Tuesday, 26 November 2024

F Free Platform

Եթե Դոստոեւսկի եմ կարդացել՝ խելացի՞ եմ…

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Փոքր տարիքից կրթական համակարգը եթե մեր մեջ չի սպանում գիրք կարդալու ցանկությունը, ապա պարտադիր փորձում է այն խեղել։ Ցավոք, հաճախ ստացվում է։ Եվ գրքերի նկատմամբ անտարբեր վերաբերմունքին ամենաշատը նպաստող հանգամանքներից մեկը պարտադիր ընթերցանության ցանկերն են, որոնք հետապնդում են մեզ ամբողջ կյանքում ու ստիպում կարդալ ոչ թե լսելով մեր ներքին ձայնին ու հետեւելով ցանկություններին, այլ առաջնորդվել «ամոթ է, էս տարիքում այս կամ այն գիրքը չեմ կարդացել, բա ինչ կմտածեն» կարգախոսով։

Ամոթ է, եթե դեռահասության տարիքում չես կարդացել «Հարի Փոթերը»։ Էրիխ Մարիա Ռեմարկը եւս պարտադիր է՝ ոչինչ, որ մտածում ես, թե կին գրող է, կարեւորը մի քանի գիրք «հետ քցես»։ Դոստոեւսկի չկարդալը հանցագործություն է. ոչինչ, որ սովորաբար առանց հասկանալու են կարդում՝ ուղղակի «պլյուսի» համար, իսկ «իրական» ընթերցողների գրական կենսափորձը ցույց է տվել, որ Դոստոեւսկին ամբողջ խորությամբ ու գեղագիտությամբ ընկալվում է, մեծամասամբ, երեսունհինգից հետո։ Սա ոչ մեկին հետաքրքիր չէ։ Դոստոեւսկի չես կարդացել՝ ապուշ ես, ի՞նչ է նշանակում՝ սպասում եմ հարմար տարիքի ու պահի, ուզում ես հասունանալ գրքի համար ու կենսափորձ հավաքել, էս ինչ անհասկանալի տեքստեր են։ Դու պարտավոր ես կարդալ, բոլորը կարդացել են՝ դու էլ կարդա, հետո նույն ծեծված ձեւով կմեկնաբանես գիրքը՝ թեման կփակվի։ Ստացվում է՝ Դոստոեւսկի կարդալով խելացի ես դառնում, բայց հա՞ որ։

Մարդիկ մեկընդմիշտ պետք է համակերպվեն մի պարզ իրողության հետ՝ թվաքանակով շատ գրքեր կարդացած լինելը խելացի լինելու հետ բացարձակ կապ չունի։ Տեղեկացված ես՝ այո, ծանոթ ես գրական անցուդարձին՝ անշուշտ, բայց դրանով խելացի չես դառնում։ Սա եւս կրթական համակարգի պարտադրած սխալն է, որը երբեք չենք փորձել վերլուծել։ Մեզ փոքր տարիքից ստիպում են հավատալ ու կրկնել, որ գրականությունը կրթական ֆունկցիա ունի, որ գիրքը պիտի սովորեցնի, դաստիարակի, հղկի… Գիրքը ոչինչ պարտավոր չէ, նա չունի սահմանադրական ոչ մի պատասխանատվություն իր ընթերցողի նկատմամբ։ Գիրքը ձեր ծնողը չի, որ դաստիարակի, ձեր հորեղբայրը չի, որ սովորեցնի, ոչ էլ անկյունահղկիչ է, որ հղկի (բուն հայերենով՝ «բալգարկա»)։

Գիրքը գրել են, որ… գրեն։ Եվ դուք կարդում եք, որ… կարդաք։ Այն փոխանցում է էմոցիաներ, ստիպում վերանայել կյանքի որոշ դրվագներ, հուշում է լուծումներ, օգնում է վերապրել դժվարությունները, կարող է լավ ընկեր դառնալ։ Բայց սա ձեր ընկալումներն են, եթե գիրքը կամ գրողը չի ցանկանում դրական ազդել ձեզ վրա, հակառակը՝ գրողը ստեղծում է զզվելի տեքստեր՝ սոցիալական խավի ամենացածրում կանգնած մարդկանց ու երեւույթների մասին գրելով, դա դեռ չի նշանակում, որ գրականությունը լավը չէ։

Օրինակ, Չաք Փոլանիքի «Աղիքներ» պատմվածքը այնքան լավ է գրած, որ ընթերցելուց հետո սիրտդ խառնում է, անձնական կարծիքով՝ հրաշալի գործ է։ Մեկ այլ գրող կա՝ Իրվին Ուելշը, սիրում է օգտագործել գռեհիկ լեզու ու գրել սոցիումից դուրս ընկած անհատների մասին՝ իրենց կորցրած, կործանված, անպիտան ու հոգեպես քրքրված։ Ի դեպ, թեմայից դուրս, եթե այս ոճի սիրահար եք, կարող եք դիտել (իհարկե՝ նաեւ կարդալ)  Filth (2013), The Trainspotting (1995) ֆիլմերը, պիտի որ հավանեք։ Հիմա որոշները կասեն՝ բայց բացասական կերպարով գրողը կրթում է մարդկանց չլինել այդպիսին։ Մյուսները կասեն՝ հակառակը, իր գրքերով ու դրանց հիման վրա նկարահանված ֆիլմերով մարդկանց  ստիպում են հետաքրքրվել նման կյանքով, մարդիկ կկարդան ու կգնան-կկործանվեն։ Փաստը մեկն է՝ գրողն ուղղակի գրում է, մնացածը մեր որոշելիքն է։

Նույնն էլ, ասենք, Դոստոեւսկու դեպքում։ Եթե Դոստոեւսկին իմանար, որ ինչ-որ մի օր իրեն կարդալով-չկարդալով մարդու ինտելեկտն են չափելու՝ դժվար թե գրեր. լավ է, որ դրա մասին չի մտածել։ Եվ լավ է, որ ողջ չի, որովհետեւ հաստատ իրեն տհաճ կլիներ, որ, ասենք, «Ոճիրն ու պատիժը» մարդիկ առանց հասկանալու կարդում են, զուտ որովհետեւ ընդունված է կարդալ։ Մեծամասնությունը չի հասկանում, բայց ռիսկ չի անում բարձրաձայնել դրա մասին, ասենք չի ասի՝ «գիտեք, ինձ համար Դոստոեւսկին ծանր է դեռ, ես լավ չեմ ընկալում այն, երեւի պիտի սպասեմ»։ Չի ասի, որովհետեւ կմտածեն՝ «թույլ» ընթերցող է, մենք հասկացանք, ինքը՝ ոչ:

Մինչդեռ գրականությունն ազատություն է սիրում։ Դա ենթադրում է, որ ընթերցողը պիտի եւս ազատ լինի։ Այս կամ այն գրողին կարդալը մեզ ավելի խելացի չի դարձնում։ Եվ շատ ավելի ընդունելի է սպասել հարմար պահի ու գրողին վայելել ու ընկալել ամբողջ գունապնակով, քան թե «հարամել» գրքի վայելքն ու այն ուղղակի կարդալ՝ այլ մարդկանցից հետ չմնալու համար։ Չկան սահմաններ, չկա հատուկ տարիք, մեկը Լեւ Տոլստոյին «ծամում է» տասնհինգում, մյուսը՝ հիսունում, բայց դրանից չի ենթադրվում, որ տասնհինգ տարեկանն ավելի հմուտ ընթերցող է։ Ոչ, ուղղակի ամեն գրականություն ունի իր ժամանակը, ընկալման իր առանձնահատկություններն ու ձեւը։ Կարդալը մոդա չէ, կարդալը պարտականություն չէ, որեւէ գրողին սիրելը կամ հասկացած ձեւացնելը սոցիումում մեզ կշիռ չպիտի տա, որովհետեւ դա կեղծ օրակարգ է։ Ազատ թողեք ձեզ, մոտեցեք գրքերին հոգածությամբ ու հետաքրքրվածությամբ, ձեր առջեւ բացվելու են այն տեքստերը, որոնց պատրաստ եք, որոնց ժամանակը եկել է։ Մնացածը՝ հետո։

Ի դեպ, ես ինքս էլ չեմ համարում, որ Դոստոեւսկուն դեռ լավ հասկանում եմ, պարբերաբար կիսատ եմ թողնում, որովհետեւ իր գրքերում տեսնում եմ շերտեր, որոնք դեռեւս ինձ համար չեն բացվում, իսկ ես ուզում եմ դրանք վայելել։ Իսկ ո՞րն է ձեր այն հեղինակն ու գիրքը, որը չեք կարդացել, գուցե՝ կարդացել ու չեք սիրել, բայց դրա մասին առանձնապես չեք խոսում, քանի որ ձեզ սխալ կընկալեն։

 

Սյունե Սեւադա

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.