Հայաստանի տարածաշրջանային քաղաքականությունը առաջին հայացքից ձգտում է կայունություն ապահովել, որպեսզի հակամարտող երկրների հետ հնարավոր լինի համագործակցել։ Լավ է դա, իհարկե, բայց եկեք հասկանանք՝ հարեւան երկրներն արդյո՞ք ուզում են համագործակցել։ Թուրքիայի նախագահ Էրդողանը օրերս վերստին հայտարարեց, թե 2020-ի պատերազմում Ադրբեջանը հաջողության հասավ Թուրքիայի օգնությամբ, իսկ այդ երկրի ԱԳ նախարար Չավուշօղլուն օգոստոսի 8-ի ելույթում հստակ ասաց. Ադրբեջանն ու Թուրքիան, առանձին-առանձին հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսելով Հայաստանի հետ, միմյանց հետ մշտական կապի մեջ են եւ կարեւոր հարցերում համատեղ են որոշում կայացնում:
Այսօր էլ նույն Թուրքիան ասում է՝ լավ է, որ Հայաստանն այդքան ջանասիրաբար ուզում է հարաբերություններ կարգավորել իրենց հետ, բայց Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանն անհնար է նայել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ գործընթացից առանձին։ Հայաստանը պետք է խաղաղության պայմանագիր կնքի Ադրբեջանի հետ, որից հետո միայն Թուրքիան կմտածի հարաբերությունների կարգավորման մասին։
Հիմա հարց հայ դիվանագետներին ու շարքային քաղաքացիներին՝ գիտե՞ք արդյոք, թե ինչու են թուրքական այդ երկու պետություններն ամեն կերպ ձգտում օր առաջ խաղաղության պայմանագիր կնքել։ Իրականում դրա նպատակն ամենեւին էլ խաղաղասիրությունը չէ։ Թուրքիայի, Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ մինչեւ այսօր չկա միջազգայնորեն ճանաչված սահման, չկա որեւէ օրինական պայմանագիր միմյանց սահմանների ճանաչման մասին։ Կարսի ու Մոսկվայի պայմանագրերն անօրինական են, իսկ եթե չկա ճանաչված սահման, ապա բոլոր տեսակի գործողություններն ու ոտնձգությունները օրինական են։
Այսինքն՝ քանի դեռ Թուրքիան ու Ադրբեջանն ուժեղ են, պիտի ջանան սահմանագծման առումով իրենց ցանկալի սահմաններ գծել, հետո դրանցով էլ խաղաղության պայմանագիր կնքել։ Թշնամին շտապում է, քանի որ չգիտի, թե ինչքան ժամանակ Հայաստանի իշխանության ղեկին կմնա իր խամաճիկը եւ հետագայում ով կլինի Հայաստանի ղեկավար։ Այն դեպքում, երբ Հայաստանն ուժեղանա, կարող են տեղի ունենալ անկանխատեսելի իրավիճակներ, որոնք ամենեւին էլ չեն բխի Թուրքիայի ու Ադրբեջանի շահերից։ Սա է նրանց շտապելու հիմնական նպատակը։
Իրականում Հայաստանին այժմ ո՛չ խաղաղության պայմանագիր է պետք, ո՛չ էլ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում։ Հիմա մեզ պետք է կայունանալ, ունենալ ազգային իշխանություն եւ արագ զինվել։ Աշխարհն ու տարածաշրջանը արագ են փոխվում։ Երեկվա խնդիրը վաղը կարող է դառնալ հնարավորություն։ Հադրութը, Շուշին, Քարվաճառն ու Քաշաթաղը չի կարելի կորցրած համարել։
Նաիրի Հոխիկյան