Thursday, 18 April 2024

A Analysis

Հայկական պետականության խնդիրները. Ո՞ւմ է պատկանում Հայաստանի Հանրապետությունը (մաս 3)

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Մաս երրորդ

Էթնիկ հանրույթը՝ անկախ նրա անդամների բնակության վայրից, միասնական փոխկախված համակարգ է: Միեւնույն ժամանակ, բոլորովին կարեւոր չէ, թե արդյոք հանրույթի անդամները ցանկանում են մասնակցել ազգային գործերին, կարեւորն այն է, որ այդպես են կարծում մյուսները: Այն պարագայում, երբ հանրույթի որոշ անդամներ հստակ ձեւակերպում են այս կամ այն քաղաքական խնդիրը եւ աշխույժ գործունեություն են ծավալում այն լուծելու համար, տվյալ հանրույթի մնացած բոլոր անդամները՝ անկախ իրենց կամքից, զգում են այդ գործունեության ազդեցությունը: Նման ազդեցությունը դրսեւորվում է այլ ժողովուրդների եւ միջազգային մարմինների վերաբերմունքի միջոցով: Շատ հաճախ հանրույթի անդամները պատասխանատու են իրենց ազգակիցների մտադրությունների եւ գործողությունների համար, նույնիսկ եթե առաջինները որեւէ կերպ ներգրավված չեն վերջինների գործողություններում: Այն դեպքում, երբ արտաքին ուժերի պահանջների մակարդակը հանգեցնում է հանրույթից անմասն մնացած անդամների իրավունքների խախտմանը, ապա էթնիկ հանրույթի անդամների միջեւ ծագում են փոխադարձ պահանջներ:

Իսկ հանրույթի որոշակի հատվածի լուրջ քաղաքական նախագծերի դեպքում (ասենք՝ անկախ պետություն ստեղծելու ծրագրերը), նրա անդամների փոխադարձ պահանջները կարող են հանգեցնել ներէթնիկ վեճերի: Ցայտուն օրինակ է հայկական Սփյուռքի դիմակայությունը 2009թ. Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու՝ Հայաստանի Հանրապետության ղեկավարության ծրագրերին: Նման հակասություններն առավել ակնառու էին Արցախի ազատագրման պայքարի տարբեր ժամանակահատվածներում: Մասնավորապես՝ Հայաստանի քաղաքացիների ու քաղաքական գործիչների զգալի մասը այս պայքարում էր տեսնում իր ներքին խժդժությունների պատճառները եւ պետականաշինության խոչընդոտները: Անհրաժեշտություն չկա հատուկ ընդգծել 1980-ականներին եւ 90-ականների սկզբին ջարդերի եւ հալածանքների ենթարկված Ադրբեջանի հայերի ողբերգությունը:

Օրինակներ, երբ էթնոսի որոշ հատվածների գործողություններում միեւնույն հանրույթի մեկ այլ հատվածը տեսնում է սեփական բարեկեցության ու անվտանգության սպառնալիքները, կարելի է մեջբերել ինչպես հեռավոր պատմությունից, այնպես էլ այլ ժողովուրդների կյանքից: Կարեւոր եզրակացությունն այն է, որ մարդկանց մասնատվածությունը եւ ազգակիցների մտադրություններից ու գործողություններից անմասն մնալը չեն երաշխավորում նրանց «առանձին» բարօրությունը եւ անդորրը: Սա բխում է միջազգային հարաբերությունների տրամաբանությունից եւ չի կարող փոխվել որեւէ մեկի կողմից: Նույնիսկ ցուցադրաբար սեփական ազգությունից հրաժարվելու փորձերը չեն ստեղծում հանգիստ կյանքի երաշխիքներ:

Վերը նշվածից հետեւում է, որ սույն հոդվածում առաջ քաշված «հայկական քաղաքական խնդիրների աշխարհը» հորինված հայեցակարգ չէ եւ կախված է ոչ միայն մեզանից: Ճիշտ այնպես, ինչպես, օրինակ, հակասեմականությունը, որպես համաշխարհային երեւույթ, կախված չէ հրեաների կամքից: Հետեւաբար, առկա է այդ «աշխարհի» հրամայական բնութագիրն ու այդ խնդիրները իրենց շահերին համապատասխան լուծելու ուղիների որոնման անհրաժեշտությունը: Հակառակ դեպքում դրանք կլուծվեն ուրիշների կողմից` հայ ժողովրդի հաշվին:

Այստեղ պարզ է դառնում «հայկական քաղաքական խնդիրների աշխարհի» շրջանակներում հայ հանրույթի յուրաքանչյուր անդամի իրավունքների ու պարտականությունների բաժանման սկզբունքի իմաստը: Սկզբունք, որը թույլ է տալիս կարգավորել ոչ այնքան մեր կամքով մեզ հետ տեղի ունեցող գործընթացները: Առանց փոխհարաբերությունների այդպիսի սկզբունքի արմատավորման, «ազգային միասնության» մասին խոսակցությունները ոչ միայն անիմաստ են, այլեւ կործանարար: Միասնություն հասկացությունը պետք է փոխարինվի շահերի հիման վրա համագործակցություն հասկացությամբ:

Քանի որ Հայաստանում անկախ պետություն ստեղծելու փաստը ոչ միայն համապատասխանում է բազմաթիվ հայերի շահերին, այլեւ անմիջականորեն ազդում է նրանց ճակատագրի վրա (դրական եւ բացասական իմաստով), բոլորը կարող են իրենց շահերի շրջանակներում մտնել միմյանց հետ հարաբերությունների մեջ, առանց որեւէ համապարփակ միասնություն ստեղծելու մտադրության: Սրա համար միայն անհրաժեշտ է որոշել սեփական իրավունքներն ու պարտականությունները՝ ընտրված համագործակցության ծրագրերի շրջանակներում: Եվ կարեւոր չէ, թե ով է այդ հարաբերությունների առարկան` անհատ կամ կազմակերպություն: Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են հայոց պետականությամբ, պետք է հասկանան, որ Հայաստանի Հանրապետությունը պատասխանատվություն չի կրում աշխարհի բոլոր հայերի համար: Եվ ընդհակառակն՝ հայերի բազմաթիվ խնդիրների լուծման իրավունքը հայկական պետության բացառիկ իրավունքը չէ:

Այս իմաստով լայնորեն գովազդված գաղափարը, որի համաձայն՝ հայկական Սփյուռքը պետք է ինքնակազմակերպվի, իր էությամբ սնանկ է: Այս գաղափարը փոխարինում է «մարդկանց իրավունքի» հայեցակարգը «ժողովրդի իրավունք» կեղծ հայեցակարգով: Անհրաժեշտ է հաստատել այնպիսի հարաբերություններ, որոնք կխրախուսեն ամբողջ աշխարհում ցրված հայերի փոխադարձ հետաքրքրությունը: Մարդիկ պայմանագրային հիմունքներով միայն իրենց ցանկությամբ պետք է մասնակցեն ծրագրերին, որոնք բխում են իրենց շահերից եւ ոչ մի պահանջ չունենան միմյանց հանդեպ: Իրավունքները սահմանվում են այն ծրագրերով, որտեղ մարդիկ պատասխանատվություն են վերցնում այդ ծրագրերի իրականացման համար:

Եթե որոշ մարդկանց գործողությունները սպառնալիք են ներկայացնում մյուսների համար, ապա կարող են ստեղծվել համատեղ գործողությունների հատուկ ծրագրեր՝ նմանատիպ սպառնալիքները խափանելու նպատակով: Միայն այսկերպ կարելի է հիմք դնել փոխադարձ օգնության համազգային էթիկայի առաջացմանը եւ հաղթահարել անսպառ փոխադարձ մեղադրանքների ու պահանջների ներկայացման սովորույթը: Սա կարող է լինել հայկական խնդիրների աշխարհով հետաքրքրված բոլոր մարդկանց հարաբերությունների ներդաշնակեցման գործընթացի միայն սկիզբը: Եթե սրան ընտելանանք, ապա ինչ-որ պահի կարող է առաջանալ որոշ համակարգող կառույցների ձեւավորման անհրաժեշտությունը:

Մենք դեռեւս միայն մեկ հանգամանք կարող ենք արձանագրել. Հայաստանի Հանրապետությունը շարունակում է իր կամքին հակառակ պատկանել բոլոր նրանց, ումից առարկայորեն կախված է պետության գոյությունը եւ որոնց կյանքի վրա ակամա իր ազդեցությունն ունի հայկական պետությունը: Մինչ օրս քչերն են մտորում հետեւյալ հարցերի շուրջ. ո՞ւմ է պատկանում Հայաստանի Հանրապետությունը, եւ ի՞նչ իրավունքներ ու պատասխանատվություն ունի ինքը՝ Հայաստանի Հանրապետությունը: Յուրաքանչյուրն ունի իր տեսլականը, որը ձեւավորվել է ոչ թե այսօրվա իրողություններով, այլ պատմությամբ: Իրերի այսպիսի դրությունը խիստ դժվարեցնում է երկրի վիճակը, սակայն սա առարկայական իրականություն է, որը չի կարող անտեսվել: Ընդհակառակն՝ այս հանգամանքի գիտակցումը կարող է նպաստել ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքական եւ իրավական մոդելի բարելավմանը, այլեւ ազգային անվտանգության կուռ համակարգի ձեւավորմանը, որն ի զորու է չեզոքացնել պետությանը սպառնացող ցանկացած վտանգ: Համակարգ, որը կկարողանա պաշտպանել պետությունը ցանկացած արտաքին էքսպանսիայից: Բացի դրանից, հնարավոր կլինի մշակել երկրի ներսում պետական իշխանության զավթման ոտնձգությունները սահմանափակող համակարգ:

 

Մանվել Սարգսյան
Քաղաքագետ

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.