Saturday, 31 January 2026

F Free Platform

Ժողովրդին պառակտելը հերոսություն չէ…

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Ասված խոսք կա` գռեհիկ մարդն է գռեհիկ խոսում: Կենտրոնացած եմ մի կարեւոր հարցի վրա՝ ինչո՞ւ պետական պաշտոններ զբաղեցնող ոմն անձինք չգիտեն` ինչ բառապաշարով շփվել մարդկանց հետ։ Ինչո՞ւ է տհաճ խոսակցականով մարդն ընտրվում պատգամավոր, համայնքապետ կամ նշանակվում նախարար, պատասխանատու ոլորտի ղեկավար եւ նմանօրինակ այլ պաշտոններում:

Հաճախ առիթ եմ ունենում լսելու հարցազրույցներ կամ կարդալու տարբեր թեմաներով հրապարակումներ։ Գոհունակություն են պատճառում քաղաքական վերլուծաբանների խելամիտ, հիմնավորված դիտարկումները, հոգեւոր ծառայության ներկայացուցիչների դատողություններն ու անաղարտ, գրագետ բառապաշարը, որը զարդարում է նրանց իմաստալից միտքը, այն ազատ շարադրանքը, որ զերծ է խրթին բառակույտերից կամ ոչ հարիր բառամթերքի գործածությունից։ Պետք է իմանալ, որ միայն հակիրճ, պարզ ու անպաճույճ խոսքով է գեղեցիկ լեզուն՝ մարդկանց քաղաքակիրթ հաղորդակցության միջոցը:

Եթե հայերենի բառապաշարում հայհոյախառն գռեհկաբանությունը տեղ չունի, որի գործածությամբ տվյալ անձը ցանկանում է ոչնչացնել դիմացինին, ապա ինչո՞ւ լեզվական այդ աղտոտաբանության կրողները, ընդհանրապես, տեղ պիտի ունենան հասարակության մեջ: Անձինք, որոնց գռեհիկ խոսքը, ի վերջո, վերաճում է գռեհիկ վարքագծի՝ հաճախ խաթարելով հանրության անդորրը։

Պաշտոնի տեր լինել՝ չի նշանակում լեզվին ազատություն տալ, պաշտոն զբաղեցնելը թիկնապահների «զորքի» ներկայությունը չէ նրա կողքին եւ ոչ էլ` նրանց սպասարկող թանկարժեք մեքենաների մրցակցությունը։ Պաշտոն ունենալը մարդկանց  վերեւից ներքեւ նայելը չէ, ոչ էլ` բարեւ առնել-տալուց խուսափելը, պաշտոնը պիտի պաշտոնավորին պարտավորեցնի` ինչպիսի վարքագիծ ունենալ, ինչ կարգուկանոնի ենթարկվել, ինչ բառապաշար օգտագործել, ինչպես դառնալ ՀԱՆՐԱՅԻՆ ՄԱՐԴ՝ իր իսկ պաշտոնով հանդերձ։

Նման անձանց հասարակությունը միանգամից նկատում է, վստահում, հարգում եւ մեծարում: Հիշենք շատ պարզ մի բանաձեւ՝ հերոսություն չէ ժողովրդին պառակտելը, հերոսությունը ժողովրդին հավաքական ուժ դարձնելն է նրան հերոսության մղելը՝ հանուն երկրի ու քաղաքացիների բարօրության: Սա պետք է սերտի յուրաքանչյուր պաշտոնյա, ում համար թանկ են իր ազգի անցյալը, ներկան ու ապագան:

 

Նատաշա Պողոսյան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.