Tuesday, 26 November 2024

A Analysis

Է՞լ ինչ անի Նիկոլը…

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Կան սոցցանցային հարթակներում ժամանակ առ ժամանակ հանրային ուշադրությանը ներկայացվող թեմաներ, թեզեր, կոլաժավորված տեքստեր, որոնք ունենալով սեղմ, դիպուկ, հուզական, տեղ-տեղ էլ՝ երգիծական կամ ծիծաղաշարժ բովանդակություն, ամենաշատն են արժանանում հավանումների եւ վերօրինակման: Նմանատիպ տեղեկանյութերին կարելի է պայմանականորեն անվանել «թափառող մտքեր»: Կոլաժային այդպիսի «մտքերից» մեկը վերջերս Ֆեյսբուքի էջերից երկար ժամանակ չէր իջնում: Կոլաժը կառուցված էր Նիկոլ Փաշինյանի այն հայտնի արտահայտության հենքին, թե չի վիրավորվում, երբ իրեն թուրք են անվանում:

Կոլաժ ասվածը նրա լուսանկարն էր՝ մի փոքր զարմանքախառն, սարկաստիկ տեսքով, իսկ բերանի ծայրից դեպի վեր ձգվող սլաքով արտահայտված էր իր ինքնախոստովանությունը. «Ժողովո՛ւրդ, էլ ինչ անեմ, որ, ի վերջո, հասկանաք՝ ես թուրք եմ»: Երգիծանքը հասկացանք, կատակը՝ նմանապես, բայց սույն «թափառող միտքը» լրջորեն մտորելու տեղիք է տալիս: Մարդ-արարածն իսկապե՞ս այն է, ինչ կա ծագումնաբանորեն, թե՞ այն, ինչ իրեն զգում է հոգու թելադրանքով, ամեն մի նյարդով ու բջիջով: Այսինքն՝ մենթալ հատկանիշով: Տվյալ դեպքում փաստերը խոսում են մենթալ գործոնի օգտին: Շատ չմտնելով հոգեբանության ու փիլիսոփայության խորխորատները, փորձենք դիտարկել ընդամենը մակերեսի վրա եղած փաստերը, որոնք բավական խոսուն են: Որո՞նք են դրանք.

Փաստ առաջին. Այս մարդը բերանացի ասում է, որ չի վիրավորվում, երբ իրեն թուրք են որակում: Սա կատակ չէ. թուրքի կաղապարում նա կարողանում է հարմարավետ, առանց որեւէ բարդույթի տեղավորվել: Ցեղասպանություն վերապրած հայության՝ մեր պապերի ու նախապապերի սերունդների պարագայում բացառիկ երեւույթ է, որ հայ մարդը չի խորշում իրեն թուրք զգալուց: Այս երկու ժողովուրդների գենետիկ անհամատեղելիության մասին խոսել են գրեթե բոլոր հայ երեւելի դեմքերը՝ մշակույթի եւ արվեստի գործիչները: Թուրքի կերպարն այպանելի է անգամ այլազգի շատ մեծերի համար: Հիշենք Հեմինգուեյին. «Եթե ուզում եք ինձ սպանել՝ անվանեցեք ինձ թուրք, եւ ես ամոթից կմեռնեմ»: Հիշենք Վիկտոր Հյուգոյին. «Այստեղով թուրքեր են անցել, քանզի չորս կողմը սուգ է ու ավեր…»:

Փաստ երկրորդ. Փաշինյանի ու նրա թիմի թրքահաճո դիրքորոշումը հայտնի է դեռեւս «ՔՊ»-ի՝ իշխանության գալու ժամանակվանից: Կառավարող քաղաքական ուժի առանցքային պաշտոնյաները՝ այդ թվում ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, անցած չորսուկես տարում Թուրքիայի հասցեին որեւէ սկզբունքային քննադատություն չեն հնչեցրել՝ չնայած Հայաստանի նկատմամբ վերջինիս բազմիցս դրսեւորած անբարյացակամ, իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ՝ ուղղակի թշնամական վերաբերմունքին: Չարամիտ դրացուց Փաշինյանը լոկ «դրական ազդակներ» է ստանում ու դրանից, կարծես թե, գոհ ու երջանիկ է: Փոխարենը առիթը բաց չի թողնում հյուսիսային հարեւանին, որը մեր ռազմավարական դաշնակիցն է նաեւ, վատաբանելու համար:

Նման առիթներից ամենաթարմը հունվարի 10-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսն էր, որտեղ եւս բանախոսի կողմից բարձրաձայնված մեղադրանքներից մի պատկառելի «փունջ» հասցեագրված էր ռազմավարական դաշնակցին: Ռուսաստանն իր հասանելիք «քոթակի» հերթական բաժինը ստացավ թե՛ Բերձորի միջանցքի, թե՛ ՀԱՊԿ-ի անգործունակության եւ թե՛ ՌԴ խաղաղապահ զորախմբի անարդյունավետ գործունեության թեմաների շրջանակում: Փաշինյանի խոսքով՝ ՀՀ-ում ՌԴ-ի ռազմական ներկայությունը ոչ միայն չի երաշխավորում Հայաստանի անվտանգությունը, այլեւ, որոշակի առումով, սպառնալիքներ է ստեղծում երկրի անվտանգության համար: Թուրքիայի ուղղությամբ, ինչպես միշտ, ոչ մի «թթու» խոսք չեղավ, թեեւ առիթներ՝ որքան ուզեք:

Փաստ երրորդ. Փաշինյանը լռում էր, երբ դարավոր թշնամին 2020թ. պատերազմում բացեիբաց օգնում էր Ադրբեջանին ոչ միայն զենքի ու ահաբեկիչների կանոնավոր մատակարարմամբ, այլեւ ՆԱՏՕ-յական դպրոց անցած ռազմական մասնագետներով: Նա չդատապարտեց անգամ, երբ պատերազմից ամիսներ անց Ալիեւն ու Էրդողանը ստորագրեցին, ըստ էության, ՀՀ տարածքային ամբողջականության հանդեպ ոտնձգության դրույթներ պարունակող Շուշիի հռչակագիրը: Իշխանությունը Շուշիի հանձնման մտադրություն ուներ, որը չէր թաքցնում. Փաշինյանը նախապես նսեմացրեց քաղաք-ամրոցի հարգը՝ հայտարարելով, որ այն դժբախտ, դժգույն քաղաք է, «մեզ պե՞տք է Շուշին»:

Հետո առարկություն չընդունող տոնով, անդադրում պնդում էր, թե Շուշին ադրբեջանական է: Իսկ երբ Շուշին ու Հադրութը տակավին հայկական կողմի վերահսկողության տակ էին, եւ կար պատերազմն ավելի վաղ կանգնեցնելու հնարավորություն, ինչի մասին վկայում է նաեւ ՌԴ նախագահը, չուզեց օգտվել այդպիսի երջանիկ պատեհությունից: Շատերը դա 44-օրյա պատերազմի առեղծվածներից են համարում: Իրականում ոչ մի առեղծված էլ չկա. Փաշինյանը խոր համոզմունք ունի, որ չէր կարող որեւէ կարգավորում լինել, քանի դեռ Ադրբեջանը «չի լուծել» Շուշիի հարցը: «Պատերազմը Շուշիի համար է եղել»,- 2022-ի ապրիլի 14-ին ԱԺ ամբիոնից փակագծերը բացել է Փաշինյանը:

Աներեւակայելի բան է ստացվում. այս ողջ պատերազմի ընթացքում ՀՀ Գերագույն գլխավոր հրամանատարը սեւեռված է եղել մի հարցի վրա՝ երբ է ադրբեջանական զինուժը մտնելու Շուշի, որպեսզի պատերազմը կանգնեցվի: Հոկտեմբերի 18-ին Պուտինը նրան հայտնում է, որ իրեն հաջողվել է համոզել Ալիեւին՝ կանգ առնել եւ նստել բանակցությունների սեղանի շուրջ: Սակայն ՌԴ նախագահի համար շատ անսպասելի՝ Փաշինյանը հրաժարվում է այդ առաջարկից՝ տեղեկանալով, որ ադրբեջանցի փախստականները պիտի վերադարձվեն Շուշի, ընդ որում՝ Արցախի վերահսկողության ներքո: Ալիեւը, ըստ Պուտինի, համաձայնվել է այդ տարբերակին, եւ որքան մեծ է լինում զարմանքը, երբ «հայ գործընկերը» հրաժարվում է՝ այնպես ձեւակերպելով միտքը, որ հայկական կողմի համար այդ առաջարկն ընդունելի չէ:

Փաստ չորրորդ. Թրքասիրության մասով Փաշինյանի աշխարհայացքը խոր կնիք է թողել ՔՊ-ական թիմակիցների եւ աջակիցների հասարակական-քաղաքական ընկալումների, մտածումների ու վարքագծի վրա: Այս պատմույթի (նարատիվ) համատեքստում պետք է դիտարկել իշխող ընտրանու առանցքային շատ դեմքերի մոտեցումներն ու հրապարակային խոսքը, որոնք յուրահատուկ լինելով՝ չեն արտահայտում հասարակության բացարձակ մեծամասնության կարծիքը: Ավելին՝ վիրավորում են հայության ազգային զգացմունքները, բորբոքում փոխադարձ ատելության, թշնամանքի, անհանդուրժողականության մթնոլորտը:

Մի փոքր ավելի մանրամասն կանդրառնանք Փաշինյանի աշխարհայացքային գծերի ցայտուն կրողներից մեկի՝ ԱԺ «ՔՊ»-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի վարքագծին՝ այն դիտարկելով որպես իշխող քաղաքական ուժի ընդհանրական տիպար: Օրեր առաջ News.am-ի հետ զրույցում նա համոզմունք հայտնեց, թե Արցախում միանգամայն հնարավոր է ղարաբաղցիների ու ադրբեջանցիների համատեղ կյանքը: Ասես՝ Ադրբեջանը չէ, որ այս պահի դրությամբ Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը արդեն 50 օր պահում է արգելափակված, իսկ գազն ու հոսանքը՝ անջատված: Հետո նույն ոգով խոսեց Թուրքիայի մասին՝ հայտարարելով, թե Թուրքիան Հայաստանին երբեք չի սպառնացել:

Տպավորություն էր, թե խոսողը ոչ այլ ոք է, եթե ոչ թուրք կամ ադրբեջանցի: Փաշինյանից ներշնչված՝ նա պնդում է, որ ՀՀ-ում ռուսական ռազմական ներկայությունը «ոչ թե Հայաստանը պաշտպանելուն ուղղված գործողություն է, այլ՝ Թուրքիայի դեմ սպառնալիք»: Իսկ ավելի վաղ ՀՀ իշխանությունները «նպատակահարմար չէին համարել» եւ հրաժարվել էին ՀԱՊԿ-ի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու շահեկան առաջարկից, ինչ է թե՝ դա կարող է Թուրքիայի դեմ որպես սպառնալիք դիտվել: Մինչդեռ նույն Թուրքիան այդ օրերին Ադրբեջանի հետ համատեղ Կարսում՝ Հայաստանի քթի տակ, լայնածավալ զորավարժանքներ էր անցկացնում՝ բնավ չմտածելով, որ Հայաստանի համար դա կարող է սպառնալիք լինել:

Հետաքրքիր է, որ Արսենյանը Թուրքիայի կողմից սպառնալիք չի համարում, երբ Էրդողանը բաց տեքստով հայտարարում էր, թե «հայերը մեր սրի մնացորդներն են», որոնց մաքրել է պետք: Կամ երբ 44-օրյա պատերազմից հետո Բաքվի զորահանդեսին (այդ ժամանակ՝ իբրեւ ռազմական ավար, հրապարակով անցնում էր ՀՀ-ից գրավված զինտեխնիկայի շարասյունը) Էրդողանն ասաց՝ «հիմա Էնվեր փաշայի հոգին փառավորվեց»: Իսկ Արսենյանն ուզում է մեզ հավատացնել, որ ռուսական ներկայության չեզոքացման դեպքում «Հայաստանը Թուրքիայի համար վերածվելու է պարզապես «կողքի հարեւանի», ինչպես Վրաստանի եւ Իրանի համար է»: Նման մեծ մոլորություն կամ խեղված տեսլական դժվար է պատկերացնել:

Էլ ավելի խեղված են Արցախյան հիմնախնդրի մասին Արսենյանի պատկերացումները: Ահավասիկ՝ «Արցախի հակամարտությունը մոտ 30 տարի գտնվում էր տաք կամ սառը փուլում, դրանով զբաղվում էր Մինսկի խումբը, բայց այն չլուծվեց բանակցությունների սեղանի շուրջ: Հարցը լուծվեց ռազմական ճանապարհով… եւ հիմա Արցախի երկայնքով կանգնած են ադրբեջանական զորամիավորումները: Արցախի հարց կոչվածը («կոչվա՞ծը»-Գ.Բ.) լուծվել է ինքը (լուծվե՞լ է-Գ.Բ.): Էն մնացածը, ինչի մասին խոսում ենք, տեխնիկական պրոցես է (գուցե ինքնորոշման հա՞րց է-Գ.Բ.), որը որ կընթանա: Էդ տեխնիկական պրոցեսի ընթացքում քննարկումներ կլինեն՝ Արցախի հայ ներկայացուցիչների եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ… Մնացած բոլոր սցենարները՝ դա նշանակում է Արցախի հայաթափում»,- ասել է Արսենյանը:

Ահա այսպիսի պարզունակ նկարագրություն: Գրեթե վստահ եմ, որ իրավիճակը ճիշտ նույնկերպ կնկարագրեր Ադրբեջանի նախագահը եւ, ինչու չէ, նաեւ ՀՀ վարչապետը: Չկա որեւէ հիշատակում ո՛չ Արցախյան շարժման, ո՛չ ինքնորոշման իրավունքի, ո՛չ տեւական պայքարի ու պատերազմների, ո՛չ բանակցությունների, ո՛չ «Մադրիդյան սկզբունքների» մասին, որոնք բավական մոտեցրել էին կարգավորման արցախանպաստ հանգրվանը: Եվ եթե 2018-ին իշխանության չգար ՀՀ հետանկախական շրջանի բոլոր իշխանություններից ամենավատթարն ու ամենաանձեռնհասը, Հայաստանն այս չորսուկես տարում չէր տեսնի այսքան չարիք, կորուստ ու արհավիրք, որ մեր գլխին սարքեց թուրքը: Ավա՜ղ…

Հիմա Նիկոլ Փաշինյանն ասում է, որ չի վիրավորվում, երբ իրեն «թուրք» են անվանում: Տարակուսելի է, բայց՝ փաստ: Հայաստանում իշխանության գլուխ անցած անձին տարբեր բացասական պիտակներ են կպցնում՝ «կապիտուլյանտ», «հողատու», «դավաճան» եւ, իհարկե, «թուրք»: Միայն այս վերջինից է, որ նա, ինչպես խոստովանում է, չի նեղսրտում: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ: Իսկ միգուցե իսկապե՞ս… մենք բանից խաբար չենք:

 

Գեւորգ Բրուտենց

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.