Ադրբեջանցի տխրահռչակ «բնապահպանների» խումբն ինչո՞ւ չի հեռանում Բերձորի միջանցքից, ինչպե՞ս դրա փակմանը նպաստեց իշխանության սխալ քաղաքականությունը, Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը բացելու ի՞նչ ուղիներ ու իրավական գործիքակազմեր կան, թե՞ սպառված են խնդրի հանգուցալուծման բոլոր միջոցները։ Այս հարցերը քննարկելու համար ԱԺ «Հայաստան» խմբակցությունը փետրվարի 3-ին՝ Արցախի շրջափակման 54-րդ օրը, նախաձեռնել էր Բերձորի միջանցքի փակման թեմայով խորհրդարանական լսումներ՝ մասնակցությամբ ընդդիմադիր խմբակցությունների, արտախորհրդարանական ուժերի, փորձագետների, մտավորականների, հանրային հատվածի ներկայացուցիչների:
Միջոցառմանը ներկա էր ընդամենը մեկ իշխանական պատգամավոր՝ այն էլ, ինչպես հետո պարզվեց, հատուկ ուղարկված էր լսարանում այս իշխանության բնույթին հարիր «շոու» ցուցադրելու, քննարկման մասնակիցներին օրակարգային թեմայից շեղելու եւ, եթե բախտը ժպտա, քննարկումը տապալելու նպատակով: Այդ անձը ոչ անհայտ Գուրգեն Արսենյանն էր: «Հայացքի» այս տարվա 3-րդ թողարկման հրապարակումներից մեկում հարեւանցիորեն անդրադարձել էինք նրա քաղաքական վարքագծին, մասնավորապես՝ թուրքասիրական էությանը, որը պարզ երեւում է նրա վերջին շրջանի արտահայտություններից ու մտքերից: Իսկ Արսենյանի բերանով իշխանությունն է խոսում:
Ի՞նչ է ասում Արսենյանի «բերանն» ընդհանրապես: Առարկություն չընդունող տոնով նա հանրությանն ուզում է համոզել, որ Թուրքիան Հայաստանի համար սպառնալիք չէ, եւ այդ երկրի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու, սահմանները բացելու դեպքում երջանկությունն ուղղակի կհորդա մեր՝ «կողքի հարեւանի» տները: Նույն բարյացակամ վերաբերմունքն է տածում նաեւ Ադրբեջանի նկատմամբ եւ վստահ է, որ ղարաբաղցիների ու ադրբեջանցիների համատեղ կյանքն Արցախում լիովին հնարավոր է: Ավելին, ըստ նրա՝ ««Արցախի հարց կոչվածը» հիմա լուծվել է, մնում է կարգավորել մի քանի տեխնիկական խնդիրներ»: Շատ հակիրճ՝ սա է Գուրգեն Արսենյանի տեսակետը:
Հիմա այդ մարդը դահլիճում հանգիստ նստած՝ լսում է Արցախին ու արցախցիներին սպառնացող վտանգների մասին ելույթները եւ ձայն չի հանում։ Բայց նրա հոգեկան անդորրը խաթարվեց, հենց որ ելույթների «կարմիր թելը» հասավ իշխանափոխության հրամայականի մասին եզրահանգումներին: Այդժամ նա բորբոքված վեր կացավ տեղից, մոտեցավ ամբիոնին ու կշտամբանքներ տեղաց ընդդիմախոսների վրա. «Ինչի՞ մասին եք խոսում, արա, էս ի՞նչ սպառնալիքներ եք ուղղում գործող իշխանությանը՝ օրինական իշխանությանը։ Դուք տե՞ր եք ձեր սպառնալիքներին, արա…»,- եւ այդպես շարունակ:
Դահլիճից հնչեցին մի քանի համարժեք արձագանքներ, եւ լեզվակռիվն ավելի թեժացավ ու իշխանափոխության խոսույթից սահուն կերպով անցավ շուրջ երկու ամիս պաշարման մեջ գտնվող Արցախի թեմային: Ըստ երեւույթին, իշխանական պատգամավորի համար այս թեման եւս տհաճներից է. նրան հունից հանում էր մանավանդ 120 հազար արցախցիների ծանր վիճակի մասին հաճախադեպ հիշատակումը: «Անընդհատ՝ 120 հազար Ղարաբաղի բնակիչներ… մենք պատասխանատու ենք Հայաստանի 3 միլիոն բնակիչների համար, Հայաստանի համար»,- երկրի թիվ մեկ ամբիոնից հայտարարեց նա՝ թերեւս չգիտակցելով իր խոսքի վտանգավորությունը:
Փաստորեն բաց տեքստով՝ ի լուր Բաքվի եւ ողջ աշխարհի, նա խոստովանեց, որ ՀՀ-ն մտադիր չէ «իր» 3 միլիոն հայերին վտանգի ենթարկել Արցախի 120 հազար բնակիչների համար, բայց պատրաստ է 120 հազար ազգակիցներին, ըստ էության, «փուռը տալ»՝ սեփական իշխանությունն անառիկ պահելու համար: Եվ դա Արսենյանը մատուցեց առկա խնդիրների առաջնահերթության տրամաբանության «սոուսով»: Նման տրամաբանությունն այլ անուն, քան սրբապղծություն, չունի: Գործարար պատգամավորի պնդմամբ՝ «Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը բխում է Հայաստանի ազգային շահերից, իսկ այ, ԱԺ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության նախաձեռնությունը, ըստ նրա, հակասում է Հայաստանի պետական շահերին:
Իշխանությանը եւ «Հայաստանի պետական շահերը» պաշտպանելուց հետո Գուրգեն Արսենյանը լքեց դահլիճն ու «իր գործն» ավարտին հասցրածի ինքնագոհությամբ քայլեց դեպի «ՔՊ» խմբակցության ղեկավարի աշխատասենյակ: Պարզ է, թե որն է նրա «գործը»՝ ատամներով պաշտպանել այն իշխանությանը, որի անլրջմիտ գործողություններն են հանգեցրել ներկայիս իրավիճակին, երբ ամեն օր Հայաստանի ու Արցախի շուրջ թուրք-ադրբեջանական աքցանը սեղմվում է: Լսումներում ընդդիմադիրների ելույթներն այս սպառնալիքի մասին ազդարարող համազգային տագնապի կոչնակ էին հնչեցնում, իսկ Արսենյանն այդ կոչնակի ղողանջների տակ միավորներ էր հավաքում:
Իշխանության նախաձեռնած սադրանքը, ըստ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, որը նախագահում էր այդ օրվա նիստը, ցույց տվեց իշխող համակարգի իրական դեմքը։ Նրա խոսքով՝ գործող իշխանության դեմքը մեծամասամբ արդեն հայտնի է, մասամբ էլ՝ դեռ թաքնված հասարակությունից։ «Կարծում եմ՝ Արսենյանի նկատմամբ կիրառված «երեսփոխան» բառը ամենահաջողն ու համապատասխանն է»,- ասում է Օհանյանը՝ հավանաբար ակնարկելով նրա քաղաքական «սկզբունքափոխության» վատահամբավ անցյալը, երբ հանուն փողի ու պաշտոնի՝ հեզաբար ծառայում էր նախկին բոլոր իշխանություններին: Սերժի իշխանավարման տարիներին նույնիսկ ԱԺ երկու գումարման ընտրություններում՝ 2012 եւ 2017 թվականներին խորհրդարան էր մտել ԲՀԿ-ի համամասնական ցուցակով:
Այժմ նույն եռանդով ծառայում է Արցախն ու ՀՀ-ն զոհասեղանին դրած ներկա հայրենուրաց իշխանությանը, իսկ նախկին «տերերի» կամ, իր խոսքով, «վռնդվածների» վրա մատ է թափ տալիս՝ հոխորտալով. «Ձեզ թվում է, թե դուք տրիբունալի մասնակի՞ց եք, ո՞վ եք, արա, դուք։ Ձեր դատավճիռը տվել է ժողովուրդը։ Ղարաբաղյան հարցի շահարկումը Հայաստանում իշխանության գալու հնարավորություն չի տալու ձեզ, դա մոռացեք, Հայաստանում իշխանության կարող եք գալ միայն այն դեպքում, երբ ՀՀ ժողովուրդը ձեզ կտա այդ մանդատը, դա միակ ձեւն է»,- դաս է տալիս Արսենյանը:
«Ժողովրդից ստացած մանդատի» չարաշահումը իշխանության «ֆեյք» հաղթաթղթերից մեկն է, որ տեղի-անտեղի օգտագործվում է: Իրականում 2021-ի հունիսին ՔՊ-ին մանդատ է տվել ոչ թե ժողովուրդը, այլ նրա մի փոքր մասը՝ քվեարկության իրավունք ունեցող 2 մլն 574 հազար 916 քաղաքացիներից ընդամենը 680 հազարը, որն ընտրողների ընդհանուր թվի շուրջ քառորդ մասն է: Եթե նկատի ունենանք ընտրությունների ժամանակ լայնորեն կիրառված վարչական ռեսուրսների, ընտրակեղծիքների գործիքակազմը, ինչի մասին եղել են բազմաթիվ վկայություններ, քվեարկության փաստացի արդյունքը շատ ավելի համեստ թիվ կկազմի՝ հասնելով լավագույն դեպքում 15-20 տոկոսի: Բայց սա այլ թեմա է:
Վերադառնանք փետրվարի 3-ին տեղի ունեցած խորհրդարանական լսումների թեմային եւ փորձենք ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնության համատեքստում հասկանալ իշխանության եւ ընդդիմության սկզբունքային տարաձայնությունները: Ո՞րն է Արցախի վերաբերյալ կողմերից յուրաքանչյուրի տեսլականը: Իշխանությունը համարում է, որ՝ ա/ պետք է հանձնել Արցախը, որպեսզի փրկել Հայաստանը. մենք չենք կարող հանուն Արցախի՝ վտանգի ենթարկել երեք միլիոն հայերին. բ/ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը բխում է ՀՀ ազգային շահերից, ուստիեւ պետք է գնալ այդ ճանապարհով. գ/ Բերձորի միջանցքը ՌԴ խաղաղապահների վերահսկողության ու պատասխանատվության գոտին է, եւ ՀՀ-ն դրան միջամտելու իրավասություն չունի։
Ընդդիմության թեզերը. ա/ Հայաստանը կտրուկ դեմ է արցախյան խնդրի ցանկացած լուծման, որն անտեսում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ միջազգային ճանաչման հեռանկարները. բ/ պետք է աշխարհին հստակ ուղերձ հղել առ այն, որ Հայաստանը շարունակելու է պայքարը ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար. գ/ Հայաստանը պետք է անհապաղ ճանաչի ԼՂ անկախությունը, ինչն անվերապահորեն ենթադրում է իշխանափոխություն. դ/ ՀՀ որեւէ իշխանություն իրավունք չունի միջազգային բոլոր իրավական նորմերի պահպանմամբ կազմավորված պետությունը հանձնել երրորդ կողմի. դա հակասահմանադրական է. ե/ ազգ-բանակ հասկացության վերականգնումը հրամայական պահանջ է:
Ակնհայտ է, որ իշխանության եւ ընդդիմության մոտեցումների միջեւ, պատկերավոր ասած, սար ու ձորեր կան: Իրավիճակի ծայրահեղորեն տարբեր ընկալումներ, որոնք հատման կետ չունեն: Կողմերից առաջինն ընտրել է հանձնվողական ճանապարհը, երկրորդը՝ պայքարի ուղին: Իշխանությունն իր թիմով Արցախի լուծումը տեսնում է Ադրբեջանի կազմում, իսկ ընդդիմությունը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման համատեքստում: Սա միջազգայնորեն ընդունված մի կարգավորում է, որի սկիզբը հայկական կողմը դրել էր դեռ ԼՂ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած առաջին պատերազմի (1991-94 թթ.) շրջանում եւ դրա լիիրավությունը ձեռք բերել եռամյա պատերազմում տարած փայլուն հաղթանակով:
Շուրջ երեք տասնամյակ ԼՂՀ-ի կարգավորման բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում անցել է քաղաքական-դիվանագիտական տեղատվությունների ու մակընթացությունների դժվարին ճանապարհ՝ հասնելով բավական արգասավոր մի փուլի, որից հետո ընդամենը մեկ վճռական քայլ էր մնում միջազգայնորեն երաշխավորված հանրաքվեով սեփական ճակատագիրը տնօրինելու համար: Բայց վրա հասավ 2018-ի տխրահռչակ իշխանափոխությունը՝ «ուսապարկերի» բերած «զրո» կետով, եւ դրանից բխող համատարած աղետներով՝ պատերազմով ու պարտությամբ, մահերով ու կորուստներով՝ այդ թվում՝ Արցախի:
Գուրգեն Արսենյանն այս ամենին քաջատեղյակ է: Մտավոր կարողության առումով նրան ՔՊ-ական «ուսապարկերի» հետ չես համեմատի: Լավ է հասկանում, որ այս իշխանության օրերը հաշված են: Հետեւաբար փետրվարի 7-ի ճեպազրույցը, երբ ԱԺ միջանցքներում նրան «կալմեջ» էին արել լրագրողները, լավ առիթ էր՝ «սրբագրելու» համար 4 օր առաջ արցախյան թեմայով «Հայաստան» խմբակցության կազմակերպած խորհրդարանական լսումներում իր հնչեցրած ոչ կոռեկտ հայտարարությունները: Հարցերին պատասխանելիս՝ նա քանիցս շեշտում էր, թե պաշտպանում է ՀՀ պետական շահերը: Ըստ էության, ջանում էր մեղմել Արցախի հասցեին իր կոշտ գնահատականների տպավորությունը՝ ի՞նչ իմանաս, թե վաղն ով կարող է գալ իշխանության:
Իրականում Արսենյանին միայն իր եւ իր ընտանիքի շահն է հետաքրքրում, բիզնեսի շահը, որը նրա համար վեր է ամեն ինչից՝ ե՛ւ իշխանությունից, ե՛ւ Արցախից, ե՛ւ պետությունից ու հայրենիքի: Վառ ապացույցը նրա ողջ գիտակցական կյանքն է:
Գեւորգ Բրուտենց