Միշտ ուշադրություն եմ դարձրել հատկապես Ստեփանակերտի սրճարանների, խանութների, հյուրանոցների եւ նմանատիպ այլ վայրերի անվանումներին։ Այնպիսի տպավորություն է, որ ոչ թե հինավուրց հայկական բնակավայրում ես, այլ, ասենք, արեւմտյան մի քաղաքում։ «Բոստոն», «Բարդակ», «Ցենտրալ», «Բիաջո», «Նաթիոնալ», «Ռեզոն», «Նակալի», «Ֆուդ-մուդ», «Ֆենիքս», «Կապիտալ», «Սան Ռեմո», «Ֆլորենս», «Ռենեսանս», «Կվադրո»։ Քիչ չեն նաեւ ռուսական անվանումները՝ «Նաբերեժնայա», «Պյատիչոկ», «Դետսկի միր» եւ այլն։
Լավ, ի՞նչ տրամաբանությամբ են Ստեփանակերտը լցրել այդպիսի օտարահունչ ու մեր լեզվին ու քիմքին անբարեհունչ անուններով։ Արդյո՞ք նույն տրամաբանությամբ, ասենք, Բոստոնում կան խանութներ՝ «Հաթերք», «Մաղավուզ» կամ «Կարմիր շուկա» անուններով։ Որեւէ այլ երկրում կհանդիպե՞ք «Յուղուծու» կամ «Տակռե» անունով սրճարան։
Իհարկե, չեք հանդիպի, քանի որ օտարների համար Արցախը հայրենիք չէ, տո իսկի գոյություն էլ չունի, իսկ մենք՝ թողած մեր հրաշք անվանումները, ընկել ենք օտարների բոստոնների ու ռեզոնների, ֆենիքսների ու կվադրոների հետեւից։
Իրականում այս ընկերություններից շատերի աշխատողներին ու սեփականատերերին ճանաչում եմ. մեծ մասը հրաշալի մարդիկ են, հրաշալի հայեր, բայց, չգիտես ինչու, նրանց թվում է՝ որքան օտարահունչ է իրենց օբյեկտի անվանումը, այնքան հրապուրիչ կլինի հաճախորդների համար։
Հանուն արդարության պետք է ասել, որ կան նաեւ գեղեցիկ ու շատ գրավիչ, հայեցի անվանումներ, ինչպես՝ «Հեղնար», «Ուրարտու», «Մռավ», «Մենուա», «Ուռենի», «Թթենի», «Արարատ», «Օջախ», «Արագիլ» եւ այլն։
Ավելի վերեւում նշածս օտարահունչ անուններով կառույցների սեփականատերերին առաջարկում եմ սրերով չընդունել ասածս։
Օրինակ՝ ինչքա՞ն լավ ու բարեհունչ կլինի, եթե Արցախի տարբեր խանութների, ռեստորանների, սրճարանների ու հյուրանոցների վրա լինեն՝ Մատաղիս, Թաղավարդ, Քարվաճառ, Հադրութ, Տումի, Քարեգահ, Բերձոր, Կովսական, Վարանդա եւ մեր մյուս բնակավայրերի անվանումները կամ ժողովրդական՝ «Լյուսնինգա», «Իրիքնակ», «Պարլյուս», «Տմացկուն պեն», «Պարիկամ» եւ այլն։ Մի խոսքով՝ Արցախի բարբառն այնքան ճոխ ու գեղեցիկ է, որ «հինչ ման կյաս ճարմըս»։
Սիրենք մեր ունեցածը, մեկ է՝ մենք ոչ մեկին պետք չենք, մենք միայն մեզ ենք պետք։ Եթե մենք ամուր չպահենք մերը, ոչ ոք մեզ տեր չի կանգնելու։ Նախ՝ պետք է սեփականին տեր կանգնենք, որ մտածենք ազատագրելու մասին:
Նաիրի Հոխիկյան