(Սկիզբը՝ նախորդ համարում)
Նիհիլիզմը տարբեր դարաշրջաններում կարող է տարբեր դրսեւորումներ ունենալ։ 20-րդ դարի նիհիլիստները հիպիներն ու պանկերն էին։ Նրանք ապստամբում էին ոչ միայն իշխող կարգերի, այլեւ հասարակական հարաբերությունների, «կեղծ արժեքների», կապիտալիզմի ու փողի պաշտամունքի դեմ։ Սակայն հիպիներն ու պանկերը իշխանության չէին ձգտում, նրանք ընդամենը ցանկանում էին իրենց կյանքով ապրել՝ մեկուսանալով հասարակությունից։ Նրանք ստեղծեցին մերժման մշակույթ, որն արտահայտվեց երաժշտության, գրականության, նկարչության, ֆիլմերի միջոցով։ Դա եղած իրականության մերժումն էր։
«Մերժողները», որպես կանոն, երկու խմբերից էին բաղկացած։ Առաջին խումբը բացկացած էր ինտելեկտուալներից, որոնք գիտակցում, վերլուծում են իրականությունը եւ փորձում են մերժումը արժեւորել։ Մյուս խումբը կյանքից «մերժվածներն» էին, մերժվածները մերժում էին այն հասարակությունը, որովհետեւ չեն կորողացել կամ չեն ցանկացել սոցիալականացվել, այսինքն՝ ինտեգրվել իրականությանը։
Ցանկացած ապստամբություն, անհնազանդություն, հեղափոխություն, անգամ երիտասարդական շարժում իր մեջ մերժելու տարրեր ունի, դա հնի մերժումն է, սակայն խնդիրն այն է, որ միայն մերժելը բավական չէ առաջընթաց ապահովելու համար։ Եթե մերժելը ինքնանպատակ չէ, այն պետք է իր մեջ նաեւ ինչ-որ առաջարկ պարունակի։ Ամերիկյան, ֆրանսիական, ռուսական, իրանական հեղափոխությունները բացի մերժելուց ունեին նաեւ «առաջարկ»՝ անկախ նրանից, թե ով ինչպես է այդ «առաջարկին» վերաբերվում։ Բայց, օրինակ, ուկրաինական հեղափոխությունները նույնպես հիմնված էին մերժման գաղափարի վրա, սակայն «առաջարկ» մինչ այժմ չեն ձեւակերպել՝ դեպի Եվրոպա «գնալը» առաջարկ չէ, այլ փախուստ է իրենց իրականությունից, իրենց մշակույթից, դա ավելի շուտ ինքնամերժում է։
Հայկական «մերժումը»՝ իշխանափոխությունը, որին մոտ 30 տարի ձգտում էր հասարակությունը, իրականացավ, սակայն պարզվեց, որ այդ մերժումը ընդամենը իրականությունից փախուստ էր, դա ինքնամերժում էր՝ առանց ապագայի նախագծի, որովհետեւ մերժման դեպքում պետք է զարգացման ճանապարհի մասին պատկերացում ունենալ։
Պատահական չէր, որ մերժողները արցախյան պատերազմը ստորադասում են իրենց «հեղափոխությանը», արհամարհում են սովետական անցյալը (իր դրական ու բացասական կողմերով), որովհետեւ դա Հայաստանի ողջ պատմության մերժումն է, եւ եթե Ավարայրի ճակատամարտը հանրության գիտակցության համար ակտուալ լիներ, դա էլ կմերժեին։ Մերժումը չի կարող սահմաններ ճանաչել։
Պատահական չէր, որ 19-րդ դարի երկրորդ կեսին եվրոպական նիհիլիզմը զուգորդվեց արվեստի մեջ առաջացած նոր երեւույթով՝ դեկադանսով։ Դեկադանսը ֆրանսերեն բառացի նշանակում էր ավերում, անկում։ Դա նախին արվեստի ու մշակույթի ժխտումն էր, դա Հին Ֆրանսիայի, Հին Անգլիայի, Հին Ռուսաստանի մերժումն է, իր բոլոր դրսեւորումներով՝ «կեղծ բարոյականությամբ», «կեղծ էսթետիզմով», «կեղծ արժեքներով»։ Սակայն այդ երկրներում դեկադանսը սահմանափակվեց մշակութային դրսեւորումով ու դեկադանսական քաղաքականություն չստեղծեց։ Հայաստանում դեկադանսը մտավ քաղաքականություն։ Քաղաքացու օրը «քաղաքացիական խորովածի» վերածելը դեկադանսի ամենագռեհիկ դրսեւորումներից մեկն էր։ Հայ գրականության ու պատմության դասերի սահմանափակումը նույնպես այդ «անպետք», «Հին Հայաստանից» ժառանգված առարկաների ժխտում է, բայց քանի որ այդ մերժումը ապագայի նախագիծ չի առաջարկում, մերժումը վերածվում է ինքնամերժումի, որովհետեւ այլընտրանք չի առաջարկվում։
Հայկական դեկանդասը, մտնելով քաղաքականություն, շրջանցել է մշակույթն ու գիտությունը։ Արդյունքում, դեկադանսը զուգորդվում է դիլետանտիզմով, որն իտալերեն dilettante բառից է առաջացել, որը նշանակում է զվարճանք։ Այսինքն մասնագիտական կարողությունները նույնպես ժխտվում են, ցանկացած աշխատանք, պետական ու քաղաքական պաշտոն կարելի է զբաղեցնել առանց մասնագիտական կարողությունների ու փորձի։
Պատմության պարույրի ցանկացած նոր փուլում առաջանում է պահանջ վերաիմաստավորել անցյալը եւ իմաստավորել ներկան։ Դա բնական գործընթաց է, սակայն «հայկական մերժումը» չի զուգորդվում անցյալի ու ներկայի վերաիմաստավորմամբ, մշակութային նոր մոտեցումներով ու նոր բովանդակություն չի ծնվում, հեռուստատեսություններում համապատասխան քննարկումներ չեն ընթանում։ Դեկադանսը մտել է քաղաքականություն՝ շրջանցելով մշակույթը։
(Վերջը)
Ստեփան Դանիելյան

