Tuesday, 26 November 2024

F Free Platform

Ժխտամոլության վնասները

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Զարմանում ենք, թե ինչպե՞ս եղավ, որ խորհրդային տարիներին Հայաստանում ծնվեց ու կրթվեց մի սերունդ, որն Արցախյան առաջին պատերազմում հաղթեց իր հայրենապաշտությամբ, լայնածավալ գիտելիքներով եւ, իհարկե, հային ներհատուկ այլ առաքինություններով:

Մինչդեռ անկախության սերունդը եղավ այն, ինչն այսօր դառնորեն արտացոլված է կառավարիչների ատելի վարքուբարքում:

Այն ժամանակ՝ սեր ու ակնածանք միմյանց, սեփական պատմության, մշակույթի ու մեծերի հանդեպ: Լավատեսություն չորսբոլորը, թեկուզեւ փաթեթավորված կոմունիստական վերամբարձությամբ:

Այս ժամանակ՝ ինքնաքննադատության տենդ, ինքնասեւացման մորմոք, պնդաճակատ դավաճանություն ու անպայման՝ փողի տենչ, ինչն ի վերջո վերաճեց թշնամու բնույթն ու արյունալի արարքները չտեսնելու տալու հիմարությանը:

Կարդում եմ գրադարանիս խորհրդային գրքերն ու զգում, թե ինչպես մի մոռացված հպարտություն, մի մոռացված խանդաղատանք արցունքախառն դեմ է առնում կոկորդիս: Կարպիս Սուրենյան: Մարդ, ով թարգմանել է անգլիական գրականության վիթխարի երեւույթներից մեկը՝ Գոլսուորդիի «Ասք Ֆորսայթների մասին» քառահատորը, մտել բրիտանական կյանքի խորախոր ծալքերի մեջ: Բայց երբ գրիչը շրջել է դեպի հայ իրականությունը՝ հորդել են այդ երկու խնկելի առաքինությունները՝ սերն ու ակնածանքը առ իր ազգը, իր հայրենին:

Անկախության տարիներին մենք թուլացանք, թույլ տվեցինք, որ օտար քամիները ներխուժեն հազարամյակներով պահպանած մեր ազգային տիրույթները, մեզ դարձնեն սնվող մարդ: Ողբերգական հետեւանքներն աչքի առաջ են…

Ասածս վերաբերում է ժողովուրդ հասկացությանը: Խորհրդային տարիներին, գոնե Երկրորդ աշխարհամարտից հետո, կար այդպիսի հանրույթ՝ միակամ, արարող, բազմաշնորհ ու հարգարժան հայ ժողովուրդ: Առաջինը միակամությունն էր, որ զոհաբերվեց անկախական հողմերին:

Բարեբախտաբար, ամբոխացած հանրույթի ներսում հենց այսօր կա անապական մնացած մի ամբողջ խավ, որի համար հայրենիքը սուրբ արժեք է: Դա է այս հինավուրց երկրի, նրա տաղանդավոր սերունդների հույսը:

Գիտե՞ք, սերն ու ակնածանքն անջնջելի երեւույթներ են, կարող են տկարանալ, հեռանալ, բայց առաջին իսկ կանչը լսելիս վերադառնում են: Մենք հիմա այդ կանչը հնչեցնելու պարտքն ունենք: Մենք՝ զինվորն իր զենքով, հողվորն իր բահով, գրագետն իր գրիչով, քաղաքական գործիչն իր նպատակասլացությամբ:

Մեր կանչը հարկ է, որ բարձր թռչի ոսոխի պայթյունների որոտներից, ինչպես նաեւ չորս կողմից դարանակալած հայատյացների բղավոցներից: Այնքան բարձր, որ խլացնի այդ գազանային ոռնոցները, ավելին անի՝ արձագանքի մեզ նմանների շահերին ու նպատակներին:

Չարիքի հակահայ ավանդույթով այժմ  թունավոր սլաքն ուղղված է դեպի նշածս անխառն խավը, ամեն կողմից դեպի նա արձակվում են նորագույն զենքերից ամենահզորները: Դրանցից առավել վտանգավոր է ներազգային անհաշտությունը եւ թեկուզ մի փոքրիկ օգտակար գործ անողներին անխնա դատափետելը: Երեւակայություն է, որ վազքի մեջ է դրվել այս հակազգային փոթորիկն ավելի փոթորկելու համար:

Մի արեք, սիրելի հայեր, եթե ընդդիմադիրներին, հրապարակավ պայքարողներին, աջակիցներին չեք կարող օգնել՝ գոնե կարողացեք լռել, փականք դրեք ձեր հուսալքության դռներին, պարտությունը միշտ այնտեղից է ներս սողոսկում:

Ցավով արձանագրում եմ՝ նաեւ ձեր անխոհեմության պատճառով ներհայաստանյան ամբողջ մթնոլորտը հագեցած է ժխտամոլությամբ ու վայունի ճիչերով: Դրանցից ի՞նչ օգուտ, միեւնույն է, օխլոսն ու նրա կուռքը դարձի չեն գալու, ինչ լավ բան հնարավոր է՝ հանրույթի միջուկն է անելու:

Լինենք նրա շուրջը եւ հավատավորը մնանք մի պարզ ճշմարտության՝ հայի առաքելությանը: Միշտ ճակատագիրը մեզ իր քմահաճույքներին է հպատակեցրել, այս անգամ մե՛նք  լինենք մեր ճակատագրի դարբինը: Այդ ուժը ես տեսնում եմ լավատեսությամբ ժխտամոլությունը մեր սրտերից ու կյանքից ընդմիշտ վտարելու ճանապարհին:

 

Հրաչուհի Փալանդուզյան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.