Tuesday, 26 November 2024

F Free Platform

Ծածուկ գրերի մասին

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Ինչո՞ւ ենք մի քանի դար, մի քանի տասնամյակ խարխափում, երկու ոտքով ընկնում օտարների լարած թակարդները, հետո հանկարծ ուշքի գալիս, ջանք թափում, կործանումից հազիվհազ փրկվում… Որպեսզի էլի մի քանի դար, մի քանի տասնամյակ խարխափենք…

Անխզելի շարան է, ավելի շատ նման կեռմանի, երբեմն ոլորանի…Պատճառները շատ ենք քննարկել՝ ազգային ուսմունքի բացակայություն, որոշակի գերնպատակների չգոյություն, քաղաքական խաղերում չկողմնորոշվելու տկարություն, ամեհի թշնամիներ եւ այլն: Թեման հաճախ եմ խոսեցրել, այսօր մի հուշում մտքիս եկավ:

Մենք ծածկագրերի՝ կոդերի սիրահար ենք: Ահա կլսենք՝ մեր այսինչ հանճարն այս ծածկագիրն  է դրել իր այնինչ տողերի տակ, մեր Սասնա ծռերում գաղտնագրված է այսուայս ծածկագիրը, մեր հռչակավոր առասպելում, հեքիաթում… եւ այսպես շարունակ՝ մինչեւ անվերջություն: Ինչո՞ւ:

Ինչո՞ւ չկան ազգից թաքցված ծածկագրերը վերծանող եւ դրանք հանրամատչելի լեզվով շարադրող պետական մեծություններ, պետական պահանջա՛րկ: Նարեկացու Մատյանը կրոնական գաղափարից առաջ հայոց լեզվի ճոխության մի սքանչելի բառարան է, Նժդեհի հայերենը շողում է մարդուն հայտնի գանձերի աննկարագրելի գունագեղությամբ… Երկուսն էլ՝ հասու քչերին: Մինչդեռ Թումանյանի ցանկացած քառյակ սրտամոտ է ցանկացած հայի, ասես դաջված է նրա ներանհատական մտապակերում: Իհարկե՝ մտքի պարզության, վճիտության շնորհիվ: Որեւէ մեկին նսեմացնելու, մյուսին պանծացնելու նպատակ չունեմ, ուզում եմ ասել, որ ազգի պառակտվածությունը բացառելու համար հարկավոր է նրան սնել ջինջ գաղափարներով:

Հարգելի գիտնականներ, ուսուցիչներ, հանրային գործիչներ, ազգին ազատագրեք ծածկագրերի գերությունից, դրանք զգուշորեն հանեք գաղտնիքի խորշերից, մաքրեցեք, փայլեցրեք եւ մատուցեք: Այդ մարգարտաշարը, հավատացեք, ավելի մեծ գործ կանի, քան բոլոր զենքերն ու պաշտպանական կառույցները միասին: Անվանումն ինքներդ ընտրեք, միայն թե այնպես արեք, որ հայոց պատմության, պատմագրության, առասպելաբանության, գրականության ու իմաստասիրության ծալքերում մութ կետեր, չբացահայտված ճշմարտություններ չմնան:

Ուղերձն ունի հասցեատեր՝ հայ մարդը, ուրեմն նրան էլ հասցրեք դարերում թաքնված բանաձեւերը: Ոչ թե առանձին մենագրություններում, հեռուստահաղորդումներում, դասախոսություններում դա արեք, այլ մե՛կ դասագրքում՝ պարզ, ըմբռնելի, մատչելի: Թող լինի մի ամփոփ ձեռնարկ եւ նրբորեն, վարպետորեն ներարկվի հանրությանը: Կարճ ժամանակ անց այն կդառնա հոգեբանություն, ապա՝ մտածելակերպ, իսկ շուտով՝ ազգային ապրելակերպ: Ես որ՝ դրա հաղթական զորության վերաբերմամբ կասկած չունեմ:

 

Հրաչուհի Փալանդուզյան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.