Tuesday, 26 November 2024

A Analysis

Ասք պարեկային ոստիկանության մասին

User Rating: 5 / 5

Star ActiveStar ActiveStar ActiveStar ActiveStar Active
 

Կառավարության նիստերը, որքան կարելի է դատել հեռուստաեթերից, օրակարգի հրատապությամբ, բացախոսությամբ ու քննարկումների խորությամբ առանձնապես չեն փայլում: Օրակարգային հարցերի գերակշիռ մասը չի զեկուցվում, այսինքն՝ անցնում է առանց մտքերի փոխանակության՝ «ոտքի վրա», մյուս մասը՝ դռնփակ ռեժիմով, եւ ցանկում ներառված մի քանի տասնյակ հարցերից միայն մի քանիսին է «բախտ վիճակվում» անցնել քննարկման փոքրիշատե դասական ընթացակարգով՝ չնայած այս դեպքում էլ քննարկում ասվածը կրում է ձեւական բնույթ եւ վերածվում է փոխադարձ հաճոյախոսությունների: Որոշումները, որպես կանոն, ընդունվում են միաձայն. մեկ մարդու կարծիքը կամ առաջարկությունը, ըստ երեւույթին, ենթակա չէ վիճարկման, համենայնդեպս՝ նման օրինակ մեզ հայտնի չէ: Սակայն Կառավարության նիստերի ամենաբնորոշ առանձնահատկությունը, թերեւս, բովանդակային կողմն է՝ այն, թե որքանով է քննարկման ներկայացվող հարցը համահունչ տվյալ ժամանակի ոգուն եւ տրամաբանությանը: Ի վերջո, քանի՞ լումա արժե լուրջ-լուրջ նստած՝ քննարկել խանութներում պոլիէթիլենային տոպրակներն արգելելու հարցը, երբ թշնամին ներխուժել է պետական սահմանից ներս եւ մոտենում է երկրիդ ռազմավարական օբյեկտներին:

Այս նկարագրության ընդհանուր կանոնից բացառություն չէր նաեւ Կառավարության հունվարի 20-ին տեղի ունեցած նիստը, որի բացմանը նախորդեց Նիկոլ Փաշինյանի սիրառատ խոսքը 6 ամիս առաջ Երեւանում իր գործունեությունը սկսած Պարեկային ոստիկանության (ՊՈ) մասին: Ըստ գործադիրի ղեկավարի, 2018-ից հետո սկզբունքային հարց էր ՀՀ-ում ժողովրդավարական իրավակարգի հաստատումը, «եւ այդ ճանապարհին կարեւորագույն բարեփոխումներից մեկը, որ մենք ծրագրել ենք, եղել է Պարեկային ոստիկանության հիմնադրումը», որի շուրջ, Փաշինյանի փոխանցմամբ, այժմ «բավական դրական մթնոլորտ է ստեղծվել»: Մերկախոս չլինելու համար նա նույնիսկ բերում է «դրական մթնոլորտի» հիմնավորվածության մասին վկայող փաստեր, որոնք քաղված էին նորաստեղծ ուժային կառույցի գործունեության միջանկյալ արդյունքների վերջին ամփոփագրից: Տվյալները ներկայացվեցին Երեւանի ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատանքի արդյունքների հետ համեմատության սկզբունքով: Իմաստը հետեւյալն է. ցույց տալ, թե նույն ժամանակահատվածում մի շարք գործառույթների գծով որքան արդյունավետ է եղել ընդամենը 6 ամսվա կենսագրություն ունեցող Պարեկայինի աշխատանքը անգամ մեր «ծանրքաշային» Ճանապարհային ոստիկանության համեմատ:

Հարցին, թե ինչով է բացատրվում նոր կազմավորված ուժային միավորի նկատմամբ Կառավարության ղեկավարի անթաքույց համակրանքը, դեռ կփորձենք անդրադառնալ: Բայց մինչ այդ տեսնենք, թե որոնք են հօգուտ ՊՈ-ի՝ նրա փաստարկները, որոնց շնորհիվ կարճ ժամանակում վերջինիս շուրջ հանրային «դրական մթնոլորտ» է ձեւավորվել: Ահա բերված ցուցանիշներից մի քանիսը. տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու համար Ճանապարհային ոստիկանության կողմից կազմվել է 565 արձանագրություն, իսկ Պարեկայինի կողմից՝ 1.917, աճը՝ 3,5 անգամ կամ 239 տոկոս: Հաշվառման համարանիշի հետ կապված արձանագրություններ. նախկինում Ճանապարհային ոստիկանության կողմից կազմվել է 953 արձանագրություն, ՊՈ-ի կողմից՝ 3.435, աճը՝ դարձյալ 3,5 անգամ կամ 260 տոկոս: Գերձայնային ազդանշաններով կամ «փարոսիկներով» երթեւեկելու համար կազմված արձանագրություններ. նախկինում 2 այդպիսի արձանագրություն է եղել, ՊՈ-ի դեպքում՝ 15, աճը՝ 7 անգամ կամ 650 տոկոս: Առանց վարորդական վկայականի վարելու համար կազմված արձանագրություններ. նախկինում՝ 924 դեպք, ՊՈ-ի կողմից՝ 4674 դեպք, աճը՝ 5 անգամ կամ 405 տոկոս:

Ավելին՝ հանցագործություն կատարելու կասկածանքով նախկինում Ճանապարհային ոստիկանության կողմից ոչ մի մարդ բերման չի ենթարկվել, իսկ ՊՈ-ի կողմից բերման է ենթարկվել 875 մարդ։ Երթեւեկության կանոնների հետ կապ չունեցող վարչական իրավախախտում կատարելու համար նախկինում ոչ մի արձանագրություն չի կազմվել, իսկ ՊՈ-ի կողմից կազմվել է 189 արձանագրություն։ Ճանապարհային ոստիկանությունը նախկինում երբեք հետախուզման մեջ գտնվող մարդ չի հայտնաբերել, իսկ ՊՈ-ի կողմից հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 51 անձ եւ այլն։ Փաստերը բազմաթիվ են, իսկ եզրակացությունը՝ մեկը. Փաշինյանը կիրառում է մեկի աշխատանքը նսեմացնելու հաշվին մյուսինը արժեւորելու մանիպուլյատիվ հնարք՝ միաժամանակ արժեւորելով ՊՈ-ի ստեղծման մեջ սեփական դերակատարությունը, թե տեսեք-տեսեք՝ ինչպիսի իմաստուն որոշում եմ կայացրել: Առհասարակ՝ կյանքում լավ գործ չարած մարդիկ սիրում են այդպիսին հորինել: Հենց նման երեւույթի հետ գործ ունենք իրականում:

Ոչ մի քննադատության չեն դիմանում հատկապես բերված համեմատությունները: Նախ՝ Ճանապարհային ոստիկանությունը մարդկանց բերման ենթարկելու կամ հետախուզման մեջ գտնվողին հայտնաբերելու գործառույթ չունի: Նրա խնդիրը, որն օրենսդրորեն ամրագրված է, ճանապարհային երթեւեկության կանոնակարգման եւ դրա անվտանգության ապահովումն է՝ ոլորտին տիրապետող մասնագետը կարող է հաստատել: Երկրորդ՝ պետք չէ ուրախանալ կազմված արձանագրությունների մեծ քանակով: Դրանց հետեւում մարդկային ճակատագրեր են: Այն ո՞վ էր, որ անդադար սիրում էր կրկնել, թե ՀՀ քաղաքացին տուգանքի «մատերիալ» չէ: Բա ի՞նչ պատահեց, որ մեկ-երկու տարի անց երբեմնի «հպարտ» քաղաքացին դարձավ տուգանքի «մատերիալ»: Նիստում, բնականաբար, այս կարգի հարցադրումներ չտրվեցին: Փոխարենը գտնվեցին Կառավարության անդամներ՝ նրանց անունները մեծահոգաբար չհնչեցնենք, որոնք չկարողացան դիմակայել գործադիրի ղեկավարին քծնելու գայթակղությանը՝ ընդգծելով, որ նախկինում ոստիկանությունը չէր վայելում հանրության վստահությունը, իսկ այժմ, իբր, վարչապետի «տիտանական ջանքերի շնորհիվ» իրավիճակը շտկվել է՝ «ժողովուրդը վստահում է իր ոստիկանին»:

«Ես ուզում եմ եւս մի այսպիսի աշխատանքային գաղտնիք բացահայտել…»,- ներկաների հետաքրքրությունը մի լավ «բորբոքելուց» հետո Փաշինյանը բացում է «գաղտնիքը». Պարեկային ոստիկանության գործունեության կես տարվա ընթացքում վարչական պատասխանատվության են ենթարկվել բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչը, ըստ նրա, աննախադեպ է Երրորդ հանրապետության ողջ պատմության մեջ: Խոսքն այն մասին է, որ երթեւեկության կանոնները խախտելու համար ոստիկանապետի որդու մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք եւ բաց է թողնվել միայն համապատասխան տուգանքը վճարելուց հետո։ Կառավարության ղեկավարը տեղի ունեցածը համարում է «շատ հիշարժան փաստ»: Բայց նրա ոգեւորությունը անհիմն դուրս եկավ: «Սովորության համաձայն՝ Փաշինյանը ստում է, թե ՀՀ ողջ պատմության ընթացքում ոչ մի դեպք չի եղել, որ բարձր պաշտոնյաները տուգանվեն։ Նախկինում էլ պաշտոնյաները բազմիցս տուգանվել են խախտումների համար»,- Ֆեյսբուքի իր էջում գրում է լրագրող Նաիրի Հոխիկյանը եւ մեկ օրինակ բերում 2015-ին իր հետ պատահած դեպքից, երբ մի մեքենա հետընթացով հարվածել էր իր մեքենայի դիմացի հատվածին՝ պատճառելով մոտ 300 հազար դրամի վնաս։

«Պարզվեց, որ մեքենան պատկանում է Կապի եւ տրանսպորտի այն ժամանակվա նախարար Գագիկ Բեգլարյանին»,- պարզաբանում է Հոխիկյանը՝ շարունակելով իր պատմությունը: Նրա խոսքով՝ ԱՊՊԱ-ն չէր կարող ապացուցված համարել՝ իրե՞ն են հետընթացով հարվածել, թե՞ ինքն է հետեւից հարվածել, ինչից էլ օգտվում էր հակառակ կողմը։ Եվ ՃՈ-ում մոտ 3 ամիս իրականացված փորձաքննությունը, ըստ Հոխիկյանի, ավարտվեց իր օգտին կայացված որոշումով։ «Սիլ ինշուրանսը» նրան փոխհատուցեց 290 հազար դրամ, իսկ ոստիկանությունը բարձրաստիճան պետական պաշտոնյային՝ հանրահայտ «Չյոռնի Գագոյին» տուգանեց 120 հազար դրամով։ «Հասկանում եք, չէ՞, թե ինչ աստիճանի պաթոլոգիկ ստախոս է ՀՀ կառավարության ղեկավարը, որն աղավաղելով փաստերը, երկրի վրա Քրիստոսի ներկայացուցիչ է ձեւանում։ Ասես՝ մինչեւ Նիկոլի գալը Հայաստանում բոլորը խարխափում էին դժոխքում, ինքը եկավ ու հիմնիվեր փոխեց մեր կյանքը։ Չնայած այդ հարցում ինքն իրավացի է։ Մինչեւ իր գալը հայությունը միասնական ազգ էր, մարդիկ սիրում էին իրար։ Եկավ Նեռը, եւ հայ ազգը դարձավ ներքին թշնամանք ունեցող, իրար ատող հանրույթ»,- այսպես է գրառումն ավարտում ճանաչված լրագրողը։

Կա ուշագրավ եւս մեկ ասպեկտ, որին անդրադարձ է եղել գործադիրի հունվարի 20 նիստում: Խոսքը ՊՈ-ի կադրային զինանոցի համալրման եւ, ընդհանրապես, ոլորտում վարվող կադրային քաղաքականության մասին է: Փաշինյանը հպարտանում է, որ ոստիկանության այս նոր ճյուղում աշխատողների 60 տոկոսը նախկինում ոստիկանության հետ ոչ մի առնչություն չի ունեցել: «Մարդիկ քաղաքացիական կյանքից որոշել են գալ ոստիկանություն, եւ այդ գործընթացը շարունակվում է: Կա ուսուցիչ, մարդն ամբողջ կյանքն ուսուցիչ է աշխատել եւ հիմա որոշել է դառնալ պարեկային ոստիկան»,- նշել է նա՝ հավելելով, որ այդ ծառայությունը հիմնականում համալրվում է ոչ նախկին ոստիկաններով: Կառավարության ղեկավարը գտնում է, որ անձնակազմում առնվազն կիսով չափ պետք է լինեն քաղաքացիական անձինք: Թե որն է դրա առավելությունը՝ նա անհոդաբաշխ մի բացատրություն է տալիս, թե այդ դեպքում՝ «ոստիկանության փորձը եւ ոստիկանության հետ շփման փորձը կմիանան, եւ կստանանք քաղաքացիական ոստիկան»: Կարծում եմ՝ դրանից ավելի շուտ կստացվի գիտությանը տակավին անհայտ ինչ-որ սիմբիոզ, քան քաղաքացիական ոստիկան:

Կատակը՝ կատակ, բայց ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը, ինչպես բազմիցս ապացուցվել է, թերագնահատում է ցանկացած ոլորտի հաջողության մեջ կադրային գործոնի դերը կամ նրա պատկերացումն այդ առումով մակերեսային է: Կադրային աշխատանքում նախապատվությունը նա միշտ տալիս է անձնական հավատարմության գործոնին, եւ դա է հիմնական պատճառը, որ ոչ մի բնագավառում Հայաստանի «սայլը տեղից չի շարժվում»: Ոստիկանի ծառայությունը չափազանց պատասխանատու է, որպեսզի «քաղաքացիական կյանքից» ամեն եկողի առջեւ բացես դռները: Մասնագիտական բարձր պատրաստությունից զատ՝ 21-րդ դարի ոստիկանը պետք է օժտված լինի բարոյահոգեբանական առողջ դատողությամբ եւ ունենա քաղաքացիների հետ ճիշտ հաղորդակցվելու ունակություն: Իսկ այն, որ ողջ կյանքն ուսուցիչ աշխատած անձը որոշել է դառնալ ոստիկան՝ ամենեւին էլ լավ կյանքից չէ: Պետությունը պետք է հարգի ուսուցչի աշխատանքը, նրան կարգին վճարի, որպեսզի վերջինս փոխանակ սիրած գործով զբաղվելու, չփնտրի իր նախասիրություններին անհարիր, սակայն բարձր վարձատրվող պատահական աշխատանք:

Երբ աշխատանքում հմտացած, փորձառու ուսուցիչը գնում է ծառայելու ոստիկանությունում, պետությունը կրկնակի վնաս է կրում՝ կորցնում է մի շնորհալի մանկավարժ եւ ձեռք է բերում մի ապաշնորհ ոստիկան:

 Հ.Գ. Այս հոդվածն ընդհուպ մոտ էր վերջաբանին, երբ լուր ստացվեց, որ հունվարի 24-ին մի քանի դիմակավորված ոստիկաններ՝ անհամաչափ ուժ կիրառելով, իր տան մուտքի մոտից բերման են ենթարկել ոստիկանության նախկին աշխատակից, գնդապետ Սայաթ Շիրինյանին եւ ձեռնաշղթաներ հագցրած՝ նստեցրել են մեքենան ու տարել անհայտ ուղղությամբ: Ավելի ուշ պարզվում է, որ հարցաքննության համար գնդապետը տարվել է Մարտունի քաղաքի ոստիկանական բաժանմունք՝ շրջանի Ներքին Գետաշեն գյուղի սրճարանից սրճեփ սարք գողանալու կասկածանքով: Այդ գործով դեռեւս 2021թ. օգոստոսին հարուցվել էր քրեական գործ, կատարվել քննություն, եւ գործը կասեցվել հանցանք կատարած անձի անհայտ լինելու հիմքով: Ինչ-որ մեկը շատ է ցանկացել 5 ամիս առաջ կատարված քրգործը «սաղացնել» Շիրինյանի վրա, որը հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով: Վերջինս ապացուցել է, որ Մարտունիում ինքը վերջին անգամ եղել է 1997-99 թվականներին՝ ոստիկանությունում աշխատելու ժամանակ: Ամենազավեշտալին այս պատմության մեջ նույն օրը ոստիկանությունից քննչական կոմիտե ուղարկված գրությունն է: Մեջբերենք այն նույնությամբ. «Ձեռնարկված օպերատիվ հետախուզական գործողություների արդյունքում պարզվել է, որ սրճեփ սարքը, հնարավոր է, հափշտակված լիներ «Լեքսուս» մակնիշի այսինչ պետհամարանիշի ավտոմեքենայով, որը շահագործվում է Սայաթ Շիրինյանի կողմից»: Այս գրությունը որպես հիմք ընդունելով՝ ոստիկանությունը հայտնի մարդու սիրած դիպաշարով, ում «հոգին փառավորվում է» նման տեսարաններից, բերման է ենթարկում Շիրինյանին: Բայց «ստի ոտքերը կարճ են»: Շուտով ամեն ինչ պարզվում է՝ ծիծաղելի վիճակում դնելով այս անտաղանդ «գործի» անտաղանդ բեմադրիչներին:

 

Գեւորգ Բրուտենց

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.