Լեւոն Տեր-Պետրոսյանը 88-ի թեժ օրերից գլխավորեց Արցախյան շարժումը, որի նպատակը Արցախը Հայաստանի հետ միավորելն էր: Ապա դարձավ Գերագույն Խորհրդի նախագահ, հետո ընտրվեց ՀՀ նախագահ: Թե ինչ կատարվեց երկրում նրա ղեկավարման տարիներին՝ անկախության ամենաքննարկված թեման է, չարժե մանրակրկիտ անդրադառնալ՝ մթություն, ցուրտ, սով, տնտեսության փլուզում, քաղաքական հալածանքներ:
1998-ին նրա հրաժարականի բուն պատճառն այն էր, որ Արցախը տեսնում էր ադրբեջանի կազմում եւ ոչ թե որպես Հայաստանի մաս կամ անկախ պետություն: Այսօր նա նույն դրույթի անսասան քարոզիչն է, Ժիրայր Լիպարիտյանն էլ ասում է, որ առաջին նախագահն իր պաշտոնավարման ամբողջ ընթացքում պնդել է Արցախի ադրբեջանահպատակ կարգավիճակը, այսինքն եղել է թուրքական շահերի արտահայտիչը: Ինքս լավ հիշում եմ նրա հայտարարություններն առ այն, որ Հայոց ցեղասպանության ճանաչմանը Հայաստանը չպետք է հետամուտ լինի, դա Սփյուռքի զբաղվելիք թեման է:
Փորձենք հասկանալ՝ ի՞նչ է կատարվել. արդյո՞ք 88-ին նա խաբել է հայ ժողովրդին՝ ձեւանալով, թե պաշտպանում է արցախահայության արդար պահանջը եւ կողմ է հայության ու հայկական տարածքերի վերամիավորմանը, իսկ անկախացած պետության գլուխ անցնելուց հետո բացահայտել է իր իսկական հակահայ նպատակները:
Իրադարձությունների շղթան հետեւյալն է՝ 1988 թվական, 1998 թվական, 2008 թվական, 2018 թվական եւ 2021թ.: 88-ին խաբել է: 98-ին բացահայտվել ու պաշտոնից հեռացվել է: 2008-ին հրահրել է պետության դեմ խժդժություններ, որոնք հայտնի են մարտի-ի 1-ի դեպքեր անունով: 2018-ին իշխանությունը զավթել է նրա աշկերտն ու գաղափարակիցը, որի մասին սուտուփուտ քննադատություններ է հնչեցնում եւ որն անխափան իրագործում է նրա հակահայ ծրագիրը: 2021-ին՝ մահաբեր ու կորստաբեր պատերազմից հետո Տեր-Պետրոսյանը շարունակում է ադրբեջանական շահի թմբկահարումը, թե իբր Արցախի ճակատագիրը լուծվում է Ադրբեջանի կազմում, իսկ մենք հիանալի գիտենք, որ դա հայաթափումն է:
Ի՞նչ է ստացվում՝ կամ սա սխալ տպավորություն է, եւ առաջին նախագահն ինքն էլ մեզ նման հավատացել է արցախյան պահանջի արդարացիությանը, բայց հետագայում միջազգային ամենազոր հանրությունը նրան համոզել է հակառակում, կամ նա ի սկզբանե կեղծել է եւ եղել է միջազգային ուժերի ձեռքին մի թրքահաճո, դավաճան գործիք: Այս երկդիմի երեւույթն անձամբ ինձ խորին ցավ է պատճառում, քանի որ ի տարբերություն ներկա անգրագետ ու անպատասխանատու իշխանավորների՝ նա ուներ եւ խելք, եւ միջազգային ասպարեզում պետության ղեկավարի հեղինակություն, համենայնդեպս աշխարհի առաջ ոչ իրեն էր խայտառակում, ոչ երկիրը:
Եվ այսպես՝ ճակատային հարցադրում՝ ո՞վ է Լեւոն Տեր-Պետրոսյանը, ի՞նչ կապ ունի հայության ու համաշխարհային ուժերի հետ: Համազգային շարժման մեջ ներդրվել է որպես իրենց սեփական գործի՞ք, թե այդպիսին դարձել է չարաբաստիկ միջազգային հանրության բռնաճնշումների հետեւանքով: Երկու դեպքում էլ մենք դեմ ենք առնում մի բարձր ու հաստ պատի, որը ճեղքելու վճռականություն ունենք, սակայն միջոցը դեռեւս չենք հայտնաբերել: Այս կերպարի լիարժեք բացահայտումը կարող է մեր գործողությունների ճիշտ ուղին նշել:
Հրաչուհի Փալանդուզյան