Tuesday, 26 November 2024

A Analysis

Սահմանադրական փոփոխությունների հրամայականը

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Քաղաքական զարթոնքի 2018 թվականը իրավական եւ ժողովրդավարական պետություն կառուցելու մեկնակետը դարձավ։ Այսօր Հայաստանում արդեն լիարժեքորեն ձեւավորվել են օրենսդիր եւ գործադիր իշխանությունները եւ, թվում է, ոչ մի խոչընդոտ չկա քաղաքական բարեփոխումների հետագա ընթացքն ապահովելու համար: Սակայն երկիրը բախվել է բարեփոխումների հետագա օրակարգը որոշելու լրջագույն խնդրին։ Հատկապես արտախորհրդարանական ընդդիմադիր միավորները խոսում են հնարավորինս շուտ սահմանադրական փոփոխությունների գործընթաց սկսելու անհրաժեշտության մասին։

Ի տարբերություն ընդդիմության, գործող վարչախումբն այդ հարցում չի շտապում էական տեղաշարժերի գնալ։ Հայտարարվել է, որ կան առանձին հարցեր, որոնք հետագայում ենթակա են սահմանադրական նոր կարգավորումների։ Սակայն այդ կարեւորագույն հարցի նկատմամբ բարձրաստիճան պաշտոնյաների արտահայտած վերաբերմունքից պարզ է դառնում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը (հետեւաբար՝ նաեւ նրա թիմը) ցանկություն չունի նախաձեռնել սահմանադրական փոփոխությունների գործընթաց։ «Դեռ ժամանակը չէ»,- սա է ներկայիս վարչակարգի դիրքորոշումը։

Դրա փոխարեն վարչակարգը խոսում է դատական իշխանության բարեփոխումների, պետական կառավարման մեջ վարչապետին ենթակա պետական մարմինների՝ խորհրդարանի առջեւ հաշվետվողականության բարձրացման, կառավարության կառուցվածքի օպտիմալացման եւ նմանատիպ այլ օրակարգերի մասին։ Անշուշտ, դրանք եւս կարեւոր հարցեր են։ Սակայն պետք է ընդունել նաեւ, որ վարչապետի կողմից սահմանադրական փոփոխությունների գործընթաց նախաձեռնելու պարագայում՝ լինեն դրանք 2, 3 կամ 5 տարուց հետո, մենք կամա-ակամա զբաղվելու ենք դատական համակարգի, իշխանության ճյուղերի հավասարակշռումների ու փոխզսպումների մեխանիզմների ներդրման, պետական ապարատի կառուցվածքի եւ հարակից այլ հարցերով։ Արդյո՞ք տրամաբանված ու արդյունավետ է երկու-երեք տարվա կտրվածքով պետական ողջ մեքենան կրկին նույն խնդիրների լուծմանը ծառայեցնելը։ Ի՞նչն է պատճառը, որ նոր վարչակազմը «սուպերվարչապետական» այս խարխուլ տան պատերը կառուցում է, առանց նրա հիմքը դնելու՝ այն դեպքում, երբ ինքը եւս ընդունում է, որ «նոր տուն» կառուցել մենք, այնուամենայնիվ, ստիպված ենք լինելու։

Սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտ են օդ ու ջրի պես։ Նման բան պնդելու համար կան բազում պատճառներ։ Սակայն մենք կնշենք այն չորս հիմնական պատճառները, որոնք ուղղակիորեն պարտադիր են դարձնում սահմանադրական բարեփոխումները։

Առաջին պատճառը ներկայիս Սահմանադրության կեղծված ու ոչ լեգիտիմ լինելն է: Այս հանգամանքն անընդհատ քաղաքական խնդիրներ է ստեղծում եւ չի թողնում, որ պետությունը քաղաքականապես կայանա ու զարգանա։

Երկրորդ՝ ներկա Սահմանադրությունը բովանդակային առումով կեղծիքների, հակասությունների, սխալների մի խճճված կծիկ է։ Այն դանդաղ գործողության ական է՝ դրված պետության տակ։ Այս մասին մասնագետներն առավելապես նախընտրում են լռել, քանի որ խոսքը մի քանի աննշան սխալների մասին չէ, այլ բացթողումների մի մեծ շարանի, որից գլուխ հանելն այդքան էլ հեշտ չէ։ Մասնագետների լռության մյուս պատճառն այն է, որ Հայաստանում ճանաչված սահմանադրագետների մի մասը նախկինում ընդգրկված է եղել սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում, եւ նրանց ձեռնոց նետել՝ նորերը կարծես թե դեռ պատրաստ չեն։

Երրորդ՝ ներկայիս Սահմանադրությունը սուպերվարչապետական կառավարման մոդել է՝ ստեղծված Սերժ Սարգսյանի՝ երրորդ ժամկետով պետությունը ղեկավարելու համար։ Այսպիսով, ոչ լեգիտիմ, կեղծիքներով ու անճշտություններով լինելուց զատ, այն մեկ անձի «հագով կարված» Սահմանադրություն է։ Այսուհետ, ով էլ լինի երկրի վարչապետը, Հիմնական օրենքը ծառայելու է նույն նպատակներին, ինչի համար նախագծվել էր տարիներ առաջ։

Եվ, վերջապես, չորրորդ պատճառը պետության կառավարման մոդելի ընտրության խնդիրն է։ Քանի որ ներկայիս Սահմանադրությունը հատուկ մեկ անձի չափսերով էր պատրաստվել, ընդ որում՝ ստի ու կեղծիքի գնալու ներքին շարժառիթներով, հետեւաբար տվյալ քաղաքական պահի նպատակահարմարությունից ելնելով՝ ընտրվել է խորհրդարանական կառավարման մոդելը։ Ուստի այժմ, երբ խոսում ենք սուպերվարչապետական համակարգի վերացման մասին՝ բնավ չի նշանակում գործը հասցնել-թողնել ճանապարհի կեսին, այսինքն՝ վարչապետությունից կտրել միայն նրա գերկենտրոնացվածության՝ «սուպերության» թեւը: Խնդիրն իրականում պետության ու ժողովրդի համար առավել օպտիմալ, ընկալելի, գործունակ, արդյունավետ եւ ժողովրդավարական կառավարման մոդելի ընտրությունն է։ Տողերիս հեղինակի կարծիքով՝ դա ամենեւին էլ խորհրդարանական կառավարման ձեւը չէ։

Պառլամենտարիզմի խոր արմատներ ու մշակույթ չունեցող խորհրդարանական հանրապետություններում իշխանությունների տարանջատումը հաճախ ձեւական բնույթ է կրում: Պառլամենտական հանրապետությունում խորհրդարանը՝ ի դեմս պատգամավորական մեծամասնության, իրականում ենթարկվում է կառավարության ղեկավարին, որը սովորաբար նաեւ կառավարող կուսակցության ղեկավարն է: Պետության նախագահը քաղաքացիների կողմից ուղղակի մանդատ չստանալու, փոխարենը՝ խորհրդարանի կողմից ընտրվելու պարագայում, խորհրդանշական դերակատարում է ունենում եւ առավելապես վարչապետի խամաճիկն է լինում՝ այս կամ այն որոշման կամ նշանակման տակ ստորագրություններ դնելով։ Պետք է նաեւ նշել, որ խորհրդարանական հանրապետությունը կայացել է գլխավորապես զարգացած, ինքնակառավարվող տնտեսություն եւ կայուն քաղաքական համակարգ ունեցող երկրներում, որպիսին Հայաստանը չէ: Խորհրդարանական կառավարման մշակույթ չունեցող, թույլ տնտեսությամբ երկրներում ընտրություններում մեկ կուսակցության որակյալ մեծամասնությամբ հաղթանակի դեպքում պառլամենտարիզմը վերածվում է ֆարսի:

Ահա այն կռվանները, որոնք վերստին համոզում են՝ ավելի կարեւոր օրակարգ, քան սահմանադրության փոփոխությունների գործընթացի նախաձեռնումն է, այսօր Հայաստանը չունի։ Այդ խնդրի շուրջ է, ամենից առաջ, հարկավոր կենտրոնացնել քաղաքական ուժերի ուշադրությունը, մասնագիտական լայն քննարկումների ծավալումը, ինչը թույլ կտա խոսել ներկա քաղաքական համակարգի առողջացման մասին։ Թվում է՝ օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ձեւավորումից հետո մեր երկիրն ավարտել է քաղաքական կայուն համակարգի կառուցումը։ Սակայն դա շատ թյուր կարծիք է։ Քանի դեռ Հայաստանում չեն գործում քաղաքական տեղաշարժերից զերծ, ինքնաբավ, գործառնական տեսանկյունից հստակ սահմանազատված, իրենց պատասխանատվության աստիճանը գիտակցող պետական ինստիտուտները, չի կարող լինել կայուն քաղաքական համակարգ։ Մի թեթեւ ցնցում, եւ սուպերվարչապետական համակարգը նորից ճաք կտա՝ ճգնաժամի առջեւ կանգնեցնելով մեր պետությանը։

 

Սարո Սարոյան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.