ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ «Նախեւառաջ՝ Ամերիկան» նախընտրական կարգախոսը ենթադրում էր, որ նրա ընտրության դեպքում Միացյալ Նահանգները աստիճանաբար դադարելու է հանդես գալ համաշխարհային «հրշեջի» դերում՝ վերաձեւելով իր արտաքին քաղաքական առաջնահերթություններն ու ԱՄՆ-ի պաշտպանական, ֆինանսական, մարդկային պաշարամիջոցները, քաղաքական եւ աշխարհաքաղաքական ազդեցությունն ուղղելու է բացառապես դեպի ամերիկյան շահերը, այլ ոչ թե սպասարկելու է համաշխարհային քաղաքականությանը կամ առանձին պետությունների շահերը։
Ըստ այդմ, ԱՄՆ-ին հասցեագրված ավտորիտար պետությունների ղեկավարների՝ «ժողովրդավարության արտահանում» մեղադրանքները նվազելու էին, քանի որ ԱՄՆ շահերից եւ նախապատվություններից դուրս էր գալու այլ երկրների ժողովրդավարության աջակցությունը։ Սակայն Թրամփին հատուկ վտանգավոր անկանխաատեսելիությունը երկար չսպասեցրեց, եւ իր ընտրության այս մեկ տարվա ընթացքում Թրափը սկսեց ոչ միայն ԱՄՆ ֆինանսական ռեսուրսների վերաբաշխումն ու վերաուղղումը դեպի ԱՄՆ, այլեւ կտրուկ շրջադարձեր կատարեց նաեւ արտաքին քաղաքականության եւ անվտանգության ոլորտներում։
Իրեն աշխարհի «խաղաղության աղավնի» հռչակող Թրափը նախ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը վերանվանեց Պատերազմի նախարարություն, ապաեւ պատերազմ սկսեց Եվրոպայի դեմ՝ կազմաքանդելով հավաքական Արեւմուտքը։ Այստեղ, իհարկե, կարելի է հասկանալ Թրափին այն առումով, որ Եվրամիությունը տասնամյակներ շարունակ իր անվտանգությունը պայմանավորել է հիմնականում ԱՄՆ-ով՝ լինելով ԱՄՆ-ի հետ անվտանգության նույն համակարգում՝ ՆԱՏՕ-ում, ուր հիմնական դերակատարումը ԵՄ-ը վերագրել էր ԱՄՆ-ին։ Սակայն Թրամփը Թրամփ չէր լինի, եթե կանգ առներ։
Ու նրա հավակնությունները՝ ներխուժել Գրենլանդիա, այն միացնել ԱՄՆ-ին կամ գնել այն Դանիայից, վկայում են, որ Թրամփը սխալ է հասկացել նախ իր իսկ կարգախոսը, բայց որ ավելի կարեւոր է՝ ԱՄՆ հիմնադիր հայրերի գաղափարախոսությունը, ԱՄՆ հիմնադիր արժեքները՝ իրավունքների հարգման եւ պաշտպանման առումով։ ԵՄ երկրներին սպառնալով մաքսատուրքերի 10 տոկոս բարձրացմամբ՝ Գրենլանդիայի հարցում իրեն չաջակցելու դեպքում, Թրամփը ոչ միայն կազմաքանդում է հավաքական Արեւմուտքը՝ տնտեսական պատերազմ հայտարարելով նրան, այլեւ կազմաքանդում է միջազգային իրավունքը, որը թեպետ վաղուց է դադարել միջազգային հարաբերություններում առաջնահերթություն լինելուց, սակայն չի դարձել համաշխարհային քաղաքականության արգելակ, ինչպիսին է հիմա Թարմփի վարչակարգի համար։
ԱՄՆ տարբեր ժամանակաշրջանների նախագահներ իրավունքի եւ ազատության պաշտպանությունն աշխարհում հռչակել են քաղաքական առաջնահերթություններ, ԱՄՆ-ի հիմնադիր արժեքներից բխող քաղաքական ուղեգիծ, որը նաեւ կոշտ դիմադրության է հանդիպել բռնապետությունների կողմից։ Միացյալ Նահանգները Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմների մեջ մտավ նաեւ այդ իրավունքները պաշտպանելու համար։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում՝ վերանայելով չեզոքության ուղեգիծը, ԱՄՆ-ը հայտարարեց Անտանտի երկրների կազմում պատերազմի մեջ իր ներգրավվելու մասին:
Նախագահ Վիլսոնը ուղերձով դիմեց ամերիկացիներին՝ հայտարարելով. «Նժարի վրա է քաղաքակրթության բախտը: Իրավունքն ավելի արժեքավոր է, քան խաղաղությունը, եւ մենք պետք է կռվենք իրավունքի համար, ինչը միշտ մեր սրտում է, ժողովրդավարության եւ այն մարդկանց իրավունքների համար, որոնք իրենց կառավարություններում ձայն ունենալու իրավունքով են օժտված, փոքր ժողովուրդների իրավունքների ու ազատության, իրավունքի համընդհանուր տիրապետության` ազատ ժողովուրդների այնպիսի ներդաշնակության համար, որը կբերի խաղաղություն, ապահովություն եւ աշխարհն ինքնին ազատ կդարձնի»:
Արդեն 21-րդ դարում Կանադայի, ապա Գրենլանդիայի հանդեպ Թրամփի աննահանջ վարքագիծը վկայում է, որ ԱՄՆ գործող նախագահը Միացյալ Նահանգները չի ընկալում որպես ժողովրդավարության համաշխարհային միջնաբերդ, այլ փորձում է փոխակերպել, ԱՄՆ-ը վերածել կայսրության՝ դրանից բխող քաղաքականությամբ, ներխուժել, նվաճել այլ երկրներ, հպատակեցնել ժողովուրդներին։ Բայց Միացյալ Նահանգները չի եղել եւ չի կարող լինել կայսրություն, աշխարհում նրա առաքելությունն այլ է. այն դրված է ԱՄՆ Անկախության հռչկագրի եւ Սահմանադրության հիմքում։
Եվ եթե ԱՄՆ-ը հրաժարվի հիմնադիր արժեքներից եւ քաղաքականությունից, ապա դրանով աշխարհում կփլուզվի ոչ թե պարզապես գործող աշխարհակարգը, այլ իրավունքների եւ ազատության պաշտպանությունը՝ այն, ինչ պետք է կազմեր միջազգային հարաբերությունների առանցքը։ Սակայն միայն Գրենլանդիան չէ խնդիրը. Թրամփի՝ Նոբելյան մրցանակ ստանալու եւ ԱՄՆ պատմության մեջ որպես ամերիկյան տարածքներն ընդարձակող նախագահ մնալու անթաքույց փառատենչությունը դառնում է սպառնալիք համաշխարհային անվտանգության համար։
Պետք է ընդունել, որ դեմոկրատների՝ նախորդ կառավարման ժամանակահատվածում ԱՄՆ-ն այնքան ծանր դրության մեջ էր հայտնվել, որ սխալների կուտակումը դարձել էր իրական սպառնալիք ԱՄՆ-ի հզորությանը։ Եվ դեմոկրատների սխալներն ուղղելը կարեւոր է թե՛ ԱՄՆ-ի, թե՛ համաշխարհային քաղաքականության համար։ Սակայն Թրամփը ոչ այնքան սխալներն է ուղղում, որքան դրանք ուղղելիս միջազգային հարաբերությունների համար նոր մարտահրավերներ է ստեղծում։ Թրամփը, կարծես թե, առաջնորդվում է վայրի կապիտալիզմի ժամանակ գործող բիզնեսմենի հոգեբանությամբ։
Մինչեռ՝ «Հիմնադիր հայրերը ստեղծել են այնպիսի համակարգ, որում կառավարությունը բավական ուժեղ է, որ կարողանա պաշտպանել ժողովուրդների իրավունքները, բայց ոչ այնքան ուժեղ, որ վտանգ ներկայացնի այդ իրավունքների համար»,- ընդգծել է ԱՄՆ նախկին նախագահ Ռիչարդ Նիքսոնը։ Դոնալդ Թրամփը դառնում է իրական վտանգ հենց այդ իրավունքների համար։ ԱՄՆ-ը պետք է մնա հզոր, սակայն ԱՄՆ-ը չի հիմնադրվել որպես կայսրություն եւ չի կարող դառնալ կայսրություն։
Թրամփը խեղաթյուրված է ընկալել ոչ միայն իր իսկ քաղաքական կարգախոսը, այլեւ ամերիկյան գործոնի դերն ու նշանակությունը համաշխարհային քաղաքականության մեջ:
Թրամփը կա՛մ կվերանայի իր վտանգավոր նախաձեռնությունները, կա՛մ ստիպված կլինի վերանայել:
Նարինե Մկրտչյան

