիրի Հոխիկյան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.