Tuesday, 26 November 2024

F Free Platform

Համախմբվելը օրվա հրամայականն է

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Բազմամյա ավանդույթ է. քաղաքականության մեջ ակտիվ անձինք տարբեր հարթակներից խոսք են ասում, իսկ մնացածը համաձայնում կամ քննադատում է: Կան նաեւ մարդիկ, ովքեր իրենց երկրի մասին մտորում են գիշեր-ցերեկ, բայց հազվադեպ են արտահայտվում կամ, ընդհանրապես, լռում են, քանի որ չեն տիրապետում լայն զանգվածների վրա ազդելու արվեստին կամ էլ պարզապես իմաստ չեն տեսնում դրանում:

Ինչպե՞ս զատել շառլատանին ուղղամիտ ազգասերից, ինչպե՞ս հառնել այս դժոխային խառնաշփոթից եւ հավատով արարել ու չհուսալքվել: Արդյոք հնարավոր չէ՞ առանց անցողիկ իշխանության մոլուցքի, տեր կանգնել սեփական երկրի ճակատագրին: Գուցե ժա՞մն է միավորելու մեր միտքն ու գործը: Միավորել՝ անաղմուկ, առանց փողոց դուրս գալու, բայց ծանրակշիռ քայլեր անելով՝ հավաքական համոզմունքի ձայն բարձրացնելով: Չէ որ առանձին-առանձին, մեկուսի գործելով, անհատների ձայնը ցանկալի արդյունք չի տալիս, իսկ երբ անգամ պարզ տեսակետը հնչում է խմբի կամ կառույցի կողմից, այն կարող է ուշադրության հավակնել: Առավել եւս երբ այդ տեսակետն արտահայտում են քիչ թե շատ անկախ մարդիկ, ովքեր պարտավոր չեն իրենց խոսքը համաձայնեցնել «շեֆերի» հետ:

Բոլոր ժամանակներում մարդկանց կարելի է զանազանել իրենց արած գործով: Այլ խոսքով՝ կան բարիք ստեղծողներ եւ այդ բարիքը միակողմանի սպառողներ: ՏՎՈՂՆԵՐ ԵՎ ՓԱԽՑՆՈՂՆԵՐ: Բարիք ստեղծողներին «սուտ մարգարեներից» տարբերելու համար կարեւոր է համախմբվել համոզմունքի շուրջ` սկսած մշակույթից եւ վերջացրած հանրային կյանքի մյուս առանցքային ոլորտներով: Վաղվա Հայաստանն ինձ համար ավելի կարեւոր է, քան այն, թե ով եւ ինչպես կվտարի ապաշնորհ իշխանությանը: Մեր նորագույն պատմության մեջ բոլոր իշխանափոխությունների հիմքում եղել է այս կամ այն անձի դեմ պայքարը: Ոչ մի տեսլական, սկզբունք, գաղափարախոսություն կամ ծրագիր չեն միաբանում մեզ:

Ի թիվս այլ փորձությունների ու կորուստների, անկախության տարիների ամենածանր կորուստը մարդկային որակն է: Նոր Հայաստանի համար բարձր մարդկային առաքինություններ են պետք: Եթե կուզեք` կորցրած որակը պետք է աստիճանաբար կրթել ու ձեւավորել:

Սոցցանցերի ընձեռած հնարավորությունը եւս պետք է գնահատել: Վիրտուալ այս հարթակն առայժմ ինչի համար ասես, որ չի գործածվում, բացի համախմբումից: Յուրաքանչյուրիս ՖԲ ընկերների մեջ կան ինչպես համախոհներ, այնպես էլ ֆեյքեր ու պարզապես անհաղորդ մարդիկ: Որպես առաջին քայլ` փորձենք մարդկային խայտաբղետ հորձանուտից ընտրել գաղափարի ու համոզմունքի ընկերներ: Հետո գուցե ուրվագծվի ավելի նպատակային քայլերի տրամաբանական շղթան, որը կբերի նաեւ ընդհանուր մտահոգությունների ու խնդիրների հանգուցալուծման նոր ելքերի ընտրության:

Ժամանակը մեր օգտին չի աշխատում: Ներքին եւ արտաքին սրընթաց զարգացումների մեջ դիտորդի կարգավիճակում հայտնվելը լավագույն լուծումը չէ: Փորձենք համախմբվել, ինչը հատկապես այս օրերին հրամայական է:

 

Թաթուլ Մանասերյան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.