Tuesday, 26 November 2024

A Analysis

Բերձորի քառասուն օրը. ով տվեց միջանցքը Ադրբեջանի տնօրինմանը

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

«Հայացք»-ի նախորդ վերլուծականում, որն այս տարում առաջինն էր, նկարագրված են ՀՀ իշխող քաղաքական ուժի եւ նրա առաջնորդի անփառունակ կառավարման, ստերի ու մանիպուլյացիաների հետեւանքները՝ ճգնաժամեր, մարդասիրական աղետներ, քաոս, ձախողումներ հասարակական-քաղաքական կենսագործունեության շատ ոլորտներում: Մեր խոստման համաձայն՝ սույն թողարկման շարունակության մեջ պետք է զետեղվեր 2022-ի արդյունքների ամփոփման ընթացքում տեղ գտած խեղաթյուրումների, ստերի ու շահարկումների վերլուծության երկրորդ մասը, որը գրեթե պատրաստ էր հրապարակման:

Սակայն վերջին պահին որոշվեց այդ թեման հետաձգել ավելի հանգիստ ժամանակների եւ անդրադառնալ օրվա ամենահրատապ ու ամենազգայուն խնդրին՝ Բերձորի միջանցքին, որի ապաշրջափակման պահանջը՝ չնայած միջազգային կառույցների հորդորներին, Ադրբեջանն անտեսում է արդեն 40 օր: Արցախի 120 հազար մեր ազգակիցների շուրջ գնալով օղակը սեղմվում է, իսկ պաշտոնական Երեւանը խուլ ու համր է ձեւանում՝ ոչինչ չի տեսնում, ոչինչ չի լսում: Սա, ամենամեղմ գնահատականով, անբարոյականություն է:

Հունվարի 12-ին «Ազատության» հետ զրույցում Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ՀՀ-ն չի խառնվելու Լաչինի միջանցքի բացման հարցին, քանի որ այն, ըստ ԱԺ նախագահի, ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտի է։ «Արցախի իշխանություններն Ադրբեջանի հետ ուղիղ բանակցելու եւ ուղիղ խոսելու հնարավորություն ունեն՝ իրենք են զբաղվում խնդրով, իսկ Հայաստանը սատար կկանգնի Արցախի յուրաքանչյուր որոշման»,- ասել է Սիմոնյանը՝ պատասխանի ենթատեքստում հասկացնելով, որ տարաձայնություններ կան Արցախի ու Հայաստանի միջեւ։ Նախօրեին Արցախի ԱԽ-ն հայտարարել էր, որ հայտնի ասուլիսում Փաշինյանի պնդումները ներհակ են Արցախի որդեգրած դիրքորոշմանը:

Մեծ հաշվով՝ Արցախը հիմնավոր փաստարկներ ունի Նիկոլ Փաշինյանին մեղադրելու նաեւ Բերձորի միջանցքը փակելու հարցում: Դրան դեռ կգանք, բայց նախ փորձենք հասկանալ խնդրի բուն էությունը՝ ինչպե՞ս եղավ, որ Ադրբեջանը հանդգնեց փակել Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը՝ կյանքի ճանապարհը: Ընդհանրապես՝ Լեռնային Ղարաբաղը եւ, միջազգային եզրույթով ասած, Լաչինի միջանցքը միշտ դիտարկվել են որպես միեւնույն կարգավիճակն ունեցող: 90-ականներից մինչեւ վերջերս, համենայն դեպս՝ մինչեւ 2018-ը, այդպիսին էր նաեւ իրավական ընկալումը, որը պիտի վերջնականապես հստակեցվեր հանրաքվեի միջոցով, ինչպես նախատեսված էր Մադրիդյան սկզբունքներով:

Սա նշանակում է՝ քանի դեռ ԼՂՀ-ի (ուստիեւ՝ Լաչինի միջանցքի) կարգավիճակն անորոշ է կամ տակավին ճշգրտված չէ, Ադրբեջանը եւ, առհասարակ, ոչ ոք իրավունք չունի միջանցքի հետ խելքին փչածն անել: Ադրբեջանը նույնիսկ օրինական հիմք չուներ Կաշենի եւ Արցախի տարածքում գտնվող մյուս հանքավայրերի մասին հարց բարձրացնելու: Ցավոք՝ այժմ ունի, եւ այդ հիմքը նրան տվել է ոչ այլ ոք, քան Նիկոլ Փաշինյանը՝ Պրահայում 2022-ի հոկտեմբերի 6-ին ստորագրած քառակողմ համաձայնագրով, որով, ըստ էության, ճանաչել է Արցախն իբրեւ Ադրբեջանի մաս:

Փաշինյանը լուռ ու անաղմուկ ստորագրեց Ալիեւ-Փաշինյան-Մակրոն-Միշել հայակործան համաձայնագիրը՝ ազատություն տալով Իլհամի նման չարագործի ձեռքերին: Եթե չեմ սխալվում, խոսքն այն փաստաթղթի մասին է, որը ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը պատրաստվում էր ստորագրեր ավելի վաղ, ինչի մասին հանրությանը տեղեկացրեց ԱԺ-ից՝ հավելելով, որ դրա համար իրեն կարող են քննադատել, համարել դավաճան, անգամ պահանջել հրաժարական տալ, բայց պետք է ստորագրի: Եվ հաշվված ժամերի ընթացքում ԱԺ-ի ու Կառավարության շենքերի մուտքերի մոտ ինքնաբուխ հավաքվեց մի քանի տասնյակ հազարավոր վրդովված մարդկանց հսկայական բազմություն, ինչը նրան այդ ժամանակ ետ պահեց անխոհեմ քայլից: Բայց արդյո՞ք ետ պահեց:

Ուշագրավ մի մանրամասն. Պրահայում հոկտեմբերի 6-ին, երբ մամուլը Ադրբեջանի նախագահին հարցրել է, թե ինչպես կմեկնաբանի Ղարաբաղի հետ ուղիղ խոսելու մասին Փաշինյանի կոչը, որն ուղղված է Բաքվին, Ալիեւը պատասխանել է. «Ղարաբաղի հայերը մեր քաղաքացիներն են։ Նրանց հետ շփումը մեր ներքին գործն է, որը մենք երրորդ երկրի հետ չենք պատրաստվում քննարկել»: Թե սեփական հայ քաղաքացիների հետ ինչպիսի «շփում» նկատի ուներ Իլհամ Ալիեւը, այսօր տեսնում ենք բոլորս: Թերեւս՝ չի տեսնում միայն Նիկոլ Փաշինյանը, ով մեղապարտությունն իրենից վանելու կամ ուրիշի «գրպանը գցելու» գործում հավասարը չունի:

Բերձորի միջանցքի փակումը, ըստ նրա, 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի 6-րդ կետի կոպիտ խախտում է. «Այս կետով պարտավորություն են կրում հայտարարության կողմերից երկուսը՝ Ադրբեջանը եւ Ռուսաստանը»,- ՀՀ կառավարության անցած տարվա վերջին՝ դեկտեմբերի 29-ի նիստում նշել է գործադիրի ղեկավարը եւ հավելել. «Եթե ՌԴ-ն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունությունն ու անվտանգությունը ԼՂ-ում, պետք է ՄԱԿ-ում քննարկում նախաձեռնի եւ հարց բարձրացնի ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատով օժտելու կամ Լեռնային Ղարաբաղ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու մասին:

Նա Արցախի ճանապարհն արգելափակելու հարցում մեղադրում է ՌԴ-ին, Ադրբեջանին, ռուս խաղաղապահներին՝ ում ասես, բայց ոչ իրեն: Մինչդեռ տեղի ունեցածն ամենաշատը հենց իր անհեռատես, ազգադավ քաղաքականության արդյունքն է: Եթե դու ԼՂ-ն ճանաչում ես Ադրբեջանի կազմում՝ ոչ միայն ջուրն ես թափում Հայաստանի եւ Արցախի ռազմական, դիվանագիտական 30 տարվա ահռելի ջանքերն ու զոհողությունները, այլեւ փոխում ես 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բովանդակությունը: Ալիեւն օրինակարգ իրավունք է ստանում «իր» տարածքում անել, ինչ ուզում է՝ Ստեփանակերտը վերանվանել Խանքենդի, տիրություն անել բնական պաշարամիջոցներին, փոխել գյուղերի անունները եւ այլն:

Այս ամենի հենքին միանգամայն օրինաչափ է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի դիտողությունը, թե Նիկոլ Փաշինյանը թող իր հանրությանն անկեղծ պատասխանի, թե ինչ է պայմանավորվել ադրբեջանական կողմի հետ: Փաստորեն անցած տարվա նոյեմբերի 1-ին Փաշինյանը Սոչի էր մեկնել (Ալիեւն իրենից մեկ օր շուտ էր մեկնել)՝ պրահյան ադրբեջանանպաստ համաձայնագիրն արդեն ստորագրած, այսինքն՝ 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը որոշ չափով բովանդակազրկած: Ռուսական կողմն ապշած էր՝ նոր պայմանավորվածություններով նա «կապել» է Պուտինի ձեռքերը եւ ազատություն տվել Ալիեւի ձեռքերին ու, մանավանդ, լեզվին: Հիմա կանգնել, ասում է՝ Լաչինով անվտանգ երթեւեկի ապահովումը, ըստ նոյեմբերի 9-ի փաստաթղթի, Ադրբեջանի պարտավորությունն է, որը նա չի կատարում:

Մոտավորապես նույնպիսի մեղադրանքներ են հնչում ընդդեմ ռուսական կողմի, ինչը խիստ վտանգավոր է: Անմտություն է՝ մի կողմից ասել՝ ռուս խաղաղապահների ներկայությունը սպառնալիք է Հայաստանի ու Արցախի համար, մյուս կողմից հայտարարել, թե Ադրբեջանը պատրաստվում է Արցախի դեմ լայնածավալ պատերազմի ու ցեղասպանության: Եվ սա դեռ ամենը չէ այս օրերին ահագնացող հակառուսականության քարոզարշավում: ԱԱ խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանը հայտարարում է. «ՌԴ-ն ուղիղ ստիպում է Հայաստանին՝ միութենական պետության մաս կազմել»: Ավելին՝ ըստ Գրիգորյանի, այդ պարտադրանքի շրջանակներում են տեղավորվում նաեւ թե՛ սեպտեմբերի 13-ի ագրեսիան, թե՛ այս օրերին Արցախի շրջափակման մեջ գտնվելը:

Միայն պակասում էր ՌԴ-ին այնպիսի լրջագույն մեղքերի հասցեագրումը, ինչպիսիք են Ադրբեջանի ձեռնարկած սեպտեմբերյան հարձակումը, որը 230 հայ զինծառայողի կյանք խլեց, եւ Բերձորի շրջափակումը, որը ծանր հետեւանքներով շարունակվում է արդեն 40 օր: Սրանք աննախադեպ մեղադրանքներ են, որ պաշտոնական ամենաբարձր մակարդակով ուղղվեցին ռազմավարական դաշնակցին: Նման դեպքերի համար ժողովուրդը թեւավոր խոսք ունի՝ «Չի կարելի կտրել այն ճյուղը, որի վրա նստած ես»: Հավանաբար՝ զգալով, որ «համը հանել» են, ՀՀ կառավարության նույն՝ դեկտեմբերի 29-ի նիստում Փաշինյանը փորձել է մեղմել անախորժ տպավորությունների նստվածքը:

«Պիտի անկեղծ ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունը ԼՂ-ում ռուս խաղաղապահների ներկայության համոզված կողմնակիցն ու ջատագովն է, բայց մեզ համար անընդունելի է ԼՂ հայաթափման լուռ վկա դառնալու՝ ռուս խաղաղապահների ավելի ու ավելի տեսանելի  դարձող գործելակերպը»,- ասել է նա: Ակնհայտ է, որ Փաշինյանը ցանկանում է ճկուն գործելակերպ բանեցնել կամ, ինչպես ասում են, մանեւրել Ռուսաստանի, Եվրոպայի եւ ԱՄՆ-ի միջեւ, սակայն նա անգամ այդ ձիրքը չունի: Զավեշտի վերածվեց նրա պահվածքը, երբ խճճվել էր Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի՝ Մոսկվայի ու Վաշինգտոնի առաջարկած երկու հակադիր նախագծերի արանքում՝ համաձայնելով ե՛ւ ռուսական, ե՛ւ արեւմտյան տարբերակներին, ինչը նոնսենս էր:

Նույն վախվորածությունն ու անվճռականությունն է իշխանությունը ցուցաբերում Բերձորի միջանցքի հարցում: Ադրբեջանն այն փակել է՝ արժանանալով Թուրքիայի հավանությանը, որը քաջալերում է «կրսեր եղբոր» անմարդկային քայլը: Իսկ ի՞նչ է անում մեր անինքնասեր, վախկոտ ղեկավարությունն այս իրավիճակում: Բացում է օդային միջանցքը Թուրքիայից ու Ադրբեջանից Նախիջեւան թռչող եւ, ամենայն հավանականությամբ, զենք տեղափոխող ինքնաթիռների առջեւ: Փույթ չէ, թե տեղափոխված զենքը վաղն օգտագործվելու է Արցախի կամ Հայաստանի դեմ:

Փաշինյանն ասում է, թե Ադրբեջանը պատրաստվում է Արցախի դեմ ցեղասպանության: Դարձյալ՝ կեղծիք: Ադրբեջանը չի պատրաստվում, այլ արդեն իրականացնում է Արցախի հայերի ցեղասպանություն: Սկսած դեկտեմբերի 12-ից: Խելացի կառավարությունը այս իրավիճակում շտապ կհրավիրեր Ազգային ժողովի հատուկ նիստ եւ կճանաչեր Արցախի անկախությունը… Ոչ թե թշնամու առջեւ կբացեր իր երկրի օդային ու ցամաքային դարպասները:

 

Գեւորգ Բրուտենց

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.