Friday, 19 April 2024

F Free Platform

Թուրքիան չի թաքցնում իր ծավալապաշտական նկրտումները

User Rating: 5 / 5

Star ActiveStar ActiveStar ActiveStar ActiveStar Active
 

Ուսումնասիրելով վերջին օրերի միջազգային անցուդարձը, մենք տեսնում ենք, որ աշխարհում հստակորեն ձեւավորվում է թուրքական ագրեսիային դիմագրավելու քաղաքական ուղեգիծ, որտեղ իր առանցքային դերն ունի Ֆրանսիան։ Այդ երկիրը դադարեցնում է Թուրքիայից հագուստեղենի ներկրումը, որի արտադրությունն առաջատար դիրք է զբաղեցնում թուրքական տնտեսության մեջ։ Հակաթուրքական քաղաքականության հիմնական գործոններն են` Հունաստանի ծովային ջրերում Թուրքիայի կողմից նավթի ու գազի հորատման աշխատանքները եւ Լիբիական հակամարտությունում վերջինիս որդեգրած քաղաքականությունը։

Օրեր առաջ տարածվեց տեղեկատվություն, համաձայն որի` Ֆրանսիան նախաձեռնել է ՆԱՏՕ-ի կոնֆերանս` քննարկելու Թուրքիայի գործողությունները։ Միաժամանակ տարածաշրջանում սկսում է ավելի ակտիվ դեր ստանձնել Հունաստանը։ Այդ երկրի տարբեր բարձրաստիճան ղեկավարներ հայտնել են, որ պատրաստ են ցանկացած գնով դիմագրավել թուրքական գործողություններին` ներառյալ ռազմական։

Այդ հայտարարություններին զուգահեռ` Հունաստանի կառավարությունը Թուրքիային կոչ է անում իր կայսերապաշտական քաղաքականությունից հրաժարվելու պայմանով մասնակցել Արեւելամիջերկրածովյան գազատարի կառուցման աշխատանքներին, որոնց մասնակից են Հունաստանը, Եգիպտոսը, Կիպրոսը եւ Իսրայելը: Թուրքիայի գործողությունները, սակայն, չեն սահմանափակվում միայն միջերկրածովյան տարածաշրջանով։ Համաշխարհային մամուլը տեղեկատվություն տարածեց, որ Թուրքիան Ադրբեջանին հատկացնելու է 29 միլիոն ԱՄՆ դոլար` սեփական ռազմական արդյունաբերության զարգացման համար։

Տվյալ զարգացումներից կարելի է եզրակացնել, որ նույնիսկ կորոնավիրուսի հետեւանքով պայմանավորված միջազգային իրավիճակում Թուրքիան շարունակում է խաղալ իր սեփական խաղը։

Նման քաղաքականությունը տարածաշրջանում ձեռնտու չէ առաջին հերթին Իրանին եւ Հայաստանին։ Մերձավոր֊արեւելյան տարածաշրջանում Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության բացարձակ հակառակորդներն են Եգիպտոսը, ԱՄԷ-ն եւ Սաուդյան Արաբիան։ Բնականաբար` այդ քաղաքականությանը դեմ են հանդես գալիս նաեւ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները։

Չնայած վերջին ժամանակներս Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ձեւավորվել է ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության լավ հարթակ, սակայն, ընդհանուր առմամբ, նրանք լուրջ հակասություններ ունեն ե´ւ Սիրական, ե´ւ Լիբիական հակամարտությունների շուրջ։ Շարունակում են լարված մնալ նաեւ Թուրքիայի ու ԱՄՆ-ի հարաբերությունները` կապված ռուս-թուրքական ռազմական համագործակցության հետ։

Հակառակ հանգամանքին, որ Թուրքիան Միացյալ Նահանգների կարեւոր ռազմավարական դաշնակիցն է ՆԱՏՕ-ում եւ հյուսիսատլանտյան դաշինքի հարավային թեւը, այդուհանդերձ, նրա նախահարձակ գործողությունները Միացյալ Նահանգների կողմից հավանության չեն արժանանում։ Այդ համատեքստում ուշագրավ է նորերս Հունաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջեֆրի Պյատտի հայտարարությունը, թե իր երկիրը պատրաստ է մեծածավալ ներդրումներ կատարել Հունաստանում՝ հաշվի առնելով երկու պետությունների հարաբերությունների ռազմավարական բնույթը։

 

Հովսեփ Եսայան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.